Genesis Armenia-ի հիմնած ադրբեջանագիտության կենտրոնի առաջին շրջանավարտներն ստացան իրենց ավարտական վկայականները։
Ավարտական քննությունը, որը կազմված էր բանավոր ու գրավոր բաղադրիչներից, տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանում։
Առաջին փուլի իննամսյա խտացված դասընթացների ընթացքում ուսանողները սովորել են ադրբեջաներեն, ուսումնասիրել Ադրբեջան պետությունը։
Վկայականների հանձնման արարողությանը ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը։
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը նշեց, որ Կարօ Կարապետյանի անունը կրող կենտրոնը շեշտը դրել է ոչ թե քանակի, այլ որակի վրա։
Կարդացեք նաև
«Գրեթե 2 տարում մենք պատրաստում ենք մագիստրոսական կրթությանը համազոր՝ լեզվի, պատմության, քաղաքականության և տնտեսության, ռազմական և հետախուզական գիտելիքների մեծ պաշար ունեցող մասնագետների, որոնք Արցախում կրթության նոր մակարդակ են ապահովելու»,-նշեց Գասպարյանը՝ ընդգծելով, որ ֆինանսական ու գիտամտավոր հսկայական ռեսուրս է ներդրվել այս գործը հաջողելու նպատակով։
ԱՀ պետնախարարի խոսքով՝ 44-օրյա պատերազմից առաջ ու հետո նմանատիպ դասընթացներ կազմակերպելու բազմաթիվ փորձեր եղել են, բայց բոլորն էլ ինչ-որ պահի կիսատ են մնացել։
«Genesis Armenia-ն ասաց և արեց, իսկ մենք՝ պետական մարմիններս, պատրաստ ենք առավելագույնս աջակցել ձեզ՝ պրոֆեսիոնալ, սրտացավ ու հայրենասեր մասնագետներ պատրաստելու գործում»,- ասաց Արտակ Բեգլարյանը:
Արցախի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանի խոսքով՝ թշնամին հզոր հայագիտական դպրոցներ է ստեղծել, և մենք պարտավոր ենք շատ արագ վերականգնել բալանսը։
ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն էլ, արժևորելով կատարված աշխատանքը, նշեց, որ Արցախի ապագայի համար մեզ անհրաժեշտ են պետականամետ, գիտելիքով զինված մասնագետներ:
Կենտրոնի 13 շրջանավարտից 10-ը, հաղթահարելով քննական արդյունքների պահանջված նշաձողը, անցավ երկրորդ փուլ։ Նրանք շարունակելու են սովորել ևս 9 ամիս։
Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի: Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։
Genesis Armenia