Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն 2018-2022թթ. պետական աջակցությամբ կատարվել է 1-4,5 տարեկան 51 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն

Օգոստոս 02,2022 18:54

Մեկ ամիս առաջ ծանրալսություն ունեցող 19 վիրահատվածներն այսօր արդեն լսելու հնարավորություն ստացան. նրանցից 16-ը երեխաներ են։ Վերականգնողական փուլից հետո բուժման ցիկլը կամբողջանա, և կոխլեար իմպլանտի վիրահատությունը կհամարվի կայացած։ Այս հաջողությունը պետություն-«Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»- «էրեբունի» բժշկական կենտրոն գործակցության արդյունքն է։

«Երբ ականատես ենք լինում նման լուսավոր պահերի, վերգտնում ենք մեր ուժերը, առավել ոգևորվում ենք ու ավելի մեծ եռանդով աշխատում, որ կարողանանք մեր բնակչության համար ապահովել հնարավորինս որակյալ, հասանելի և մատչելի բուժօգնություն: Սովորաբար այնքան ենք տարված լինում մեր ծրագրերով ու աշխատանքով, որ հաճախ չենք կարողանում տեսնել ու զգալ դրանց արդյունքը, իսկ այսօր այն հազվադեպ օրերից է, որ կարողանում ենք վայելել մեր միասնական աշխատանքի բերկրանքը: Կարևորն արդյունքն է, և ևս մեկ անգամ այս փոքրիկ հրաշքն ապացուցեց, որ հնարավոր է հոգատար գործընկերների ու մարդակենտրոն ծրագրերի շնորհիվ հաղթահարել ամեն բան: Մենք հնարավորություն ստեղծեցինք բոլոր բալիկների համար անվճար վիրահատական միջոցառումներն անցնելու, և մի շարք նվիրյալների շնորհիվ ծրագիրը բարեհաջող նոր փուլ է սկսել»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նշենք, որ միայն 2018-2022թթ. պետական աջակցությամբ կատարվել է 1-4,5 տարեկան 51 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն, փոխհատուցվել են նրանց վիրահատության և մեկ տարվա վերականգնողական բուժման ծախսերը: Հայաստանում իրականացվում է նաև լսողության խանգարումներով և ծանրալսությամբ երեխաների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածինների լսողության սքրինինգ` նրանց հետագա բուժումը հնարավորինս վաղ կազմակերպելու նպատակով:

Սքրինինգի արդյունքում հայտնաբերված` լսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող երեխաները վերցվում են դիսպանսերային հսկողության, նրանց մի մասը ստանում են ժամանակակից լսողական սարքեր, իսկ 4-րդ աստիճանի ծանրալսությամբ երեխաները ենթարկվում են ականջի խխունջի պատվաստման վիրահատության, որի արդյունքում նրանց հոգեխոսքային զարգացումը հետագայում չի տարբերվում իրենց հասակակիցներից:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031