Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի 6 մարզիկներ Լեհաստանի Լոձ քաղաքում օրերս մասնակցել են Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերին և 2 մեդալ նվաճել՝ 1 ոսկե և 1 բրոնզե:
Եվրոպական համալսարանական խաղերի չեմպիոն է դարձել Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը՝ կարատե մարզաձևի կումիտե մրցակարգի մինչև 75 կգ քաշային կարգում նվաճելով ոսկե մեդալ։ Դավիթը 5 մենամարտ է անցկացրել և հաղթանակներ տարել:
Կումիտե մրցակարգում Հայաստանը ներկայացրել է նաև Անիտա Մակյանը՝ դարձյալ ԵՊԲՀ-ից:
Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներկայացված է եղել 3 բուհերի պատվիրակություններով: Բացի Երևանի պետական բժշկական համալսարանից՝ թիմեր են ներկայացրել նաև Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Կարդացեք նաև
ՀՖԿՍՊԻ-ի պատվիրակությունը 2022 թվականի Եվրոպական համալսարանական խաղերից վերադարձել է մեկ բրոնզե մեդալով, որը պարա սեղանի թենիս մարզաձևում նվաճել է Գևորգ Բեգլարյանը։ ՀՖԿՍՊԻ մյուս ներկայացուցիչ, ձյուդոիստ Մերուժան Սարգսյանն էլ գրավել է 5-րդ հորիզոնականը։
ՀՖԿՍՊԻ պատվիրակությունը խաղերին մասնակցել է ռեկտոր Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվիրակության կազմում էլ ընդգրկված են եղել երկու շախմատիստներ, որոնք, չլինելով գրոսմայստերներ և ունենալով միայն առաջին կարգ, 20 թիմերի շարքում տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում, իսկ Ջանիկ Ղուլյանը բլից մրցաշարում 40 մասնակիցների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը:
Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, որը նաև Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության անդամ է, բարձր է գնահատում հայ մարզիկների մասնակցությունը. «6 մարզիկով 2 մեդալ ենք նվաճել, որից մեկը՝ ոսկե: Միանշանակ, գոհացնող արդյունք է: Մասնակից 38 երկրներից, երևի, 10-15 երկիր է մեդալ նվաճել, և մենք այդ երկրների թվում ենք: Երկրներ կան, որոնք 400-500 պատվիրակությամբ էին մասնակցում և ընդամենը մի քանի մեդալ են նվաճել»:
Եվրոպական համալսարանական խաղերն այս տարի ամենախոշորներից է եղել: Խաղերին 38 եվրոպական երկրների 450 համալսարանների 5000 պատվիրակներ են մասնակցել, իսկ մրցումներն անցկացվել են 20 մարզաձևերից:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ ֆեդերացիայի նախագահը նշում է, որ 2023 թվականի հունվարին նախատեսում են մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին, իսկ նույն տարվա ամռանը՝ Չինաստանում կայանալիք ամառային ունիվերսիադային:
Նշենք՝ Հայաստանին է վստահվել 2025 թվականի Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնության անցկացումը, ինչը, ըստ Հովհաննես Գաբրիելյանի, ևս մեծ նվաճում է:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ