Արցախի հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժը հերթական ոտնձգությանն է դիմել։ Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ շփման գծում կայուն լարվածությունը պահպանվում է: Հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Aravot.am-ը թեմայի շուրջ զրուցել է ռազմաքաղաքական հարցերի մեկնաբան Մհեր Հակոբյանի հետ։
-Պարոն Հակոբյան, եթե նախեւառաջ վերլուծենք Ադրբեջանի տեղեկատվական քարոզչության վերջին շրջանի գործողությունները, ապա ի՞նչ հետեւություններ ու նպատակադրումներ կառանձնացնեք։ Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը ենթականերին հրամայել էր պատրաստ լինել դիմակայել «թշնամու սադրանքներին»։
-Նպատակն այն է, որպեսզի պատերազմի դուռը միշտ բաց պահվի։ Գաղտնիք չէ, որ Ալիեւը դժգոհ է մնացել 2020թ․-ի պատերազմի արդյունքներից։ Նախորդ տարիներին փորձ արվեց ադրբեջանական հասարակությանը կերակրել այդ պատերազմի իրապես որոշ հաջողություններով, սակայն թեզը, թե Ադրբեջանն իբրեւ լուծել է Արցախի հարցը, արդեն խնդիրներ է առաջացնում հենց Ադրբեջանում տարրական մտածողություն ունեցողների շրջանում։ Ճիշտ է, մենք տարածքային կորուստներ ունեցանք, բայց խնդրի լուծումը հետաձգվեց եւ դժվարացավ, որովհետեւ ռուսական զորքեր կան։ Ավելին, մոտ է ժամկետը, երբ Ադրբեջանը պետք է որոշի՝ ռուսական զորքերը հեռանալո՞ւ են, թե ոչ։ Նման խնդիրների լուծումները դեռեւս ժամկետից մեկ տարի առաջ են որոշվում, եւ Ադրբեջանին քիչ ժամանակ է մնացել։ Սրան գումարվում է պղտոր ջրում ձուկ որսալու Ադրբեջանի ձգտումը։
Կոսովոյում եւ Թայվանում խնդիրներ կան, ռուս-ուկրաինական պատերազմը նույնպես, եւ երբ աշխարհը խառնվում է, իսկ Ռուսաստանը՝ զբաղվում այլ գործերով, չի բացառվում հայկական հարցն Արցախում ուժով լուծելը։ Այդ պատճառով ասացի, որ պատերազմի դուռն Ադրբեջանը բաց է պահում։
Կարդացեք նաև
Որքանով հասկանում եմ, երեկվա սրացումը գուցե ոչ պաշտոնական մակարդակում, բայց ռուսական կողմում կոշտ արձագանքի է արժանացել, որի պայմաններում Ադրբեջանն այսօր «սսկվեց», բայց այն, որ վտանգը մեր գլխին կախված է, դա անկասկած է։ Փորձագիտական միջավայրում, երբ երկու օր առաջ քննարկում էինք Զաքիր Հասանովի նշյալ հայտարարությունը, անհանգիստ էինք, որովհետեւ չանցած 40 ժամ՝ սրացումը սկսվեց։ Երբ երկար հետեւում ես թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի հնարքներին, ապա պարզ է դառնում, որ երբ նման բան են հայտարարում, նշանակում է, որ ասում են՝ «հարձակման ենք գնալու», ուստի այդ հարվածը սպասելի էր։ Իրավիճակը բարդ է։ Ի դեպ, իրենցում առանձնապես ոգեւորություն չկա։ Ըստ երեւույթին, 6-7 զոհ ունենալու մասին տեղեկություններն իրական են։
-Եթե հիշենք նաեւ, որ վերջերս Ալիեւն ակնարկում էր, թե «երկար չի սպասի», կամ որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում ասում էր, որ ՀՀ-ն չի կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթի պարտավորությունը եւ հայկական ստորաբաժանումները դեռ դուրս չի բերել Արցախից, ապա Ադրբեջանի այսօրվա օրակարգի եւ պահանջների առնչությամբ ի՞նչ կարող ենք արձանագրել։
-Նախեւառաջ, նոյեմբերյան հայտարարությունն անորոշ կետեր ունի, որոնք կարելի է յուրովի մեկնաբանել։ Օրինակ՝ «հայկական» տերմինի կիրառումը։ Գրված է, որ հայկական զորքերը դուրս են բերվում ռուսական զորքերի տեղակայման հետ միաժամանակ։ Ադրբեջանական կողմը «հայկական»-ը մեկնաբանում է «հայաստանյան» իմաստով, սակայն մենք պնդում ենք, որ իրավաբանորեն հայաստանյան զորքեր չկան այնտեղ, հայկականի մասին է խոսքը, եւ հայտարարությունում այս իմաստով բան չի ասված, տրամաբանական չի։ Արցախի Մարտակերտ քաղաքի բնակիչը, որը պայմանագրային հիմունքներով ծառայում է ՊԲ-ում, հո չի՞ լքելու Արցախը, գնա Սիսիան։ Եթե Ադրբեջանը խոստովանի, որ «հայկական»-ի անվան տակ նկատի ունի ՊԲ-ն, կստացվի, որ եռակողմ հայտարարությամբ ընդունում է ՊԲ-ի գոյությունը։
Իսկ այս փուլում մեզանից ուզում են կորզել ամեն ինչ։ Ունեն նվազագույն եւ առավելագույն տեսլական։ Նվազագույնի դեպքում ինչ էլ պոկեն՝ լավ է, իսկ առավելագույնի դեպքում ուզում են, որ Արցախը չլինի։ Ի՞նչ կստացվի դրանից ավել՝ ընդհուպ մինչեւ Երեւան գրավելը․․․ամեն ինչ են իրենք ուզում։ Շատ կարեւոր է գիտակցել, որ որպես հարեւան ունենալով թուրքերին եւ մասնակի զիջելով՝ չես հագեցնի թշնամու ագահությունը, թշնամին անընդհատ վրա է գալու։
Այսօր Արսեն Թորոսյանն իր գրառմամբ փոթորկեց «ֆեյսբուքը»։ Ախր այստեղ նաեւ տրամաբանական խնդիր կա։ Տիգրան Մեծից հետո ավելի քան 2000 տարի հայ ժողովուրդը նվաճողական պատերազմ չի վարել։ Բա հիմա Արսեն Թորոսյան ջան, որ ասում ես՝ պատերազմը վատ բան է, դուրս է գալիս, որ ասում ես՝ հայ ժողովուրդ, պաշտպանողական պատերազմը վա՞տ բան է․․․թշնամին մտել է մեր տունը, ահաբեկել, թալանել ու սպանել, մենք էլ ստիպված պատերազմել ենք։ Հիմա Արսեն Թորոսյան, ասում ես, թե սա է՞լ է վատ բան։ Եթե այսպես է, ասա՝ իմանանք։ Այսինքն, այս կույր, իդեալիստական, լուսավոր պացիֆիզմը, որը հիմա մոդա է կուշտ Արեւմուտքում, եւ որը քարոզում է Արսեն Թորոսյանը, ի՞նչ է դրանից ստացվում, հայերի պաշտպանողական պատերազմին էլ է նա դե՞մ։ Այսպիսի մարդկանց թվում է, թե հայ-թուրքական թշնամությունը գալիս է նրանից, որ հայերն ատում են թուրքերին, թուրքերն էլ հայերին։ Հիշո՞ւմ եք, որ վարչապետը դա ասում էր քարոզարշավի ժամանակ։ Իրականում մատնանշենք հայ-թուրքական սահմանի օրինակը։ Այն Թուրքիան է փակել։ Բայց չիմացող մարդուն որ հարցնես, կասի, թե երկու կողմից էլ փակ է։ Ոչ, Թուրքիան է փակ պահում։ Թուրքերը մեր հետ թշնամություն են անում․ այս մարդիկ ե՞րբ պետք է սա հասկանան։ Մեզ թվում է, որ եթե թշնամություն չանենք եւ ցեղասպանությունից չխոսենք, թշնամությունը կվերջանա՞։ Ոչ։ Սա քաղաքակրթական հակասություն է՝ նստակյաց, քրիստոնյա հայեր եւ քոչվոր անցյալ ունեցող մահմեդական թյուրքեր։
Հ․Գ․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ «Խաղաղության գինը» խորագրով այսօրվա գրառման տակ Մհեր Հակոբյանը հետեւյալ մեկնաբանությունն է թողել․ «Պարոն Թորոսյան, խաղաղություն չեն մուրում, խաղաղության հասնում են: 100 տարի առաջ, ինչպես և հիմա, մեզ եկել էին սպանելու, մենք պաշտպանվում էինք և դրա համար պատերազմ եղավ: Եթե դուք կարծում եք, որ, եթե մեզ գան սպանելու և մենք չպաշտպանվենք, ապա խաղաղություն կլինի, ապա ստիպված եմ հիասթափեցնել․ գուցե այդ պարագայում խաղաղություն լինի, բայց… մենք չենք լինի: Չի կարելի պայմանավորվել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու, սա Իսրայելի հիմնադիրներից մեկը համարվող Գոլդա Մեյերի խոսքն է: Հիմա, եթե դուք կարծում եք, որ թուրքերին ամեն ինչ զիջելով և ամեն ինչի վրա խաչ քաշելով խաղաղությա՞ն կհասնեք, ապա ստիպված եմ հիասթափեցնել: Չեք հասնի: Այդ պարագայում միայն մեկ տարբերակում խաղաղություն կլինի, երբ… մենք չենք լինի, իսկ ո՞ւմ է պետք աշխարհը առանց հայերի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ