Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումներն ու առաջարկությունները. հայտարարություն

Օգոստոս 02,2022 17:03

Կառավարության՝ 21․07․2022թ․ նիստում ընդունվել է  ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումները և առաջարկությունները։ ՀՀ արդարադատության նախարարությունն այդպես էլ չի տրամադրել պատասխան կամ պատճառաբանություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիրքորոշումների և առաջարկությունների ընդունման կամ մերժման վերաբերյալ, ինչը չի համապատասխանում իրավական ակտերի նախագծերի մշակման մասնակցայնության և բովանդակային հանրային քննարկման սկզբունքներին։

Նախկինում գործող՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրականացրել են համապարփակ մշտադիտարկում և հրապարակել զեկույցներ։ Զեկույցները վկայում են նախորդ ռազմավարության կատարման շուրջ մի շարք խնդիրների մասին, ինչպես նաև ներկայացնում ռազմավարության բարելավմանն ուղղված փոփոխություններ կատարելու բազմաթիվ առաջարկություններ։ Տվյալ առաջարկները ներկայացվել են Արդարադատության նախարարություն ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ առձեռն՝ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային խմբի հանդիպումներին։ Նոր ռազմավարության նախագծի վերաբերյալ ներքոնշյալ կազմակերպությունները ներկայացրել են առաջարկներ նաև հանրային քննարկումների փուլում։

Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները՝ նախատեսելով նոր ժամկետներ, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք պիտանի և բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։ Այնուամենայնիվ, հիմնական խնդիրները հանգում են հետևյալին․

  • Դատական համակարգի բարեփոխումների կենտրոնում շարունակում է լինել դատավորների վեթինգ իրականացնելու հարցը, ինչը դեռևս 2018 թ.-ից առաջարկվել է ՀՀ կառավարությանը մանրամասն ճանապարհային քարտեզի և օրենսդրական առաջարկների հետ միասին։ Այնուհանդերձ, նոր ռազմավարությամբ դատավորների վեթինգն ամրագրված չէ որպես ռազմավարական գործողություն։
  • Արձանագրվել են փաստահավաք հանձնաժողովի մանդատի, անկախության, հաշվետվողականության և ներկայացուցչականության երաշխիքների հետընթաց։ Մասնավորապես՝ Ռազմավարությամբ նախատեսվել է փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի շրջանակներում, մինչդեռ փաստահավաք հանձնաժողովի անկախ կարգավիճակի բացառումը կասկածի տակ է դնում հանձնաժողովի աշխատանքի անաչառությունն ու օբյեկտիվությունը։
  • Դատախազության համակարգի համար նախատեսված բարեփոխումները հատվածային են և ոչ բավարար՝ համեմատած նախորդ Ռազմավարության նույնանուն ուղղության հետ, միակ գործողությունը դատախազական համակարգում բարեվարքության պարբերական գնահատում իրականացնելն է, մինչդեռ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ նախատեսվում էր դատախազական համակարգում իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այդ թվում՝ որակավորման հանձնաժողովի ձևավորման և էթիկայի հանձնաժողովի կազմավորման կանոնների փոփոխություն, էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցում գլխավոր դատախազի ազդեցության նվազեցում, դատախազության ինքնավար, ներկայացուցչական մարմիններում դատախազների ներգրավվածության աստիճանակարգվածության փոփոխություն և այլն: Մեր կողմից առաջարկվել էր նաև դատախազության համակարգի համար Կոլեգիալ որոշում կայացնող մարմնի՝ խորհրդի ստեղծումը՝ որպես համակարգի անկախության և անաչառության բարձրացման երաշխիք (փոխկապակցված է սահմանադրական բարեփոխումների հետ), որը սակայն տեղ չի գտել նոր ռազմավարության մեջ։
  • Չեն իրականացվել և Ռազմավարությունից դուրս են թողնվել այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են վարչական մարմինների և նրանց գործողությունների վիճարկման շրջանակի ընդլայնումը, վարչարարության արդյունքում խախտված իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովումը, վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետ մեխանիզմների ներդնումը:
  • Ռազմավարությունն ունի ենթաօրենսդրական ակտի կարգավիճակ, ինչը բացառում է օրենսդիր մարմնի կողմից դրա կատարումն ու արդյունավետությունը գնահատելու ցուցիչներ սահմանելն ու Ազգային ժողովի կողմից դրա հաստատելը։
  • Բացակայում է նախորդ՝ 2019-2023 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրի կատարողականը, գործողությունները չկատարելու կամ մասնակի կատարելու պատճառները և խոչընդոտները։

Մեր կողմից բարձրացված խնդիրները և առաջարկությունները վերը թվարկվածով չեն սահմանափակվում և ընդգրկում են Ռազմավարության գրեթե բոլոր նպատակներն ու ուղղությունները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նշում ենք, որ չնայած ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը պարունակում են արդարադատության համակարգի զարգացման համար որոշակի բարենպաստ միջոցառումներ, դրանք չեն արտահայտում քաղաքացիական հասարակության կողմից տարիներ շարունակ բարձրաձայնված լուծումները։ Միաժամանակ, տվյալ ռազմավարական փաստաթղթերը մշակվել են ոչ բավարար հանրային մասնակցությամբ, ինչը չի համապատասխանում քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործության սկզբունքներին։

Քաղաքացիական վերահսկողությունը կարևոր դեր է խաղում իրավական, ժողովրդավարական պետության զարգացման գործում։ Հետևաբար, հանրային նշանակություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և ընդունման գործընթացը պետք է ընթանա հասարակության լայն շրջանակների պատշաճ մասնակցության ապահովմամբ։ Ո՛չ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի իրագործումը համակարգող խորհրդի, ոչ էլ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը չէր համապատասխանում թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքներին, աշխատանքներում բացակայում էին մշտադիտարկման և գնահատման արդյունավետ կառուցակարգերը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք 2022-2026թթ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում, ինչպես նաև ծրագրի բարելավման, մշտադիտարկման և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով ձևավորվող Մշտադիտարկման խորհրդի գործունեությունը և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը կազմակերպել բաց երկխոսության, քաղաքականության և օրենսդրության մշակման գործընթացներին հասարակության մասնակցության կանոններին և  սկզբունքներին համապատասխան։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031