Լրահոս
Օրվա լրահոսը

Մտերիմ խոսք նիդերլանդաբնակ Մասիս Աբրահամյանին

Օգոստոս 02,2022 23:11

Հարգելի Մասիս, ցավում եմ, որ Ձեր և Ձեր սիրասուն աղջկա` Սիւնէ Աբրահամյանի մուտքը դեպի Հայաստան արգելվել է․ ծանոթ չեմ արգելման օրենքին և որոշման, նայելով Ձեր գրություններին ու ելույթներին կարող եմ ենթադրություններ անել․ հուսամ դա ժամկետային արգելք լինի և Ձեզ դարձյալ Հայաստանում տեսնենք։ Ես էլ Ձեզ նման ծնվել և մեծացել եմ Սփյուռքում և հասկանում եմ Ձեր ապրումները․ ընդունեք, որ Սփյուռքի մեր հայեցի դաստիարակության հիմքում Հոգևոր Հզոր Հայաստանն է եղել՝ ռոմանտիզմով պարուրված, որը խիստ անհրաժեշտ է եղել հայրենասեր սերունդ դաստիարակելու, բայց ոչ պետություն ներկայացնելու և ղեկավարելու համար։

Վստահ եմ Դուք էլ ինձ նման, յուրաքանչյուր երիտասարդական ճամբարի ժամանակ հետևելով մեր մեծ հեղափոխական Ռուբեն Տեր-Մինասյանի օրինակին, ոտաբոբիկ քայլել եք Սուրբ Թադեի վանքի շրջակայքում. ապա մեզ երևակայել ենք նոր Գևորգ Չավուշներ ու Աղբյուր Սերոբներ, որոնք զենք-զինամթերք պետք է փոխադրեին Արևմտյան Հայաստան և ներշնչվել ենք այդ ապրումներով:

Հետո հայրենադարձվել ենք․ այստեղ բախվել ենք այլ իրականության, գոնե ես համոզվել եմ, որ երբեմնի հզոր Հայաստանից մնացել է Խորհրդային Հայաստան կոչվող մասունքը, որն այո՛, դա նաև Արամների, Խատիսյանների ու Քաջազնունիների շնորհիվ է եղել։ Ես համոզվել եմ, որ պետք է ամեն գնով սիրել, փայփայել և հզորացնել այս առարկայական հայրենիքը և մեր նախնիների կտակած հոգևոր հայրենիքը պահել սրտում, բայց արտաքին քաղաքականության հենք չդարձնել։ Ցավոք մեր որոշ քույր-եղբայրներ, որոշ պատճառներով չեն դիմացել դժվարություններին և Հայաստանից գաղթել են։

Ծանոթ լինելով սփյուռքահայերի հոգեբանության, գիտեմ որ այնտեղ ծարավ եք հայրենասիրական, կրոնական, միութենական, կրթական և բարեգործական աշխատանքների։ Այստեղ է, որ երևան է գալիս մեր ջրբաժանը հատկապես հայրենասիրության հարցում․ ջրբաժան, որ այլ պարագայում կարող էր մեր համընդհանուր ածուները ջրել, բայց այս դեպքում մեզ հանում է իրար դեմ։ Հրաժարվենք միմյանց պիտակավորելուց, դավաճաններ չփնտրենք Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր, կամ էլ սփյուռքահայերի շարքերում․ դա թողնենք իրավապահ մարմիններին և դատարաններին։

Սիրելի եղբայր, իրական-առարկայական հայրենիքի և հոգևոր-ենթակայական հայրենիքի շահերը մասամբ հակադիր են և մենք պետք է հաշտության եզրեր գտնելով, փորձենք մոտեցնենք դրանք։ Ձեր հարևանները քաղաքակիրթ Ֆրանսիան, Բելգիան կամ Կանադան են, իսկ ես հայրենի բիրտ հարևաններին նորից չթվարկեմ։ Հայաստան աշխարհը բազմաբնակարան շենքի բնակարան չէ, որ վերևի հարբեցող կամ կողքի անժամանակ տուն գացող հարևանի պատճառով տունը վաճառենք և այլ տեղ գնանք։ Մենք դատապարտված ենք այստեղ ապրելու, ապրել ենք հազարամյակներ, դեռ հազարամյակներ էլ կապրենք. հիմա էլ կերտում ենք մեր նոր պետականությունը և հայրենաբնակ ժողովրդի ու սփյուռքահայերի լայն մասսաների օգնությամբ առավել կհզորացնենք մեր հայրենիքն ու երիտասարդ պետականությունը։

Խնդրում եմ Դուք էլ վերանայեք Ձեր ընթացքը և Հայաստան պետության ամուր Սյուներից մեկը դարձեք։

Տիգրան Դավուդյան

Մասիս Աբրահամյանի լուսանկարն՝ իր ՖԲ էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Տիգրան դու իրավունք չունես խորհուրդ տալ հայրենասեր հայերին, քանի որ ինքդ արժանապատիվ հայրենիքի համար պայքարը փոխարինել ես կուշտ, բայց թուրքերի ստրուկի կարգավիճակում ապրելու գաղափարի հետ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031