Լրահոս
Օրվա լրահոսը

«Նժդեհի նման մարդու կարիք ունեմ, որ թքած ունի ե՛ւ Արեւմուտքի վրա, ե՛ւ Արեւելքի ու Ռուսաստանի վրա». Լեւոն Ջավախյան

Օգոստոս 02,2022 15:18

Վերնիսաժով անցնելիս հնարավոր չէ կանգ չառնել Լեւոն Ջավախյանի տաղավարի մոտ: Թեեւ ուրիշներին է այդպես բնորոշում, բայց հենց ինքն է տեղով տոն ու տրամադրություն: Լեւոն Ջավախյանը բացառիկ գրող է՝ ե՛ւ իր ստեղծած գրականությամբ, ե՛ւ կերպարով: Նա երեւույթ է՝ արծաթ վաճառող գրող, որի ստեղծագործությունների հերոսներից շատերն ամեն օր անցնում են նրա սեղանի կողքով, որտեղ խնամքով արծաթից խաչեր ու զարդեր են շարված, իսկ մի անկյունում՝ իր հեղինակած գրքերը:

Հերթական պատահական հանդիպման ժամանակ հարցնում եմ՝ ինչի՞ց կարող է տրամադրությունը բարձրանալ: «Մարդուց… Ինձ համար մարդը տոն ա, Հեմինգուեյի համար Փարիզն էր տոն, ինձ համար լավ մարդը…», – ասում է գրողը: «Մարդիկ էլ կան, գալիս են իրենց բացասական աուրայով, ուզում են խոսեն, շփվեն, բայց ճնշվում ես, մտածում ես՝ երբ պիտի էս մարդը գնա», – հավելում է նա:

Հաճախ սովորական քաղաքացիները հանրային մարդկանց տեսնելիս հարցնում են. «Մեր վերջը ո՞նց ա լինելու»: Լեւոն Ջավախյանն այս հարցից տխրում է. «Կտրվի էն վերջը, որ ուրիշի վերջից է կախված… Եթե ազգիդ ճակատագիրը, քո բախտն ու երջանկությունը քեզանից չի կախված, ուրիշից ա կախված, դա սարսափելի վերջ ա… Երբ տրամադրությունս ընկնում ա, շրջապատի ճնշող գրոհը շատանում ա, ասում եմ՝ ոնց պաշտպանվեմ, ակամայից ասում եմ՝ ես Լեւոնը չեմ, Ջավախյանը չեմ, ես մարդ չեմ, կրիա եմ, գլուխս քաշում եմ իմ պատյանի մեջ, որ դիմագրավեմ էս արհավիրքին… Վերջը էն ա, որ ինչ-որ տեղ քեզնից ա կախված լինում: Ես մի խոսք ունեմ, շատ եմ ասում: Մի ընկերոջ՝ Շահինյան Սամվելի մոտ էլ ասացի, ասաց՝ ոնց որ Տիբեթի դալայ լամա լինես, ասում եմ՝ մարդ որ ծնվելու բախտ ա ունեցել, պիտի մեռնելու բախտ էլ ունենա, ես երազում եմ էդպիսի վերջ»:

Ջավախյանն ասում է՝ կյանքը թանկ է նրանով, որ կան այն գեղեցկացնող, գույն տվող մարդիկ. «Էդ մարդիկ քեզ հույս են տալիս, հավատ են տալիս, ուժ են տալիս… Էսօրվա օրով ես Նժդեհի նման մարդու կարիք ունեմ, որ թքած ունի եւ Արեւմուտքի վրա, եւ Արեւելքի ու Ռուսաստանի վրա… Ինքը սիրում, գուրգուրում ա ազգը, պատրաստ ա իր կյանքը տա, գոնե մի պատառ պահելու համար: Էսօր ես դրա կարիքն ունեմ: Որ նման մարդիկ մեր երկրի ղեկի առաջ հայտնվեն, իմ անձնական երջանկությունն էլ կգա ու հանրային երջանկություն կլինի»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Սփյուռքի գործիչների մուտքը Հայաստան, Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելելուն: «Սա սարսափելի ա, լսո՞ւմ ես… Էդ մարդը (Նիկոլ Փաշինյանը – Գ. Հ.) իր քաղաքական ներկապնակը համալրում ա ոչ թե արհեստավարժ մարդկանցով, այլ նրանցով, որոնք իրեն հավատարիմ են եւ աներկբա նվիրված են, կապ չունի՝ էդ պաշտոնում երկրին օգուտ կտան, թե՝ չէ: Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակին արած մի քայլը իմ դուրն եկավ: Ինքն ու Վազգեն Մանուկյանը անտագոնիզմի մեջ էին, բայց երկրի ծայրահեղ վիճակում, երբ լինել-չլինելու հարց կար, նրան Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտպանության նախարար նշանակեց… Իսկ էս վարչապետը, եթե անգամ զգա, որ երկիրը ալեկոծ ծովի մեջ խորտակվում ա, կարող ուժերին շանս չի տա: Դրա համար ով իրեն դեմ ա, հայրենիք մուտք չունի, միայն իր մանկլավիկները մուտք ունեն…», – ասաց գրողը:

«Հաճախ ասում են՝ ժողովուրդը վատացել ա, փոխվել ա, բայց ոչինչ էլ չի փոխվել, էլի նույն ժողովուրդն ա… պարզապես Աստված կավից մարդ ստեղծեց, էս մարդը մարդուց կավ ա ստեղծում, դեռ ավելին՝ աղբ ա ստեղծում: Ժողովուրդը նույնն ա, օրինակ, Արամ Մանուկյանը էդ նույն ժողովրդից հերոսական զինվոր ստեղծեց, Սարդարապատի ճակատամարտ տվեց ու հաղթեց, էս մարդն էլ հերոսական ժողովրդից ստեղծեց մի զանգված, որ պատրաստ ա հլու-հնազանդ կոտորվելու, էդքան էլ երեխա զոհվեց», – հավելեց նա:

Երեւանն այլեւս միատարր չէ, ի՞նչ նոր ու հետաքրքիր մարդկանց է հանդիպում, որոնք հնարավոր է՝ գալիք ստեղծագործությունների հերոսներ դառնան: «Լեւոն Գալստյանը մի հետաքրքիր հայտնագործություն ա արել, ասում ա՝ Լեւոն, քո պատմվածքների լեզուն աքսիոմատիկ ա… Ասում ա՝ անհնարին ա, էդ աքսիմատիկ նախադասություններով պատմվածք գրես, բայց դու էդ անհնարինը հնարավոր ես դարձնում: Հիմի մի էդպիսի աքսիոմատիկ նախադասություն կա, որ Մերուժան Տեր-Գուլանյանի դուրն եկել ա ու միշտ օգտագործում ա՝ հերս ինձ ղրկեց Երեւան, որ մարդ դառնամ, բայց ես եկա ու քաղաքացի դարձա: Ասածս էն ա, որ էդ Երեւանի մեջ, էդ քաղաքացու մեջ միշտ, անընդհատ, ես փնտրում եմ մարդը: Կան մարդիկ, որոնք կամա-ակամա ամեն այցելությամբ քեզ տոն են պարգեւում:

Եվ հետո պարտադիր չի՝ աշխարհը շրջես, որ երկրագունդը ճանաչես: Կարելի է ստատիկ նստել Վերնիսաժում եւ տեսնել՝ աշխարհն ա քո շուրջը պտտվում: Էլի դու ճանաչում ես էդ աշխարհը: Եվ աշխարհի ամենամեծ զարդարանքը հոգեւոր առումով մարդն ա… Էս վերջերս գնացել էի Շամշադին, տեսա Լոռուն ոչ պակաս զիջող բնություն ունի, բայց Լոռու պատիվն ու փառքը չունի: Եվ գտա պատճառը՝ Լոռին տեր ունի, Շամշադինը՝ չունեցավ: Լոռու տերը Թումանյանն ա, եթե Թումանյանը չլիներ, Լոռվա ձորն ի՞նչ էր՝ քար, ժեռ, ջուր… Մի խոսքով, կարեւորը հոգեւորն ա, որ սիրունացնում ա աշխարհը, թե չէ, մնացած դեպքերում, կյանքը քար, ժեռ ա… Մարդն ա մտնում, ու գեղեցիկ պատկերներ են դուրս գալիս»:

Խոսք գնաց «թավշյա» հեղափոխությունից հետո քաղաքացի բառի առաջացրած վատ ընկալումների մասին, օրինակ՝ հպարտ քաղաքացի եւ այլն… «Ես ազատ մարդ եմ եղել, բանակի կյանքին չէի հարմարվում, մեկ էլ զգացի, որ ես չեմ ժպտում, չեմ ծիծաղում բանակում… Միակ տեղը, որ չեմ հարմարվել, բանակն էր, որովհետեւ իմ անսահման ազատությունը հակադրվում էր բռնապետական ռեժիմի, բանակային կյանքի հետ…Հիմա էլ ինձ բռնացնում եմ նույն մտքի վրա, որ կյանքը դառել ա անժպիտ, ժպտում եմ էպիզոդիկ, երբ ասենք, ձեզ նման մարդիկ են գալիս: Ես իմ մասին չեմ մտածում, արդեն 72 տարեկան եմ, հաշտվել եմ մահվան հետ, բայց ես ելք եմ ուզում էս ազգի ու ժողովրդի համար… Ու քանի էս վարչակազմը կա, լույսի ու հույսի ոչ մի շող չի կարող լինել: Ճիշտ է՝ լույսն ու հույսը ազգի բանականության մեջ ա, մեր ազգի լավատեսության, գենետիկ կարողության մեջ ա, որ պատմության խաչուղիներով անցել ա ու, այնուամենայնիվ, շատ ազգեր ավազներին կուլ են գնացել, բայց մենք մնացել ենք… Էդ առումով հույս կա, բայց կոնկրետ հույս ու ելք այս պահին չեմ տեսնում», – մեր զրույցի ավարտին ասաց Լեւոն Ջավախյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031