Գուսան Շահենի ծննդավայրի՝ Կրասարի (Աշոցքի խոշորացված համայնքի մեջ է) բացառիկ ճարտարապետություն ունեցող, պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված վթարային կամուրջն ամենայն հավանականությամբ կվերանորոգվի։ Այն հարևան գյուղին՝ Սեպասարին, կապող միակ ճանապարհն է, որը, սակայն, վթարային է, խիստ վտանգավոր երթևեկության համար։
Կրասար բնակավայրի վարչական ղեկավար Գեղամ Գևորգյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ավտոմեքենաների երթևեկությունը դադարեցրել են, և որ կամրջի վերանորոգման նախագիծ-նախահաշվի գումարն արդեն փոխանցված է, այն կազմում է մոտ 8, 5 միլիոն դրամ։
Այն 19-րդ դարի եռաթռիչք հորինվածքով ինժեներա-ճարտարապետական կառույց է, ըստ Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» գրքի՝ կառուցվել է 1873 թվականին «կիւմրեցի» Ստեփանոս Անանիկյանցի կողմից` սև ու կարմիր քարերով, 50 ոտնաչափ երկարությամբ և 6 մետր լայնությամբ, ուղևորների համար կից սենյակով։ Նման կամուրջ կա Կարսում, սակայն այն վեց թռիչքով է։
Կրասարցիների մոտ կամրջի վերանորոգման հույս արթնացրել են նաև Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները։ Նրանք այսօր այցել են Կրասար, Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի հետ տեղում քննարկել կամրջի ներկա վիճակն ու դրա վերանորոգմանն ուղղված քայլերը։
Կարդացեք նաև
Մարզային իշխանությունները հանդիպել են նաև Կրասարի բնակիչների հետ՝ մեկ անգամ ևս հորդորելով չերթևեկել կամրջով, ինչպես նաև հայտնել, որ միջոցներ են ձեռնարկել վերանորոգման, արդեն ունեն արձագանք։
Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Մեզ համար Կրասարի կամուրջն ամենից առաջ արժեքավոր է որպես 19-րդ դարի եռաթռիչք հորինվածքով ինժեներա-ճարտարապետական կառույց: Եվ վերանորոգելուց մենք այն պետք է դիտարկենք որպես տեղական հուշարձան։ Որ կամուրջը վթարային է ու վտանգավոր՝ ևս մեկ անգամ արձանագրում ենք։ Մարզպետարանը՝ խնդրով մտահոգ, արդեն իսկ պատասխանատու կառույցների հետ խոսել է, կամրջի վթարային վիճակի և դրա վերականգնման աշխատանքների համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ գրավոր գրություններ են ուղարկվել, ունենք արձագանք և կարծում եմ՝ առաջիկայում հստակ քայլեր կձեռնարկվեն խնդրի լուծման համար»,-բնակիչների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Ըստ մարզպետարանի ֆեյսբուքյան էջի, խոսվել է նաև այն մասին, որ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել են նախագծային փաստաթղթերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման մրցույթներ։
Կամուրջը փլուզվել, վթարային է դարձել ինչպես 1956-57թթ. կամրջի վրայով անթույլատրելիորեն անցկացված Ղազանչի-Գյումրի ջրատարի պատճառով, այնպես էլ՝ երկրաշարժերի։
Կամուրջը գտնվում է Ախուրյան գետի վտակներից մեկի վրա, որի տարածքն հանձնված է «Արփի լիճ» ազգային պարկին։
Գյուղի վարչական ղեկավար Գեղամ Գևորգյանի փաստմամբ, մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում տարածք՝ բացառիկ ճարտարապետություն ունեցող կամուրջը տեսնելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ