Լրահոս
Օրվա լրահոսը

Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում. hushardzan.am

Օգոստոս 02,2022 21:21

Սևանա լճի արևմտյան ափամերձ տարածքում, Սևան-Վարդենիս մայրուղին հատող, Երանոս գյուղից մոտ 5,5 կմ հյուսիս ընկած և Կարմիրգյուղ ու Գեղարքունիք համայնքների վարչական տարածքների սահմանաբաժանին գտնվող Քանագեղի բնակատեղին ու դամբարանադաշտը վաղուց հայտնի են մասնագետներին: 1960-ական թթ. այստեղ չափագրման աշխատանքներ է իրականացրել հնագետ Գեդեոն Միքայելյանը, իսկ 1981 թ. մայրուղու շինարարության ժամանակ բացված 2 դամբարաններ պեղել է հնագետ Գրիգոր Արեշյանը: Դամբարանադաշտը զբաղեցնում է մի-քանի տասնյակ հեկտար տարածք, որի զգալի մասը 1980-ական թթ. մելիորացիոն աշխատանքների արդյունքում զրկվել է արտաքին հատկանիշներից: Հնավայրում պեղումները շարունակվել են 1999-2002 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից (ղեկավար՝ Աշոտ Փիլիպոսյան):

Արշավախմբի ղեկավար, գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով․ «Պեղված 9 դամբարանները քարաշար կրոմլեխներով քարարկղային դամբանախցեր են, անհատական և խմբային թաղումներով: Հայտնաբերված հնագիտական նյութերը բազմազան են և վերաբերում են մ.թ.ա. XV-IX դդ.: Լավ պահպանվել է նաև հնամարդաբանական և հնակենդանաբանական նյութը: Այս ժամանակահատվածում պեղված գտածոների մեջ առանձնանում է զարդերի ձուլման երկփեղք կաղապարը, որով այսօր էլ հնարավոր է 7 տեսակի պերճանքի առարկաներ պատրաստել»:

Վերջին պեղումներից շուրջ 20 տարի անց, 2021 թ. մայիսին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները հնավայրի տարածքում արձանագրեցին գանձախուզության փաստ: Կազմվեցին համապատասխան փաստաթղթեր, և գործը հանձնվեց ոստիկանություն: Գանձախույզները տեխնիկայի օգնությամբ հեռացրել էին դամբանաթմբի մի մասը և մասամբ տեղաշարժել ծածկասալերը: Ավելին անել նրանց չէր հաջողվել: Վնասված հուշարձանը հրատապ պեղելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանին ՀՀ Գիտության կոմիտեի կողմից հատկացված ենթակառուցվածքի պահպանման և զարգացման գիտական ծրագրի միջոցներից առանձնացվեց գումար և թանգարանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ու ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներից ստեղծվեց հնագիտական արշավախումբ, որը 2021 թ. հոկտեմբեր-նոյեմբեր և 2022 թ. հուլիս ամիսներին իրականացրեց դրա պեղման աշխատանքները։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031