Այսօր Գյումրիում վերջապես շահագործեցին սուբվենցիոն ծրագրով՝ Գյումրու համայնքապետարանի և կառավարության համաֆինանսավորմամբ ձեռք բերված 63 միկրոավտոբուսներից 13-ը։ Մեկ տարուց ավելի է, ինչ ձեռք էին բերվել նոր միկրոավտոբուսները, սակայն դրանք կայանված էին «Սև Բերդ» ամրոցի տարածքում։
Այսօր նորացրեցին Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասը կենտրոնական հատվածին կապող երթուղին՝ թիվ 25-ը, որը մտադիր են դարձնել թիվ 5։ Գյումրեցիներից շատերը սա պատմական իրադարձություն են որակել՝ գրելով․ «Փառքդ շատ, տեր Աստված», «Տարոսը մյուս երթուղիներին»։
Գյումրեցիները նաև հետաքրքրվել են, թե ե՞րբ կփոխեն ծանրաբեռնված երթուղիների՝թիվ 20 կամ թիվ 22-ի դարն ապրած «գազելները»։
Ինչպես անդրադարձել ենք, Գյումրու հասարակական տրանսպորտը խայտառակ վիճակում է, այս քաղաքի բնակիչներից շատերը դժգոհում են, որ «գազելները» լեփ-լեցուն են, քիչ մնա շուռ գան, օգտվելն անհնար է, երեկոյան ժամերին տրանսպորտ ընդհանրապես չկա․ գծատերերը գծից դուրս են բերում (նմանապես և շաբաթ-կիրակի օրերին)։ Գյումրին դարձել է թանկ քաղաքներից մեկը, քանի որ բնակիչները ստիպված են օգտվել տաքսիներից, որոնք ևս իրենց գներն են թանկացրել։
Կարդացեք նաև
Գյումրեցիները, այդ թվում և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, տևական ժամանակ է՝ քաղաքային իշխանություններից հետաքրքրվում էին, թե ինչո՞ւ երթուղի չեն մտցնում սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 63 նոր միկրոավտոբուսները, որոնք մեկ տարուց ավելի կայանած էին «Սև Բերդ» ամրոցի տարածքում։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հունիսի 21-ին քաղաքապետարանի աշխատակազմի հետ խորհրդակցություն անցկացնելիս՝ ասել էր․ «Ես այս առումով որպես մարզպետ՝ ունեմ բավականին խիստ դժգոհություն, որովհետև մոտ մեկ տարի ձգձգվում է աշխատանքը, կուզենամ հասկանալ, թե ինչով է հիմնավորվում այն հանգամանքը, որ միկրոավտոբուսները ձեռք են բերվել, բայց չեն շահագործվում։ Եթե շահագործման հետ կապված խնդիրներ կան, արձանագրենք, եթե պետք է պետության աջակցությունն այս մասով, դիտարկենք, թե ինչպիսի ընթացակարգ է սպասվում, ի վերջո այս հարցը հետաքրքրում է և՛ մեր լրագրողներին, և՛ քաղաքացիներին։
Ծրագիրը շուրջ 900 միլիոն դրամ է, բավական մեծ ռեսուրս պետական բյուջեից է գնացել՝ կառավարության միջոցներով շուրջ կես միլիարդ դրամ, և համայնքն էլ մեծ ներդրում է ունեցել, մեր քաղաքացիներն արդյունքը չեն տեսնում»։
Ի պատասխան մարզպետի դիտողության՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը պարզաբանել էր, որ ձգձգվել են ավտոբուսային պարկի շինաշխատանքները։ Վարդգես Սամսոնյանը խոստացել էր հնարավորինս արագ լուծել հարցը։
«Ես առաջարկել եմ, որ չսպասենք բոլոր միկրոավտոբուսները դուրս գան երթուղի, այլ գծով թող դուրս գան, մի գիծը դուրս գա, հետո հաջորդը, կարողանանք էդ միջոցով բնակիչներին տեղափոխենք նոր տրանսպորտով»,-ասել էր քաղաքապետը։
Այսօր, երբ քաղաքապետը կատարեց իր խոստումը, հետաքրքրվեցինք, թե ե՞րբ մյուս երթուղիները ևս կհամալրեն նոր միկրոավտոբուսներով։
Մեզ Գյումրու քաղաքապետարանից փոխանցեցին, որ հստակ օր չեն կարող ասել, սակայն քննարկվում է մյուս երթուղային գծերը ևս նոր միկրոավտոբուսներով համալրելու հարցը, կփորձեն հնարավորինս արագ կարգավորել խնդիրը։ Նրանք նաև տեղեկացրեցին, որ նոր միկրոավտոբուսները «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում են գտնվում։
Այսօր երթուղային գիծ մտած 13 միկրոավտոբուսները շահագործվել են առավոտյան ժամը 7․30-ից, երեկոյան մինչև 20․30 գծի մեջ կպահեն 4 մեքենա։
«Քանի որ առաջին օրն է, ուսումնասիրում ենք՝ օրվա ընթացքը՝ժամերի առումով, մեքենաների թվի առումով, տեսնում են մեքենաների թիվը բավականացնո՞ւմ է, չի բավականացնում, որպեսզի միջոցներ ձեռնարկենք մեքենաների թվի ավելացման կամ ժամային գրաֆիկի փոփոխման»,-պարզաբանեցին Գյումրու քաղաքապետարանից։
Նշենք, որ երթուղիներն այսուհետ շահագործելու է Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն, գծատերեր այլևս չեն լինելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ