2021 թվականի օգոստոսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում երեք զինծառայողի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է:
Սպանության համար մեղադրվում է մահացածների համածառայակից Ա․Հ․-ն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն)։ Այս գործով մեղադրանք է առաջադրված նաև դիրքի ավագին՝ «ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու համար: Ավելի վաղ նա մեղադրվում էր նաեւ ծառայակցի (սպանության մեջ մեղադրվողի) նկատմամբ «սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու» մեջ: Սպանության համար մեղադրվող զինծառայողը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, պատմել է, թե երեք համածառայակցին սպանել է դիրքի ավագի կողմից սեռական բռնության ենթարկվելուց հետո:
Ըստ նրա՝ սպանվածներից մեկն ականատես է եղել, թե ինչպես է դիրքի ավագն իրեն բռնաբարում ու պատմել մյուս երկուսին, եւ հետագայում իրեն ծաղրել են կատարվածի համար: Ըստ նախաքննական նյութերի, այս զինծառայողը բազմիցս փոխել է կամ «ծաղկացրել» է իր ցուցմունքները: Ավելի ուշ պատմել է, որ իրեն բռնաբարած դիրքի ավագը նաեւ տեսանկարահանել է կատարվածը, ցույց տվել դիրքի մյուս տղաներին: Այդ նկարների ցուցադրությունից հետո իրեն շանտաժ են արել, ինչի համար ինքը սպանել է այդ երիտասարդներին: Ավելի ուշ ցուցմունքը լրացրել է, թե նույն բռնի սեքսուալ գործողություններն իր նկատմամբ փորձել է կատարել նաեւ սպանված համածառայակիցներից մեկը:
9 հատորանոց քրեական գործը դիրքի ավագի պաշտպան Հրանտ Դավթյանը համարում է աբսուրդ:
Կարդացեք նաև
«Անցած տարվա սեպտեմբերին, երբ փորձագետի եզրակացությունը ստացանք, որ սեքսուալ բնույթի ոչ մի հետք չի հայտնաբերվել, ինչում մեղադրում էին իմ պաշտպանյալին, դատատեխնիկական փորձաքննության եզրակացությունը, որով հերքվեց նման նկարների գոյությունը հեռախոսներում, մենք միջնորդեցինք, որ սպանության համար մեղադրվողի հետ եւս մեկ անգամ առերեսվենք: Երբ ներկայացանք առերեսման, մոտ քսան րոպե այլ աշխատասենյակում սպասեցինք, իսկ ում հետ պետք է առերեսվեինք՝ քննիչի աշխատասենյակում էր: Սպասելուց հետո ինչ-որ խոսակցություններ էին գնում, մտա քննիչի աշխատասենյակ եւ հարցրի՝ ինչու չենք սկսում առերսումը: Տեսա մեղադրյալը կարմրած, գլուխը կախ գցած նստած էր: Երբ այդ հարցը ուղղեցի, ոչ թե մեղադրյալը պատասխանեց, այլ քննիչը, ասաց՝ իբրեւ թե մեղադրյալն իրեն վատ է զգում ու այս պահին չի կարող առերեսվել: Հետագայում պարզվեց, որ այդ նույն օրը մեզանից հետո այդ մեղադրյալից ցուցմունք են վերցրել: Ինքն ավելի է ծաղկացրել: Հիմքեր ունեմ մտածելու, որ հենց քննիչի դրդմամբ չառերեսվեց ու ցուցմունքը նորից ծաղկացրեց… թե սպանված երեք տղաներն են փորձել այդ նույն գործողություններն անել, հետո նրանցից մեկն է առանձին փորձել այդ նույն գործողություններն անել», – Aravot.am-ին պատմեց փաստաբան Հրանտ Դավթյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ անցած տարվա հոկտեմբերին այդ նույն մեղադրյալը մեկուսարանում նամակ է ուղարկել մյուս մեղադրյալին՝ դիրքի ավագին եւ ներողություն խնդրել. «Այդ նամակները մեր ձեռքի տակ են: Նամակ է գրում, ասում է՝ կներես: Ես իմ սխալը հասկացել եմ, ես սխալ եմ արել, որ այսպիսի բաների մեջ քեզ մեղադրել եմ, իրականում դու էլ, ես էլ գիտենք, որ այդ դեպքը տեղի չի ունեցել, բայց սպանությունն էլ ես չեմ կատարել: Երբ այդ նամակները վերցնում եմ, զանգում եմ նրա փաստաբանին, հարցնում եմ՝ տեղյա՞կ ես սենց թուղթ է գրել, չեմ ասում՝ երբ է գրել, ուղղակի ասում եմ, որ նման բան է գրել: Փաստաբանն ասում է՝ չի կարող լինել նման բան: Հարցնում եմ՝ ինչո՞ւ չի կարող լինել, ասում է՝ որովհետեւ մենք այդ օրը ժամը երեքից մինչեւ յոթը քննիչի մոտ ենք եղել, ինչ-որ քննչական գործողություններ են արել, ու ինքը չէր կարող այդ նամակը գրել: Հետագայում ինչ է պարզվում, որ փաստաբանի նշած այդ նույն օրը, իրոք ժամը երեքից մինչեւ յոթը այդ մեղադրյալից ցուցմունք են վերցրել 15 րոպե, յոթ-ութ տող: Իսկ այդ 7-8 տողն ինքն արդեն մի ութ անգամ ասել էր՝ ես եմ սպանել, ես եմ սպանել:
Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ ժամը 3-7-ը դուք ի՞նչ էիք անում, որ այդ տղային 15 րոպե եք հարցաքննել: Այդ հարցը նաեւ քննիչին եմ ուղղել, ասել է՝ փաստաբանի հետ էր տեսակցում: Ասում եմ՝ երբվանից է քննիչը մեղադրյալին մեկուսարանից կանչում, որ փաստաբանի հետ տեսակցի: Ծիծաղելի բաներ են ասում: Ակնհայտ է, որ համոզել են, որ իր ցուցմունքներից չհրաժարվի: Բացի այդ մեկուսարանում այդ մեղադրյալի հետ հանդիպել եմ, հարցրի՝ ոնց ես: Ինքը սկսեց բացատրել, որ իր վրա ճնշումներ են գործադրում, որ այդ ցուցմունքներն իր կամքով չի տվել: Ասաց՝ դեռեւս Գորիսի Ռազմական ոստիկանության չգիտեմ որ աշխատակիցը, հետագայում քննիչը, ճնշումներ են գործադրել իր վրա: Ասացի՝ բա փաստաբան ունես, ինչու այդ ամենը չես պատմում փաստաբանիդ: Բառացիորեն փոխանցում եմ իր ասածը, ասաց՝ փաստաբանը քննիչի շունն է: Խնդրեց, հանդիպեմ իր ծնողներին ու բացատրեմ իրավիճակը: Ինձ էլ ասաց՝ ես չեմ սպանել, բայց ինձ իջեցրել են ռազմական ոստիկանություն ու ասել են, քանի որ արթուն հերթափոխը դու ես եղել, ուրեմն դու ես սպանել, եթե վիզ վերցնես, որ դու ես սպանել, քո համար լավ կլինի, եթե հերքես, ավելի վատ կլինի, կգնաս մինչեւ ցմահ ազատազրկման: Ինքն, իրականում, խեղճ տղա է, ոնց ասել են՝ էնպես գրել է»:
Հրանտ Դավթյանը դժվարանում է մեկնաբանել, թե ով է հնարել սեքսուալ գործողությունների դրվագը, բայց վստահեցնում է՝ որեւէ ապացույց չկա, որ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել. «Այդ 139 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը իմ պաշտպանյալի վրայից հանվել է: Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքը հանել են, բայց էությունը, մեղադրանքի ծավալը թողել են: Մեղադրանքը փոխելու ժամանակ գրել են՝ քանի որ մեղադրանքը հիմնված է եղել միայն մյուս մեղադրյալի ցուցմունքների հիման վրա, այլ ապացույցներ ձեռք չեն բերվել, դրա համար հանում ենք: Բայց նաեւ նշում են, որ այդ նույն օրը դիրքի ավագը մուտք է գործել կացարան ու սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել այդ տղայի հանդեպ: Մի աբսուրդի են վերածել»:
Երեք զինծառայողի սպանության ժամանակ դիրքի ավագը եղել է մյուս դիրքում, մյուս դիրքի ավագների հետ սուրճ խմելու: Ըստ փաստաբանի՝ մի կես ժամ անց կրակոցներ են լսել. «Եւ մյուս դիրքի ավագի հետ իմ պաշտպանյալը վազել է դեպի դեպքի վայր, տեսել են՝ երեք հոգի մահացած: Բայց այդ տղաներից մեկը դեռ ողջ է եղել այդ ժամանակ, իմ պաշտպանյալը զեկուցել է՝ վիրավոր ունենք, եկեք, հասեք: Տեսել են, որ զորամասից օգնությունն ուշանում է, զանգել է գյուղի տղաներին, նրանք մեքենայով ավելի շուտ են հասել ու այդ տղային տեղափոխել հիվանդանոց: Բայց հարց է ծագում, եթե իմ պաշտպանյալը դրդել է այդ սպանությունը, ինչո՞ւ է փորձել փրկել նրանց կյանքը»:
Երեք զինծառայողի վրա կրակելուց հետո արթուն հերթափոխը՝ նույն ինքը սպանության համար մեղադրվողը, գոռացել է՝ դիվերսիա է ու կապով հաղորդել է, որ դիվերսիա է. «Կողքի դիրքի կապավորներն ասում են, որ կրակոցներից անմիջապես հետո կապով տվել է, որ դիվերսիա է: Երբ արդեն դիրքի ավագը մյուս դիրքի ավագի հետ մոտեցել է, հարցրել է՝ ի՞նչ է եղել, ինքն էլ ասել է, թե դիվերսիա է եղել: Դիրքի ավագն էլ ապտակել է, ասել՝ դու որտեղ էիր, որ դիվերսիա է եղել: Սկսել է զեկուցել, սկսվել է խառնաշփոթ, սկսել են կրակել թուրքերի ուղղությամբ»:
Հրանտ Դավթյանը նաեւ ասաց, որ որեւէ քննություն չի կատարվել՝ պարզելու, թե արդյոք իրականում դիվերսիա եղե՞լ է, թե՝ ոչ. «Ի սկզբանե ՝օգոստոսի 22-ին, երբ այդ տղան ցուցմունք է տալիս, ասում է իբրեւ, թե ես եմ սպանել: Քննչական մարմինը միանգամից հրապարակում է լուր, որ ձերբակալվել է երկու անձ, եղել է սեքսուալ բնույթի գործողություն, ինչը հանդիսացել է սպանության դրդապատճառ: Հիմա հարց եմ տալիս, այդ տղան նոր ցուցմունք է տվել, ցուցմունքները դեռ չճշտված, ինչպես են հրապարակում տեղեկություն, թե այսպես է եղել դեպքը: Ես այդ պահից հասկացա, որ ստեղ սարքոցի է գնում: Բանսարկությամբ են զբաղվում: Իմ պաշտպանյալը 44-օրյա պատերազմի մասնակից, նշանած աղջիկ ունի, որ հեռախոսի վերծանումները նայեք, օրական քանի ժամ այդ աղջկա հետ է խոսել: 4 ամիս էր մնացել, որ զորացրվի: Լուրջ նպատակներ է ունեցել, որ զորացրվի, գա, ամուսնանա: Իր ինչին էր պետք, որ նման պատմությունների մեջ մտնի»:
Սպանության համար մեղադրվողի շահերը սկզբում պաշտպանում էր հանրային պաշտպան, հիմա արդեն մասնավոր պաշտպանի ծառայությունից է օգտվում: Սպանության համար մեղադրվողի պաշտպանի հետ հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ