Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Ադրբեջանի հերթական փորձն է զիջումներ կորզելու. իրենց օրակարգում խաղաղություն չկա». Գրիգորի Այվազյան

Օգոստոս 02,2022 15:05

Արցախի հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժը հերթական սրացմանն է դիմել։ Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ շփման գծում կայուն լարվածությունը պահպանվում է: Հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Թեմայի շուրջ Aravot.am-ի զրուցակիցն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանը։

-Պարոն Այվազյան, վերջին շրջանում ականատես եղանք Ադրբեջանի տեղեկատվական քարոզչության ագրեսիվ դրսեւորումներին. Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրամայեց պատրաստ լինել «թշնամու սադրանքներին պատասխանելուն», ադրբեջանական կողմը շփման գծում մի շարք «սադրանքների» պատասխանատվությունը բարդեց հայկական կողմի վրա։ Սրանք շղթայի մեկ օրինակն են միայն։ Ի՞նչ շեշտադրումներ կառանձնացնեք այս շղթայում եւ որո՞նք են ադրբեջանական կողմի նպատակները։

-Ձեր թվարկածն, այո, նախապատրաստումն էր Ադրբեջանի կողմից այն գործողություններին, ինչին երեկ ականատես եղանք Արցախում։ Նախորդող հատվածում Տավուշի ուղղությամբ եւս արձանագրվել էր սրացում, Ալիեւը հայտարարել էր, որ չի պատրաստվում երկար սպասել, մեզանում էլ ասվել էր, որ ամեն գնով պետք է «խաղաղության գնալ»։ Բացի այդ, հուլիսին բանակցություններ էին ընթանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Տեսանք նաեւ Ադրբեջան-ԵՄ խայտառակ գազային գործարքը, ՌԴ-Ադրբեջան հետախուզական  ոլորտի փոխգործակցության համաձայնագիրը, Քարվաճառում եւ Ակնայում ռուս խաղաղապահների դեմ ադրբեջանական սադրանքները, ռուսական զորքին Բերձորում վանդալիզմի մեջ մեղադրելու որակումները։ Այս ամենը տեղեկատվական փոթորիկ էր Ադրբեջանում, որին զուգահեռ պետք է նկատենք նաեւ Ադրբեջանում տեղաբնիկների խնդիրների եւ քաղաքական ընդդիմության սրացումները։ Այս ամբողջը մեկ հարթակի վրա դնելով՝ ակնհայտ է, որ Արցախում երեկ եղածն ամենեւին պատահական չէ։ Դա Ադրբեջանի հերթական փորձն է հայկական կողմից զիջումներ կորզելու։ Առնվազն այսպես կոչված «անկլավների» խնդրի մասին է խոսքը։ Մյուս կողմից հայտարարվել է, որ մեր զինակոչիկներն այլեւս Արցախում չեն ծառայելու։ Կարճ ասած՝ մեզ տանում են իրենց համար «կառուցողական» հունով, որով Ադրբեջանն ահաբեկելու է հայ հասարակությանն Արցախում եւ ՀՀ-ում, որպեսզի Արցախում անձնատուր լինեն, իսկ ՀՀ-ում մարդիկ պատրաստ լինեն գնալ զիջումների մինչեւ վերջ։ Սա խոսում է այն մասին, թե Թուրքիան ու Ադրբեջանն այս տարածաշրջանում ինչպիսին են տեսնում ՀՀ-ի ապագան։

-Ձեր դիտարկմամբ, ապագայի համար ի՞նչ եզրակացնել այս ամենից։

-Ասողին լսող է պետք։ Երբ ՀՀ-ում ասում են, թե պետք է տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններն Արցախի խնդրից, դրանով արդեն իսկ ամեն ինչ ասում ենք։ Որոշ մարդիկ գուցե մոռացել են, որ Ադրբեջանի հետ մեր հիմնական խնդիրը եղել է Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն ու դրանից ածանցվող Արցախի հարցը։ Մենք պետք է պատրաստ լինենք համարժեք կոշտ պատասխանի, որի համար անհրաժեշտ է սթափություն, քաղաքական ղեկավարության պատրաստակամություն, որով ժողովրդին պետք է նախապատրաստել ճշմարտությանը, ոչ թե կեղծ օրակարգին, որի անունը դրել են «խաղաղության օրակարգ»։ Այն գոյություն չունի եւ չի էլ եղել։ Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում իրենց օրակարգում խաղաղություն չկա։ Կա հետեւյալ օրակարգը՝ ՀՀ-ի բզկտումը, ստորացումը, սուբյեկտայնությունից զրկումը, Արցախի վերացումը։ Սա պետք է գիտակցենք եւ համարժեք արձագանքենք քարոզչության, արտաքին քաղաքականության, ռազմական ոլորտում եւ պատրաստ լինենք ռազմական ուժով դիմադրություն ցույց տալու։ Թուրք-ադրբեջանական տանդեմը միայն այդ լեզուն է հասկանում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031