Օգոստոսի 2-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Տավուշի մարզկենտրոն Իջևանում պաշտոնապես բացեց իր նոր ուսումնական և ռեսուրսային կենտրոնը։ Ինչպես նախկինում տեղեկացրել էինք ՊՀԾ-ի աջակցությամբ Տավուշի մարզում հիմնվել է ամբողջահատիկ ցորենի ալրաղաց՝ արեւային կայանով: Տավուշի 75 դպրոցների շուրջ 7100 դպրոցականներ հնարավորություն է ստացել փոխարինել սպիտակ ցորենից պատրաստված հացամթերքը ավելի սննդարար եւ առողջ ամբողջահատիկ հացով: Ուսուցման և ռեսուրսային կենտրոնի բացման արարողության մասնակիցները շրջայց կատարեցին կենտրոնում, որից հետո տեղի ունեցավ ամբողջահատիկից հացամթերքի պատրաստման վարպետության դաս եւ համտես:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Տավուշի մարզպետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ ուսումնական և ռեսուրսային կենտրոնը ստեղծվել է «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրի շրջանակում, որի մեկնարկը տրվել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին՝ տեղի ֆերմերների կողմից ամբողջահատիկ ցորենի ցանքով և շարունակվել Տավուշի մարզում ամբողջահատիկի արժեշղթայի երկայնքով իրականացված միկրոներդրումներով: Ներդրումները կատարվել են ամբողջահատիկ ցորենի ալրաղաց հիմնելու համար, որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում և ամբողջահատիկով է ապահովում Տավուշի դպրոցները և հացաբուլկեղենի արտադրամասները։
Միևնույն ժամանակ, ՊՀԾ-ն ներդրումներ է կատարել հացաբուլկեղենի փոքր արտադրամասերում՝ նրանց և դպրոցներին տրամադրելով սարքավորումներ, արևային կայաններ և անցկացրել ամբողջահատիկ հացի թխման ոլորտի դասընթացներ: ՊՀԾ-ն օգնել է մատակարարներին՝ կապելով նրանց շուկային, աջակցելով բրենդինգի և փաթեթավորման գործընթացին, և Իջևանում հատուկ ուսումնական և ռեսուրսային կենտրոն հիմնելով։ Հավելենք, որ ուսումնական և ռեսուրսային կենտրոնը ստեղծվել է ամբողջահատիկով նոր բաղադրատոմսեր ստեղծելու հնարավորությունները պահպանելու և ամբողջահատիկով թխել սովորեցնելու ու թխված տեսականին վաճառելու նպատակով։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ