Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի ու Սերժի ժամանակ չէիր կարող նույնիսկ 3 հոգանոց ակցիա փողոցում անեիր, անելուց էլ ծեծվում ու ջարդվում էիր, այնպես որ ՀՅԴ-ականները թող սթրվեն իրենց տեղը». Անի Խաչատրյան

Օգոստոս 02,2022 18:12

«Սերժ Սարգսյանի՝ նախարար եղած տարիներին Դաշնակցություն կուսակցությունն առհասարակ փակվել է: Ես կարծում եմ, դա Հայաստանի հանրապետության համար Սերժ Սարգսյանի՝ իշխանությունում գտնվելու, պաշտոնյա լինելու տարիներին լավագույն քայլերից մեկն էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ-ականների առաջ Հայաստան մուտքի արգելք դնելու հետ կապված այսպես մեկնաբանեց «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այս օրերին արգելվել է Հայաստան մտնել դաշնակցական գործիչներ Մուրադ Փափազյանին, Նիդերլանդներում Հայ դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանին, նաեւ նրա դստերը:

Ընդդիմադիրները համեմատում են առաջին նախագահի հետ՝ ասելով, որ մեկ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք են արտաքսել ՀՅԴ-ականներին, Փաշինյանն էլ նույն գիծն է առաջ տանում: Անի Խաչատրյանն արձագանքեց այդ գնահատականներին. «Համեմատության եզր չկա: Դաշնակցականներն առհասարակ խոսելու իրավունք չունեն, Քոչարյանին, Սերժին համեմատելու իրավունք չունեն: Քոչարյանի ու Սերժի ժամանակ չէիր կարող նույնիսկ 3 հոգանոց ակցիա փողոցում անեիր, անելուց էլ ծեծվում ու ջարդվում էիր: Այնպես որ թող իրենք սթրվեն իրենց տեղը ու նման համեմատականներ իրենք ամենաքիչն իրավունք ունեն անելու: Դրա մասին կարող ենք խոսենք մենք, այն ընդդիմությունը, որը իշխանության չի եղել, չի անցել դրա միջով ու չի արել է՛լ ավելի վատ բաներ»:

Հարցին՝ այսինքն, կարո՞ղ եք արդարացնել մուտքի արգելքի որոշումը՝ Անի Խաչատրյանը պատասխանեց. «Դրա հետ կապված մեկնաբանությունները պետք է իմանանք, միգուցե կա լուրջ խնդիր, ինչի համար արգելք է դրվել: Մենք չգիտենք հակառակ կողմի արգելքի պատճառներն ու ամեն ինչ քաղաքականացնում ենք: Հիմա մարդիկ կան, որոնց ես համարում եմ, որ ճիշտ է կալանավորեն, բայց այդ մարդկանց որ կալանավորեն, քաղաքական ենթատեքստեր են տալու, բայց իրականում խուժանության համար պիտի կալանավորեն՝ ոստիկանին քաշքշելու, ոստիկանին հայհոյելու համար: Ամեն ինչին քաղաքական ենթատեքստ տալը ճիշտ չէ: Պետք է պարզել, թե դա առհասարակ կապ ունի՞ ՀՅԴ-ի հետ, թե՞ անձի հետ կապված խնդիր կա: Մենք չգիտենք ինչի համար են արգելել: Գուցե իրենք գիտեն, բայց իրենց ձեռք է տալիս քաղաքականացնել: Սկսենք նրանից, որ նրանցից մեկը երիտասարդ աղջիկ է, որը չէր կարող քաղաքական դաշտում որեւէ դերակատարում ունենալ: Կարծում եմ, որ նրա մուտքն արգելվել է, որովհետեւ օրենքի հետ կապված խնդիր կա, զուտ համընկել է, որ դաշնակցական է»:

Երբ փոխանցեցինք մեկնաբանությունները՝ Փաշինյանի դեմ բողոքի ցույց են արել, հիմա արգելում են նրանց մտնել Հայաստան, բացի այդ, ընդդիմադիրներն ասում են՝ նոր կապիտուլյացիոն ակտ է պատրաստվում Փաշինյանը ստորագրել ու այս միջոցով սփյուռքը կտրում է Հայաստանից՝ Անի Խաչատրյանը պատասխանեց. «Փաշինյանը ընդամենը մի երիտասարդ աղջկանից վախեցավ եւ մուտքն արգելե՞ց: Ես անլուրջ եմ համարում դա մեկնաբանել: Մասիս Աբրահամյանի եւ առհասարակ ՀՅԴ-ականների հետ կապված ես այնքան քիչ բան եմ հետեւում, որովհետեւ իրենք ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, բայց ես ինչքան հիշում եմ ու ինչքան կարդացել եմ, այնտեղ կար լուրջ խնդիր երկիր մուտքն արգելափակելու հետ կապված, որովհետեւ մահափորձի կազմակերպման հարց էր: Եթե նման բան կա, ուրեմն միայն ողջունելի է, որ այդ մուտքն արգելվել է մեր երկիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031