Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի հետ մեր հարաբերություններում ու հատկապես Ռուսաստանի հետ մեր շփումներում արժանապատվությունը շատ կարևոր հանգամանք է. Գեղամ Բաղդասարյան. «Անալիտիկոն»

Օգոստոս 03,2022 10:24

Օրերս հետաքրքրությամբ հետևում էի ընդդիմադիր հայացքների տեր երկու արցախցի հասարակական-քաղաքական գործիչների ֆեյսբուքյան բանավեճին։ Տարբեր մոտեցումներով հանդերձ՝ երկուսն էլ կարևորում էին երկրի ու, մասնավորապես, իշխանությունների արժանապատիվ կեցվածքի անհրաժեշտությունը ներկայիս բարդ իրավիճակում։

Նման բանավեճի ու դիսկուրսի կարիքը շատ մեծ է ներկայիս Արցախում։ Ինչ խոսք, ոչ ոք էլ պատրանքներ չունի, որ արտաքին-քաղաքական ոլորտում իշխանությունների սկզբունքային ու երկրի դավանած (հանրահռչակած) արժեքների վրա խարսխված դիրքորոշումը միանգամից լուծելու է մեր ժողովրդի առջև ծառացած ծանր մարտահրավերները։ Բայց կա այն ընկալումը, որ դա, ամեն դեպքում, շանս է՝ ելք գտնելու տխուր իրականությունից։ Եւ որ երկրի բարի համբավը, առաջադեմ ու կանխատեսելի պահվածքը նույնպես ռեսուրս է, ավելին՝ անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս։ Ինքներս մեզ այսպիսի շանս տալով՝ դրանով իսկ շանս կտանք մեր հնարավոր դաշնակիցներին ու բարեկամներին։ Անգամ այս ծանր պայմաններում հնարավոր է պահպանել սեփական դեմքը, հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարել, հետամուտ լինել սեփական շահերին, այլ ոչ թե սպասարկել այլոց շահերը։

Այս առումով հատկապես կարևոր են Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները։ Ու ոչ միայն այն պատճառով, որ արտաքին աշխարհի հետ Արցախի շփումները ներկայիս պայմաններում խիստ սահմանափակ են, այլև այն պարզ պատճառով, որ հենց Ռուսաստանի հետ հարաբերություններում է խիստ կարևոր մեր դեմքը պահպանելը, քանի որ այդ հարաբերություններում մենք կորցնում ենք մեր սուբյեկտության վերջին փշրանքները։ Եւ այստեղ ծանր իրավիճակն ու այսօրվա տխուր իրողությունները քիչ կապ ունեն, ուստի ամենևին էլ արդարացված չէ մարդկանց այն ճարահատ հարցը, թե բա այս պայմաններում մենք ուրիշ ի՞նչ կարող ենք անել։

Տարբեր առիթներով այս կամ այն երկրին կամ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը երկակի ստանդարտների մեջ մեղադրելուն սովոր մեր իշխանություններն ու հանրությունը չեն էլ նկատում, թե ինչպես են որդեգրում նույն՝ երկակի ստանդարտները։ Ու դարձյալ՝ այսօրվա ծանր իրավիճակը դրա գլխավոր պատճառը չէ։ Պարզապես մտաբերեք, թե Արցախի իշխանություններն ինչպես են վերաբերվել մի դեպքում՝ միջազգային հանրության մի զգալի մասի կողմից Կոսովոյի ճանաչմանը և մյուս կողմից՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ Ղրիմում անկախության հանրաքվեի անցկացմանը։ Հիշում եք՝ առաջինի պարագայում, մեղմ ասած, զուսպ արձագանք էր, իսկ երկրորդի դեպքում Ստեփանակերտի գլխավոր հրապարակում տոնական համերգ էր։

Նույն վերաբերմունքը շարունակվում է այսօր։

Արցախում, ռուսաստանյան խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ամեն մի նոր միջադեպից ու ադրբեջանական հերթական սադրանքից հետո արցախյան և ընդհանրապես հայկական պաշտոնական ու ոչ պաշտոնական արձագանքներում մի միտք միշտ կարմիր թելի պես անցնում է։ Դա հետևյալն է՝ ադրբեջանական կողմը փորձում է հեղինակազրկել կամ վարկաբեկել ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունն Արցախում։

Օրինակներ շատ կարելի է բերել։ Ահա սոսկ մեկը։ Շուշիի մերձակայքում անցած տարվա նոյեմբերի 8-ի ադրբեջանական ահաբեկչությանն անդրադառնալով՝ Արցախի նախագահն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է. «Ադրբեջանի բացահայտ ահաբեկչության թիրախում Արցախի Հանրապետության քաղաքացիներն էին, ինչպես նաև՝ ՌԴ խաղաղապահները. նպատակը խուճապային տրամադրություններ սերմանել Արցախում ապրողներիս շրջանում և, իհարկե, փորձել հեղինակազրկել ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը»։

Ապա, խոսելով բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված ջանքերի մասին, նա անդրադարձել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությանը ու  «մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել խաղաղապահ զորակազմին, հրամանատարությանը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»:

Մեջբերման վերջին նախադասությունը նույնպես խորհրդանշական է։ Որտեղ խիստ մտահոգությունը խաղաղապահների վարկանիշի կապակցությամբ, այնտեղ էլ անմիջապես շնորհակալությունը ռուսաստանյան կողմին և անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Ամենատարբեր հայտարարություններում ու զանազան ձևաչափերով հանդիպումներում ու քննարկումներում բուռն երախտագիտության զեղումները վաղուց արդեն հեգնանքի կամ վշտակցության առիթ են տալիս։ Բարեկամները դրության մեջ են մտնում ու մտովի ցավակցում, իսկ ոչ բարեկամները պարզապես ծիծաղում են մեզ վրա։

Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հեղինակությամբ հայկական իշխանությունների խիստ մտահոգությունն ու ադրբեջանական սադրանքները որպես այդ առաքելության վարկաբեկման փորձ գնահատելը լուրջ չեն ընկալվում ոչ մի տեղ։ Եվ մի պարզ պատճառով՝ ռուսներն իրենք այդպես չեն գնահատում, այդպիսի որակում չեն տալիս։ Հիմա ի՞նչ է ստացվում՝ մենք նրանցից ավելի լա՞վ ենք հասկանում իրենց հեղինակության կարևորությունը։ Պապից ավելի կաթոլիկ կամ, տվյալ դեպքում, ռուսից ավելի ռուս լինելու ցանկությունը, մեղմ ասած, հարգանքի չի արժանանում աշխարհում։ Ու չի էլ կարող արժանանալ, քանի որ դա հարգանքի չի արժանանում նույնիսկ ռուսների կողմից։ Ավելին՝ նրանք դա ընկալում են որպես հակամարտության մեջ իրենց անմիջականորեն ներքաշելու և ադրբեջանական կողմի դեմ տրամադրելու փորձ։

Աշխարհի հետ մեր հարաբերություններում ու հատկապես Ռուսաստանի հետ մեր շփումներում արժանապատվությունը շատ կարևոր հանգամանք է։ Այնպես է ստացվել, որ մեր նկատմամբ աշխարհի հարգանքը կախված է Ռուսաստանի հետ մեր արժանապատիվ հարաբերություններից։

Մեր արժանապատիվ կեցվածքը կարող է նպաստել մեր նկատմամբ հարգալից վերաբերմունքին, վերջինս էլ՝ աջակիցների ու դաշնակիցների ավելացման կամ եղածների լրացուցիչ մոտիվացման, արդյունքում՝ մեր անվտանգության ամրապնդման։

Իսկ դա կարող է լինել միայն մի պարագայում՝ եթե բուն Արցախում արժանապատիվ լինեն նաև իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները, ինչի արդյունքում իշխանության ղեկին կհայտնվեն արժանավորները, ու կհաստատվի մերիտոկրատիա՝ արժանավորների իշխանություն։ Միայն արժանավորները կարող են արժանապատիվ արտաքին քաղաքականություն վարել։ Միայն սեփական ժողովրդի վերահսկողության տակ գտնվող իշխանությունները կարող են չվերահսկվել ուրիշների կողմից։

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Անալիտիկոն»-ի գլխավոր խմբագիր

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» հանդեսում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031