Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Օգոստոսի 2-ին ընդունեցի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին եւ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին
Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետաքրքրվեց մարզի սահմաններին տիրող իրավիճակով, բնակավայրերի ջրամատակարարման, գազամատակարարման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, ապաստարանների ընդհանուր վիճակի, շինարարական աշխատանքների ընթացքի, քաղաքացիներից ստացված դիմումների կամ ահազանգերի հասանելիության եւ արձագանքման հետ կապված հարցերով։
Նշեմ, որ մարզպետարանը մշտական կապի մեջ է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության հետ, տիրապետում է իրավիճակին եւ անում է հնարավորը, որպեսզի ապահովվի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը, բնակչության խաղաղ կյանքն ու աշխատանքը։
Կարդացեք նաև
Բնական է, որ կյանքը հիմա մեր մարզի սահմանամերձ բնակավայրերում որոշակիորեն դժվարացել է, որը պայմանավորված է միայն եւ միայն ադրբեջանական զինուժի սպառնալիքով, որը գոյություն ունի 2021 թվականի մայիսյան ներխուժման արդյունքում։ Այդուհանդերձ, մեր բանակը կարողանում է ապահովել բնակչության անդորրը եւ խաղաղ աշխատանքը։ Մենք այդ բնակավայրերում սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր ունենք իրականացնելու։ Հուսով եմ, որ մեր սահմանամերձ բոլոր բնակավայրերը կամրապնդվեն ու կընթանան բնականոն զարգացման ճանապարհով։ Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են այդ բնակավայրերի բոլոր հիմնախնդիրները, որոնց փորձում ենք քայլ առ քայլ լուծում տալ։
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանին հետաքրքրող մյուս հարցերին՝ ասեմ, որ տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրներից շատերը եւս աստիճանաբար կարգավորվում են ամենատարբեր ծրագրերի միջոցով, որոնց արդյունքում կառուցվում են նոր մանկապարտեզներ ու դպրոցներ, ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման համակարգեր, գազատարներ, գիշերային լուսավորության ցանցեր, էականորեն բարելավվում է մարդկանց ապրելակերպը, զարգանում են թե քաղաքային, թե գյուղական բնակավայրերը։ Տարեցտարի պետական եւ սուբվենցիոն ծրագրերի հաշվին ավելանում են շինարարության ծավալները։
Եթե նախորդ տարում մենք ունեցել ենք ՀՀ կառավարության կողմից հաստատված 7,5 միլիարդ դրամի շինարարական ծրագրեր, ապա այս տարի այն հասել է 11,5 միլիարդի։ Արդեն ոչ թե զբաղվածության, այլ աշխատող ու որակյալ շինարարների խնդիր ունենք։ Բոլոր շինարարական ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ապաստարանների կառուցմանը։
Ինչպես հավաստեց ՄԻՊ գրասենյակի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Հայկ Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետարանի հետ ՄԻՊ գրասենյակը պահպանում է համագործակցության բարձր մակարդակ, որի արդյունքում հիմնականում կարգավորվում են բարձրացված բոլոր հիմնահարցերը, քաղաքացիներն էլ ժամանակին ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները։
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության եւ ընդունելության համար` նշելով, որ կշարունակեն իրենց փաստահավաք առաքելությունը, կլինեն համայնքներում, մոտիկից կծանոթանան հիմնախնդիրներին, բնակչությանը հուզող հարցերին, նաեւ պատրաստ կլինեն համատեղ քննարկել ծագած խնդիրները՝ ի շահ հանրային բարօրության, մարդկանց խախտված իրավունքների վերականգնման։
Հանդիպումից հետո Քրիստինե Գրիգորյանը ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներ ուղեկցությամբ այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր։