Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքով պայմանավորված՝ այսօր որպես վկա Արմավիրի քննչական վարչություն են հրավիրել Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանին։
Արթուր Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Արմեն Գրիգորյանի մահվան թեմայով հարցազրույց եմ տվել, մի քանի պնդումներ եմ արել։ Այդ նույն պնդումները նաև արեցի Արմավիրի քննչական վարչությունում, որ Արմենի մահը սպանություն է եղել, կոլեկտիվ սպանություն։
Կոլեկտիվ ասելով՝ ի նկատի եմ ունեցել այն, որ ռեժիմը մարդուն հասցրել է մահվան, ամեն մարդ իր որոշակի դերակատարությունն է ունեցել․ ԱԱԾ-ն իր դերակատարությունն է ունեցել, դատական իշխանությունը՝ իր, վարչապետը իր դերակատարությունն է ունեցել։ Պատշաճ օգնություն ցույց չտվողները, երբ որ արդեն սպանում էին, իրենց դերակատարությունն են ունեցել։
Երբ հարցազրույց էի տալիս, ես այդ ժամանակ մեկնաբանում էի իմ ասածը, հիմա մեկ անգամ ևս հրավիրել են Արմավիրի քննչական վարչություն, որպեսզի մեկնաբանեմ ասածս։
Կարդացեք նաև
Այնտեղ նաև ասում էին, որ ես ասել եմ, թե Արմենին թույնել են։ Ինձ նաև այդ թեմայով էին հարցեր տալիս, ես իմ հարցազրույցը ևս մեկ անգամ իրենց ցույց տվեցի, քննիչին խնդրեցի, որ հարցազրույցը բացի, ևս մեկ անգամ լսի։ Բացեց, ևս մեկ անգամ լսեց, հաստատվեց, որ ես նման բան չեմ ասել, ես ուրիշ բան եմ ասում, իրենք փորձում են իմ խոսքը խեղաթյուրել։
Մոտ երկու ժամ քննեցին։ Սա Նիկոլ Փաշինյանի հերթական ոտնձգությունն է իմ նկատմամբ, մարդուն, որն իմ ընկերն է եղել, սպանում են, հասցնում մահվան, մեզ պես մարդկանց էլ տանում են քննչական հարցաքննության։ Հասկանո՞ւմ եք սրանց մակարդակը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ