Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չունի նախագիծ

Օգոստոս 03,2022 14:00

Եվ դա է ներկայիս ծանր վիճակի պատճառներից մեկը

Ինչի՞ շնորհիվ Խորհրդային Միությունը հաղթեց նացիստական Գերմանիային: Խորհրդային եւ մասամբ՝ ժամանակակից ռուսաստանյան պատմագիտությունը մեզ համոզում է, որ գաղտնիքը Ստալինի ռազմական հանճարի մեջ էր: Խորհրդային եւ ռուսական, պայմանականորեն ասած, ազատական շրջանակներում կարծիք կա, որ հաղթանակի գրավականն այն էր, որ Ստալինը մարդկային կյանքեր չէր խնայում հաջողության հասնելու համար: Դա, իհարկե, ճիշտ է, բայց, իմ կարծիքով, բավարար չէ պատերազմում հաղթելու համար: Կա հաղթանակի, այսպես ասած, հումանիստական բացատրությունը, ըստ որի, գերմանացիները եկել էին զավթելու ուրիշների երկրները, իսկ խորհրդային մարդիկ պաշտպանում էին իրենց հողը: Դա նույնպես ճիշտ, բայց ոչ՝ բավարար բացատրություն է: Եթե այն «ծածկեր» բոլոր պատճառները, ապա կստացվեր, որ, օրինակ, ֆրանսիացիներն իրենց հողն ավելի քիչ էին սիրում, քան մեր պապերը, ինչն ակնհայտորեն անարդար կլիներ մյուս ազգերի նկատմամբ:

Ըստ երեւույթին՝ հիմնական բացատրությունն այն է, որ, չնայած ստալինյան բռնաճնշումներին, «Գուլագին» եւ միլիոնավոր մարդկանց ոչնչացմանը, խորհրդային մարդիկ հավատում էին այն նախագծին, որի հիմքը դրվել էր 1917 թվականին: Հիմա մենք կարող ենք ասել, որ այդ գաղափարներն ուտոպիստական էին եւ անիրագործելի: Շատ հնարավոր է, բայց փաստն այն է, որ միլիոնավոր մարդիկ այն ժամանակ վստահ էին, որ իրենք առաջադեմ երկրի ներկայացուցիչներ են, որոնք նոր դռներ են բացում մարդկության առաջ: (Ուրիշ հարց, որ այդ հավատը 1960-70-ական թվականներին հետզհետե մարեց): Երրորդ ռայխը, ինչպես եւ ժամանակակից ռուս կայսրապաշտների Երրորդ Հռոմը արքայիկ, դեպի անցյալն ուղղված գաղափարներ են, «վերականգնենք մեր կորցրած փառքը»՝ նեղացած մարդկանց կեցվածքի շրջանակներում: Կոմունիստական նախագիծը, ճիշտ հակառակը, ուղղված էր ապագային եւ, կարելի է ասել, այդ իմաստով մոդեռնիստական էր: Եվ 1941 թվականին այդ նախագիծը, անկախ նրանից, թե որքանով էր իրատեսական, ընդունելի էր խորհրդային մարդկանց մեծ մասի համար: Մի խոսքով՝ պատերազմում հաղթում է այն հասարակությունը, որը համամիտ է իր պետության ներկայացրած տեսլականին եւ այն հեռանկարային է համարում:

Նման նախագծեր իրականացնելու համար, ըստ քաղաքագետների, պետք է գոյություն ունենա հասարակական երեք տիպի համաձայնություն (կոնսենսուս). 1/ Տվյալ հասարակության անցյալի վերաբերյալ, 2/ Զարգացման առաջարկվող նպատակների վերաբերյալ, 3 / Իշխող ուժի խաղի կանոնների վերաբերյալ: Եկեք այդ տեսանկյունից դիտարկենք ժամանակակից Հայաստանը:

Մեր անցյալի վերաբերյալ համաձայնություն չկա: Մեր երկիրը երբեւէ գլխավորած չորս ղեկավարների կողմնակիցներն իրենց առաջնորդների ժամանակաշրջանը ներկայացնում են որպես երկնային դրախտ, իսկ մնացած ժամանակահատվածները՝ որպես խայտառակ ձախողումների շարան: Իհարկե, այդ խոսույթին առաջին հերթին նպաստում է ներկայիս իշխանությունը, որը ցանկացած քննադատությանը պատասխանում է «անցյալի սարսափների» մասին պատմություններով: Բայց հասարակության մնացած ակտիվ հատվածները նույնպես կողմնորոշված են դեպի անցյալը՝ բացահայտորեն կամ թաքուն կերպով երազելով, որ «այն երանելի ժամանակները» վերադառնան: Կարծում եմ, իդեալական կլիներ, եթե գոյություն ունենար հեղինակավոր ինտելեկտուալների մի խումբ, որը, չունենալով քաղաքական որեւէ շահագրգռվածություն, փորձեր ձեւակերպեր, թե ինչ է իրականում տեղի ունեցել այս երեսուն տարում: Բայց նման խումբ չկա, իսկ եթե անգամ լիներ, քաղաքականացված խմբակներն այդ մարդկանց եւ նրանց ասածները կվարկաբեկեին:

Զարգացման առաջարկվող նպատակների վերաբերյալ նույնպես կոնսենսուս չկա: Իրականում այս հարցում իրավիճակն ավելի վատն է: Այդ նպատակների մասին խոսակցություն, բանավեճ անգամ չկա: Մենք ուզում ենք լինել «ժողովրդավար, բարգավաճ պետություն՝ 5 մլն բնակչությամբ, ուժեղ բանակով, լավագույն հետախուզությամբ եւ ֆուտբոլի չեմպիոն հավաքականով»՝ դա նպատակ չէ, դա ցանկություն է, որին ոչ ոք, կարծես թե, դեմ չէ, բայց այդ ամենի նախադրյալներն այսօր բացարձակապես չեն երեւում: Ասել, որ մենք տասը տարվա ընթացքում բացելու ենք եւս ութ բուհ եւ ունենալու ենք ակադեմիական քաղաք՝ այն պարագայում, երբ գործող բուհերի տեղերը համալրված են կիսով չափ, իսկ դպրոցները հազարավոր ուսուցիչների կարիք ունեն, նշանակում է պարզապես օդ ցնցել՝ անպատասխանատու խոսակցություններով: Զարգացման ուղիների վերաբերյալ կոնսենսուս չկա, որովհետեւ դրանք ոչ ոք չի առաջարկում, եւ հասարակությունն էլ դա չի պահանջում:

Իշխանության խաղի կանոնների մասին համաձայնություն նույնպես չկա: Այստեղ հակադրվում են երկու կարծիքներ՝ 1/ Փաշինյանը դավաճան է եւ թուրքական գործակալ 2/ Մեր պանծալի վարչապետն ինչ անում է, լավ է անում: Դա ուղիղ ճանապարհ է՝ իշխանության կամայականությունների համար:

Այսպիսով, Հայաստանը չունի նախագիծ, որն ընդունելի կլիներ հասարակության մեծամասնության համար: Միայն առաջին հայացքից է թվում, որ նման նախագիծը պակաս կարեւոր է, քան բայրաքթարները:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նախագծի բացակայությունը նույնպես նախագիծ է, ստրատեգիա: Նախագծի փոխարինումը սիրուն նախադասությունների հավաքածոյով մարտավարություն է:
    Այո, Հայաստանը չունի նախագիծ: Իսկ ինչո՞ւ չունի: Եվ ի՞նչ է պետք անել:

    Այո, սովետական մարդիկ 1940-ականներին շարունակում էին հավատալ 1917-ի հռչակված նախագծին: Բայց ինչու սովետը սկսեց քանդվել 40 տարի անց, 80-ականներից սկսած: Որովհետև 1917-ի նախագիծը խմորվել էր շատ խելացի ուղեղներում, որոնք նախատեսել էին այն որպես ավելի ընդլայնված նախագծի համար և այսպես շարունակ դարեր ընդառաջ: Եվ նկատի չունեին, տակավին ռուս մարդու կյանքի լավացման խնդիրը:

    Արդեն մեկ դարից ավել, հայի սիրտը կրում է 1915-ի ցեղասպանության սպին ու չի լուծվում: Եվ չունենալ նախագիծ, մինչդեռ 70 տարի խաղաղ ապրելու պայմաններում տալ մի գումարտակ աննման անձանց, պարզապես գերշռայլություն է: Սա ինձ հիշեցնում է այն տարօրինակ փաստը, որ անցած դարի սկզբին հայ գերհարուստները մատը մատի չտվին ազգի ապագան որոշող ծրագրեր նախագծելու ուղղությամբ: Պուպուշածրին օտարների կյանքը, բայց հայանպաստ, ամուր հանգույցներով համակարգեր չստեղծեցին:

    Ես գիտեմ, որ նախագիծ կա: Բայց այն չի կպչում մեծ ազգերի շահերին: Սա է խնդիրը:

    նիկոլական իշխանությունը կատարյալ գործ է անում իր աննախագիծ կառավարումով: Կրկնեմ, որ նախագիծ չունենալը նույնպես նախագիծ է: Դուք ճիշտ եք նշում, որ սիրուն նախադասությունների կույտը չի կազմում նախագիծ: նիկոլականները ոչ էլ մտադիր են (էին) ճգնել, նախագիծ պատրաստել` ոչ խելացի մարդ ունեն իրենց շարքերում, ոչ էլ իրենց պատվիրատուն է թույլ տալիս: Իրենցից ակնկալվող միակ բանը դա Հայաստանի կատարյալ փլուզումն է` պետականության բոլոր սյուների:

    Այս հոդվածը, այս պահին ունի 2 “հավանել”, իսկ ա.թորոսյանի “խաղաղություն/պատերազմ” manifesto-ն ունի 469 “հավանել”: Սա ինչի՞ մասին է խոսում:

    Եթե մեր մեջ դեռ կան մարդիկ որոնք ի վիճակի են մասնագիտորեն նախագծել Հայաստանի ապագայի հիմնավորված քարտեզը ու թվարկեն անհրաժեշտ ռեսուրսները, այ դա ելքի սկիզբ կլինի:

  2. Nimar says:

    Իմ կարծիքով, սահմանադրությունը պարունակում է երկրի զարգացման նախագծի հիմնական, ամենակարեւոր դրույթները։ Մնացած ամեն ինչը, այդ թվում՝ քաղաքական միավորումների և կուսակցությունների գաղափարախոսությունը, ածանցյալ է և վերաբերում է հռչակված նպատակներին հասնելու մեթոդներին, մարտավարությանը, տեմպերին և առաջնահերթություններին։ Իմ ընկալմամբ՝ Հայաստանի նման երկրի համար այս նպատակներին հասնելը շատ երկար ու դժվարին ճանապարհ է։ Սահմանադրության դրույթները իրական իմաստով լցնելը տասնամյակների խնդիր է։ Այս նպատակների մասշտաբների համեմատ՝ մեր պատերազմները, համաճարակները, «հեղափոխությունները», «հեղաշրջումները» մեծ պատմության փոքր դրվագներ են։
    Նախագծի հարցադրումն ինքնին, իմ կարծիքով, մարդկանց զուտ հոգեբանական խնդիրն է՝ դա ինչ-որ վեհ նպատակի ծառայությամբ կյանքը լցնելու ցանկություն է։ Մարդկային առումով սա հասկանալի է ու լավ։ Այնուամենայնիվ, որեւէ մեկը նման նախագիծ ձեւակերպե՞լ է, օրինակ Ռումինիայում, Բուլղարիայում, Լատվիայում կամ, ասենք, Սլովենիայում։ Համենայնդեպս ես նման բանի մասին չեմ լսել կամ կարդացել։ Չեմ բացառում, որ նախագծի հարցի ձևակերպումը բավականին տեսական է և ենթադրական։ Իհարկե, նման բան կարելի է ձեւակերպել թեզերի տեսքով, բայց նպատակները, ի վերջո, նույնն են լինելու, ինչ արդեն սահմանադրությամբ ձեւակերպվածները։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031