Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանանց ժամանակը հիմա է». Հայաստանում ամփոփվեց կանանց նորարարության FemInno առաջին կոնֆերանսը

Օգոստոս 02,2022 17:54

Հուլիսի 30-31-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ կանանց նորարարության շուրջ ամենամեծ միջազգային կոնֆերանսը Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում, որն իր շուրջն էր հավաքել 30-ից ավելի խոսնակներ Հայաստանից եւ 10-ից ավելի այլ երկրներից՝ ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Արաբական ՄԻացյալ Էմիրություններ, Նիգերիա եւ այլն: FemInno անվան մեջ կազմակերպիչները համադրել էին կանայք (fem) եւ նորարարություն (inno) բառերն ու նպատակ դրել համախմբել տեղական էկոհամակարգում կանանց առաջխաղացմամբ հետաքրքրված կազմակերպություններին, ինչպես նաեւ Հայաստանի շուրջ նոր ուշադրություն հրավիրել աշխարհում բավական արդիական այս թեմայով:

«Որպես Ֆեմիննո կոնֆերանսի թեմա ընտրել ենք «#FemaleisNOW» կարգախոսը (թարգմանաբար՝ «Կանանց ժամանակը հիմա է»), որպեսզի հաստատենք, որ «ապագան տեխնոլոգիաներինն է» կամ «ապագան կանանցն է» արտահայտությունների փոխարեն պետք է համաձայնենք, որ «կանանց ժամանակը հիմա է»,- բացատրում է FemInno-ի հիմնադիր Սեդա Պապոյանը:

FemInno-ն տեխնոլոգիաներում, բիզնեսում և գիտության մեջ կանանց տաղանդն ու առաջնորդությունը տոնող նոր նախաձեռնություն էր, որը խոսնակների, մասնակիցների եւ հյուրերի շարքում փորձում է շեշտադրել կնոջ դերը նորարարության մեջ և ստեղծել նոր միջավայր, այսպես կոչված, սիլիկոնյան սարերում՝ Հայաստանում:
Մասնակցեցին կին և տղամարդ մասնագետներ հետևյալ ոլորտներից՝ բիզնես, գիտություն և տեխնոլոգիաներ: Կոնֆերանսին միացել են նույնիսկ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ՝ կիսելու իրենց փորձառությունը: FemInno-ի կազմակերպիչներին հաջողվել էր նաև հրավիրել ներկայացուցիչների պետական կառույցներից՝ վստահ լինելով, որ փոփոխությունն իրականություն կարող է դառնալ նաև որոշում կայացնողների աջակցությամբ:

«Այս համաժողովը հրաշալի առիթ է՝ բիզնեսում, գիտության եւ տեխնոլոգիայի մեջ կանանց ներդրումը գնահատելու, ցուցադրելու եւ հզորացնելու առումով: Այս նորարական համաժողովը կստեղծի աշխատանքի եւ նոր կապեր ձեռք բերելու հնարավորություններ: Սա նաև մեծ հնարավորություն է՝ կոտրելու բոլոր տեսակի կարծրատիպերը՝ հասարակություն շրջանում», – բացման ելույթում նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

Լինելով տարածաշրջանում միակ միջազգային նախաձեռնությունը՝ FemInno-ն աջակցություն է ստացել Հայաստանում գործունեություն ծավալող մի շարք միջազգային ՏՏ ընկերություններից, որոնց շարքերում են՝ Humanize-ը, PMI Science-ը, Adobe-ը, Synopsys-ը, Siemens-ը, Semrush-ը, Miro-ն, ZEVIT-ը, IPONWEB-ը, Align-ը և ոչ միայն: Այս ընկերություններից բոլորն առանց բացառության կիսում են նույն արժեհամակարգը՝ աշխատաշուկայում բազմազանության մշակույթի և ներգրավվածության խթանման հարցում:

Կոնֆերանսի ընթացքում երկօրյա աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին ընկերություններ, ովքեր խրախուսում են կանանց մասնակցությունն իրենց թիմերում: Զուգահեռ սրահներում անցկացվում էին ելույթներ, պանելային քննարկումներ, թեմատիկ աշխատարաններ եւ կանանց կողմից հիմնադրված ստարտապների միջազգային մրցույթի վերջին փուլը: Հաղթող ճանաչվեցին հայկական երկու թիմեր՝ MiCoFe եւ oqni, որոնցից յուրաքանչյուրը կստանա 5000-ական ԱՄՆ դոլար:

«Հասարակությունը ստիպում է մեզ անել բաներ, որոնք մենք չենք ուզում», – խտրականության մասին իր ելույթում նշեց խոսնակներից Հրաչիկ Աճամյանը ԱՄՆ-ից: «Մենք չպետք է մոռանանք նաեւ անցյալի կանանց, առանց որոնց պայքարի ու նվիրման՝ մենք հիմա էստեղ չէինք լինի», – վստահ է խոսնակներից Բիանկա Սիվինսկան Լեհաստանից:

FemInno կոնֆերանսի շատ կարեւոր առաքելություններից էր նաեւ Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակի առաջին հաղթողներին հայտարարելը: Ապրիլին Լեոյի խաչմերուկում ողբերգական ավտովթարում զոհված Սոնա Մնացականյանի անունը հավերժացնելու համար ստեղծված կրթաթոշակային ֆոնդը դրամահավաքի արդյունքում կարողացել էր հավաքել բավարար միջոցներ՝ աջակցելու իրենց դիմած 10 աղջիկների, որոնք կկարողանան կրթական ու գիտական գործունեությունը շարունակել նշված դրամական աջակցությամբ: Իսկ մյուս դիմորդներին օգնելու համար դրամահավաքը դեռ շարունակվում է ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ:

Կանանց նորարարության շուրջ FemInno կոնֆերանսը ամենամյա է լինելու, հաջորդը նախատեսվում է 2023 թվականի հուլիսին:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031