Այսօր, ս.թ. օգոստոսի 3-ին, ժամը 10:00 տեղի կունենա «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննության շարունակությունը, որը մեկնարկել էր հուլիսի 26-ից: Նիստը նշանակալի է այն առումով, որ օրակարգը ներառելու է նաև խափանման միջոցի հարցը: Չալաբյանի հանրային պաշտպանական խումբն այդ առիթով հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով դատավարության շուրջ վերջին զարգացումները։ Հաղորդագրությունում մասնավորապես անդրադարձ է կատարվել պաշտպանական կողմի ծավալուն միջնորդությանը` դատական նիստը հետաձգելու և մեղադրական եզրակացությունը ՀՀ քրեական դատավարության 202-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորեցման պահանջով հանրային մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմը մեղադրական եզրակացությունում արձանագրել է առնվազն 11 նշանակալի խախտումներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի հանգամանքներում, սակայն դատարանը հրաժարվեց վերականգնել օբյեկտիվ դատաքննության համար նյութերը:
«Ցանկացած պահի իշխանությունների քաղաքական հակառակորդներին հետապնդելու «անբեկանելի» հեղինակություն վայելող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախ հրաժարվեց հետ ուղարկել ՀՀ դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացությունները, որը կազմված էր օրենքի աղաղակող խախտումներով, ընդգծված միտում ունենալով թաքցնել և սքողել նախաքննության ընթացքում Ավետիք Չալաբյանի անմեղության վերաբերյալ ձեռք բերված բոլոր ապացույցները»,-ասված է դատաքննության վերաբերյալ հանրային պաշտպանության թիմի արձագանքում, որը նիստը որակել է որպես «իշխանությունների կողմից բեմադրված աբսուրդի թատրոնի, Կաֆկայի «Դատավարության» լավագույն ավանդույթներով»։
Նշենք, որ դատաքննության ժամանակ դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտարարել, թեև Ավետիք Չալաբյանի պաշտպանները և Չալաբյանը ներկայացրեցին բացարկի այնպիսի հիմնավորումներ, որոնք բավարար էին ոչ միայն բացարկի, այլև դատավորի հրաժարականի համար ընդհանրապես՝ ներառյալ քաղաքական ենթատեքստով մի շարք գործերով ընդգծված ապօրինի որոշումների կայացումը, որոնք հետագայում բեկանվել են ավելի բարձր ատյաններում կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ավելին, դատաքննության ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց գերազանցել իրավական աբսուրդի բոլոր նախադեպերը և Ավետիք Չալաբյանին հանրային պաշտպան պարտադրեց, այն պայմաններում, երբ նրա պաշտպանությունը իրականացնում է «Ֆիդելիս» հեղինակավոր իրավաբանական ընկերությունը, Ավետիք Չալաբյանը հրաժարվեց հանրային պաշտպանից, և նույնիսկ դատարանի կողմից ներգրավված հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը խնդրեց իրեն ազատել այդ անհեթեթ պարտականությունից։
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունները, չհաշտվելով նրա հետ, որ Ավետիք Չալաբյանը օրենքի ուժով հայտնվել է ազատության մեջ, իսկ բաց դատալսումների յուրաքանչյուր նիստ ավելի և ավելի ակնհայտ է դարձնում նրան ներկայացված մեղադրանքի ողջ անհեթեթությունը, շտապում են օր առաջ նորից ապօրինի ազատազրկել նրան, դրանով շարուանկելով նրա հետ սկսած հաշվեհարդարաը։ Նոր ընդունված քրեադատավարական օրենսգրքով, խափանման միջոցի հարցը քննարկվում է վերը նշած հարցերից հետո, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հայաստանի իրավական պրակտիկայում աննախադեպ շտապողականություն է ցուցաբերում՝ պրակտիկորեն ամեն օր նիստ նշանակելով և փորձելով ամեն գնով կատարել վերևից իջեցված պատվերը»,-ասված է հանրային պաշտպանության խմբի հայտարարությունում:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ աբսուրդի թատրոնը ծավալվում է ուղիղ եթերում, դատական նիստերի լեփ-լեցուն դահլիճում` հանրային հեղինակություն վայելող Չալաբյանի ազատության համար երախշավորներ հանդիսացող նախկին փոխվարչապեը Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի, ինչպես նաև մեկ տասնյակ հասարակական քաղաքական գործիչների ներկայությամբ, այդ թվում նաև Սոնա Կոշեցյան («Այբ» hիմնադրամ), Արմեն Խաչիկյան («Արար» հիմնադրամ), Վարդան Մարաշլյան («Վերադարձ Հայաստան» hիմնադրամ), Տեր Մեսրոպ քահանա Արամյան («Այբ» դպրոցի համահիմնադիր), Գևորգ Դանիելյան (Արդարադատության նախկին նախարար), Աննա Կոստանյան (նախկին պատգամավոր), Էլինար Վարդանյան (պատգամավոր), Էդգար Ղազարյան (նախկին դեսպան), Մենուա Սողոմոնյան (պատմական գիտությունների թեկնածու), Արսեն Գրիգորյան (երաժիշտ), Վահե Հովհաննիսյան (ԵՊՀ ամբիոնի վարիչ), Ռուբեն Կարապետյան, Վահե Հովհաննիսյան և այլք:
Չալաբյանի պաշտպանական թիմը վճռական է շարունակելու իր պայքարը՝ Ավետիքի ազատության և լիարժեք արդարացման համար։ Հայտարարությունում նշվում է,- «Մենք գիտակցում ենք, որ այս պայքարը մղվում է ոչ այնքան Ավետիքի անձի, որքան մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար և վճռական ենք մեր բոլոր համախոհների, բոլոր նվիրյալ հայորդիների հետ այն շարունակելու մինչև վերջնական հաղթանակ»:
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։