Եվրոպական միությունը հաստատել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» և «Հայաստանի ՔՈՎԻԴ-19 դիմակայման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում դրամաշնորհի ձևով 14.2 մլն ԵՎՐՈ հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը։ Փոխանցման հաստատման որոշումը կայացվել է հաշվի առնելով ընտրված ոլորտային ուղղություններում առաջընթացի գնահատման դրական արդյունքները, մակրոտնտեսական կայունությունը, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկությունը։
«Այս հատկացումը Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև հաջող համագործակցության արդյունք է, և արտացոլում է համավարակի հետևանքներից վերականգնման և ՀԸԳՀ համաձայնագրի իրականացման Կառավարության հանձնառությունը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ արդյունավետ գործընկերությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանը և երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ամրագրված հիմնական բարեփոխումների իրականացմանը»,- նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
14.2 մլն. ԵՎՐՈ հատկացումների փոխանցումը կաջակցի Հայաստանին իրականացնել արդարադատության ոլորտի բարեփոխումները և մեղմել ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանը իրականացնել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ) համահունչ ստանձնած բարեփոխումները:
Կարդացեք նաև
Եվրոպական միության հայաստանյան գրասենյակ