Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով նիստը:
Հիշեցնենք՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է դեռեւս մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում․ մեղադրվում է 2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ («Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ ներխուժման փորձ): Նա կալանավորվել է այս տարվա մայիսին՝ Դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ։ Վերջերս դատարանը եվս երկու ամսով երկարացրեց Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը:
Պաշտպան Բենիկ Գալստյանն այսօր միջնորդություն ներկայացրեց՝ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխելու մասին: Գերասիմ Վարդանյանի համար անձնական երաշխավորություններ են ներկայացրել ԱԺ չորս պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, Աշոտ Սիմոնյանը, Աննա Գրիգորյանը եւ Թադեւոս Ավետիսյանը: Պաշտպանը միջնորդեց նաեւ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառել նաեւ 3 միլիոն 100 հազար դրամ գրավ կամ դրանից ավելի գումար՝ դատարանի հայեցողությամբ: Պաշտպանը նաեւ հայտարարեց, որ առավել նպատակահարմար կլիներ, որ դատարանը նախապատվությունը տար երաշխավորությամբ խափանման միջոցի փոփոխմանը: Դատախազն էլ առարկեց միջնորդությունների դեմ՝ հայտարարելով, որ նախորդ նիստից, երբ դատարանը որոշել է երկարացնել Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը, որեւէ հանգամանք չի փոխվել, ուստի, խափանման միջոցի փոփոխության միջնորդությունն անհիմն է: Նախկինում՝ մայիսի 4-ին կայացած նիստում, դատախազը հայտարարել էր, որ 60 միլիոն դրամ գրավի դիմաց իր համար ընդունելի կլինի խափանման միջոցի փոփոխությունը: Այսօր, սակայն, հայտարարեց, որ կտրականապես դեմ է նաեւ գրավի կիրառմամբ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի փոփոխմանը:
Գերասիմ Վարդանյանն էլ հայտարարեց, որ գրավի չափը դատարանը պետք է որոշի ողջամտության եւ իր հնարավորությունների սահմաններում, այլապես ինքը կհրաժարվի գրավի՝ իր բնորոշմամբ՝ փրկագնի, վճարումից, քանի որ ինքն իր ազատությունն աճուրդի չի հանել ու պատրաստ է մինչեւ վերջ պայքարել արդարության համար: Նաեւ հավաստիացրեց, որ հասնելու է արդարության:
Կարդացեք նաև
Դատարանը մերժեց պատգամավորների անձնական երաշխավորությամբ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Դատարանը մերժեց նաեւ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
Պաշտպանը տեղեկացրեց նաեւ, որ բողոքարկել են դատարանի որոշումը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ