Լրահոս
Օրվա լրահոսը

«Զիջել այն մտայնությամբ, որ դա կզսպի ադրբեջանական ագրեսիան, առնվազն միամտություն է». Տաթեւ Հայրապետյան

Օգոստոս 02,2022 15:52

Արցախի հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժը հերթական սրացմանն է դիմել։ Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ շփման գծում կայուն լարվածությունը պահպանվում է: Հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Aravot.am-ը թեմայի շուրջ զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանի հետ։

-Տիկին Հայրապետյան, եթե նախեւառաջ վերլուծենք Ադրբեջանի տեղեկատվական քարոզչության վերջին շրջանի գործողությունները, ապա ի՞նչ շեշտադրումներ կառանձնացնեք։ Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը ենթականերին հրամայել էր պատրաստ լինել դիմակայել «թշնամու սադրանքներին», Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրում էր իբրեւ թե սադրանքների համար, իսկ երեկ Գանձասարի ուղղությամբ տեղի ունեցավ հակառակորդի կոնկրետ ագրեսիա։ 

–Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանի տեղեկատվական քարոզչական քաղաքականության վերլուծությունը թույլ էր տալիս պնդել, որ Ադրբեջանը գնում է նոր սադրանքների և հնարավոր էսկալացիաների ճանապարհով: Թե՛ իրենց վերլուծական դաշտը, և՛ թե բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները հստակ ցույց էին տալիս Ադրբեջանի միտումները: Զաքիր Հասանովը հուլիսի 30-ին անցկացված խորհրդակցության ժամանակ հրամայել էր «պատրաստ լինել ցանկացած սադրանքի անհապաղ և վճռական կասեցմանը, որը կարող է իրականացնել հակամարտող կողմը»: Դրանից առաջ՝ հուլիսի 27-ին, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նաղիևը իր ելույթի ժամանակ հայտարարել էր. «Ափսոսանք է առաջացնում այն հանգամանքը, որ Հայաստանում ռևանշիստները չեն հրաժարվել իրենց սադրիչ գործողություններից: Հատուկ ծառայության կառույցների կողմից վճռականորեն կասեցվելու են նմանատիպ գործողությունների հետևանքները»: Դրան զուգահեռ Ադրբեջանում արագորեն չեզոքացվեցին և նույնիսկ ձերբակալվեցին մի շարք ֆեյսբուքյան ակտիվիստներ ու բլոգերներ, որոնք պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն էին տարածում ադրբեջանական բանակի վերաբերյալ: Այսօր էլ հայտնի դարձավ, որ պատժել են սերժանտի և զինծառայողի՝ սմարթֆոններից օգտվելու համար՝ կասեցնելով նրանց հետագա ծառայությունը բանակում: Այս ամբողջը հստակորեն ցույց էր տալիս, որ Ադրբեջանը գնում է նոր սադրանքների: Այս գործելաոճի մասին շարունակ խոսում էի վերջին մեկ շաբաթվա իմ հրապարակումներում: Հույս ունեի, որ ՀՀ ԱԳՆ–ն կանխարգելիչ քայլեր կձեռնարկի և իր միջազգային գործընկերներին ցույց կտա, թե ինչպես է Ադրբեջանը իմիտացնում խաղաղ գործընթացը՝ գնալով նոր էսկալացիայի ճանապարհով, բայց դատելով պաշտոնական հաղորդագրություններից` դա տեղի չունեցավ:

-Եւ, Ձեր դիտարկմամբ, Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում ի՞նչ պահանջներ եւ նպատակներ են դրված, ո՞րն է Ադրբեջանի առաջնային օրակարգն այս պահին։

–Իմ կարծիքով, Ադրբեջանը հետապնդում է և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ ծրագրեր: Երկարաժամկետ առումով սողացող պատերազմի տրամաբանության համատեքստում իրականացվող քաղաքականության նպատակն այն է, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում մարդիկ չապրեն, լքեն երկիրը, ինչը էականորեն կհեշտացնի Ադրբեջանի տարածքային հավակնությունների իրագործումը: Կարճաժամկետ առումով երկու հիմնական խնդիր ունեն դրված սեղանին, նախ` հարկադրել հայկական կողմին գնալ բացառապես իրենց պայմաններով «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, ինչը ենթադրում է ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչում որպես Ադրբեջանի մաս: Դրանից հետո արդեն արցախահայության ֆիզիկական գոյությունը դրվում է հարցականի տակ: Որքան էլ ապավինենք ռուս խաղաղապահների ներկայությանը, միևնույն է, պետք է կարողանանք ինքնապաշպանություն ապահովել: Եթե երեկվա ադրբեջանական ագրեսիան չհանդիպեր Արցախի ՊԲ–ի հակազդեցությանը, ապա հետևանքները կարող էին շատ ավելի ցավալի լինել:

Բացի «Խաղաղության պայմանագրից» Ադրբեջանը նպատակ ունի հասնել զիջումների «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Ուստի սադրանքները թե՛ Արցախի հետ շփման գծի, և թե՛ ՀՀ սահմանների ուղղությամբ նպատակ ունեն դրդելու հայկական կողմին գնալ հերթական զիջումների: Բայց զիջումներից հետո, իրենք նոր պահանջներ են ներկայացնելու: Ուստի զիջել այն մտայնությամբ, որ դա կզսպի ադրբեջանական ագրեսիան, առնվազն միամտություն է, դա միայն ավելի ագրեսիվ է դարձնում Բաքվին: Ընդհակառակը, որքան զիջում ենք, այնքան թուլանում ենք, որքան թուլանում ենք, այնքան խոցելի ենք և տանուլ տված: Ուստի խաղաղության ապահովման թիվ մեկ երաշխիքը ուժեղ բանակն է և անվտանգային կայուն համակարգը: Իսկ դիվանագիտական ճակատում պետք է այնքան հմուտ և հեռատես գործել, որ Ադրբեջանը չգնա գործընթացի իմիտացիայի, իսկ իրականության մեջ պատրաստվի նոր ագրեսիայի: Դա կանխելու համար պետք է ինտենսիվ աշխատել հատկապես միջնորդների հետ:

Եթե իշխող ուժին թվում է, որ իրականությունից փախչելով, կեղծ օրակարգեր ստեղծելով, պայքարն ու նվիրումը արժեզրկելով՝ զսպելու են Ադրբեջանի ռազմատենչությունը, ապա չարաչար սխալվում են: Նրանց չհաշվարկված հայտարարություններն ընդամենը դառնում են գործիք Բաքվի քարոզչամեքենայի ձեռքին և ուղղվում մեր դեմ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031