Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան. Ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել. ԱՆ փորձագիտական կենտրոնի՝ ողջամտության բոլոր սահմանները հատող անգործությունը՝ որպես արդար դատաքննության իրավունքի խախտման պատճառ

Օգոստոս 03,2022 11:31

ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ողջամտության բոլոր սահմանները հատող անգործությունը՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման պատճառ

ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) անգործության վերաբերյալ բազմիցս բարձրաձայնվել է թե՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, թե անհատ քաղաքացիների կողմից, որոնցից շարունակ ստացել եմ համապատասխան ահազանգեր՝ մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննությունների կատարման ժամկետները անհիմն ձգձգելու վերաբերյալ։ Շատ են բողոքները, որ տարիներ շարունակ դատարաններում գործերի վարույթները կասեցվում են հենց փորձաքննությունների կատարման ժամկետները ձգձգելու հետևանքով։

ՊՈԱԿ-ի կողմից ցուցաբերված հերթական անգործության հետքերով բացահայտել եմ մի դեպք, երբ ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով հենց այն պատճառաբանությամբ, որ ՊՈԱԿ-ը շուրջ 3 տարի 8 ամիս փորձաքննություն չի իրականացրել ու գործի նյութերը դատարանին է վերադարձրել առանց փորձաքննություն իրականացնելու։ Ավելին, ՊՈԱԿ-ից տեղեկացել եմ, որ հիշատակված գործով դեռևս 2017 թվականին նշանակված դատատեսաձայնագրային և կրկնակի դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննությունը նախատեսվում էր ավարտել 2022թ․ երկրորդ եռամսյակում, այսինքն՝ 4 տարի 8 ամիս անց։ Արդյունքում, բացի այն, որ ինձ դիմած քաղաքացի Մ․Ս-ի ընտանիքը զրկվել է սիրելի հորից, դատական գործի անհարկի ձգձգումները՝ պայմանավորված փորձաքննությունների կատարման ժամկետների ակնհայտ խախտմամբ, բերել են նաև այն բանին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ազատվել է քրեական պատասխանատվությունից, և նրա մեղավորության հարցն առհասարակ քննության չի առնվել։

ՊՈԱԿ-ի անգործությունն իրականում շատ մտահոգիչ է և ենթակա է լուծման հենց դատական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում, քանի որ արդարադատության իրականացումն ու դատական վարույթի ողջ ընթացքը թե՛ քրեական և թե՛ քաղաքացիական գործերով պայմանավորված է նաև դատավարությանը օժանդակող այլ մարմինների անխափան ու պատշաճ աշխատանքով, և հենց այդ անխափան աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում է, որ կապահովվի դատական համակարգի հեղինակության բարձրացումը, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ իրացումը։

Այսպես․ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է մարդու կարևորագույն իրավունքներից մեկի՝ արդարացի դատական քննության իրավունքի իրականացման երաշխիքները, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք: Հատկանշական է, որ անձի որոշ իրավունքների պաշտպանությունը քրեական դատավարությունում նույնպես իրականացվում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների իրականացման համատեքստում։ Դրանք հենց այն դեպքերն են, երբ խախտվում են անձի /զոհի-տուժողի/՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները, այսինքն՝ տուժողը կամ նրա իրավահաջորդը իրենց պատճառված վնասի հատուցման համար կարող են օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված քաղաքացիական իրավունքների և պարտականությունների պաշտպանության ինստիտուտից։

Ի պատասխան իմ գրությանը՝ ՀՀ արդարադատության նախարարից ստացել եմ տեղեկություն առ այն, որ իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցը անհիմն ձգձգել է տվյալ փորձաքննության կատարումը և դրա կատարման նկատմամբ իրականացրել է ոչ պատշաճ վերահսկողություն: Վերջինիս կողմից չեն կատարվել աշխատանքային պարտականությունները կամ դրանց նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերվել: Վերջինս նշված փորձաքննության ընթացքում թույլ է տվել Կենտրոնի տնօրենի 2006 թվականի մարտի 15-ի թիվ 29-Ն որոշումով հաստատված «Դատական փորձաքննությունների կատարման կազմակերպելու» կարգի 24-րդ կետով նախատեսված ժամկետների խախտում. ինչպես նաև չի պահպանել նույն կարգի 32-րդ կետով սահմանված՝ փորձաքննությունների կատարման հերթականության կանոնները: Վերը նկարագրված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հանգամանքի հիման վրա աշխատակցի նկատմամբ 14.07.2022 թվականին կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազին ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, քանի որ առկա է մտավախություն առ այն, որ թե հիշյալ գործով, թե առհասարակ, ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննությունների կատարումը անհիմն ձգձգելը կարող է պարունակել նաև կոռուպցիոն տարրեր։

ՊՈԱԿ-ի գործունեությանը վերաբերող խնդիրներին անդրադարձել էի նաև ամիսներ առաջ Հանձնաժողովի նիստի ժամանակ՝ համապատասխան հարց ուղղելով ՀՀ արդարադատության նախարարին։ Մասնավորապես նախարարին էի հասցրել կոռուպցիայի վերաբերյալ ահազանգ, բարձրաձայնել, որ կան փորձագետներ, որոնք փորձագիտական կենտրոնում աշխատում են, նաև մասնավոր փորձագիտական ծառայություններ մատուցում, ասել է թե՝ պետության միջոցներով բիզնես են դրել։ Նախարարը կարևորեց իմ բարձրաձայնումը, ըստ էության համարեց այն կոռուպցիայի տեսակ և նշեց, որ նման կոռուպցիոն երևույթները պետք է լինեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Նախարարը հավելեց, որ հիմա հավաստիացնում են իրենց, որ այլևս ոչ մի փորձագետ այդ շահերի բախումով կոռուպցիայի մեջ թաթախված չէ։

Ցավոք, առ այսօր ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվել, քանզի տեսանելի արդյունքներ, ցավոք, չենք կարողանում արձանագրել։

ՊՈԱԿ-ի գործունեությունն ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, հետևաբար իմ իրավասությունների սահմաններում այսուհետ ՊՈԱԿ-ի գործունեությունն իմ խոշորացույցի տակ է լինելու։ Հետևողական եմ լինելու դեռ ամիսներ առաջ իմ կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման գործընթացին։

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031