01.08.2022թ.-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված՝ հայատյաց քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Արցախի պաշտպանության բանակն արդեն ներկայացրել է իրավիճակը շփման գծում և պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն:
Թեև բազմիցս խոսվել է այդպիսի իրավիճակներում բացառապես պաշտոնական աղբյուրներին հետևելու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ, նմանօրինակ դեպքերում մշտապես ականատես ենք լինում ինքնագործունեության և անհարկի խուճապ ծնող երևույթների: Արցախում հանրային կյանքը լարվածության մթնոլորտում է անցնում գրեթե ամեն օր, պետական մարմիններն այդ պայմաններում փորձում են կազմակերպել առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, քաղաքաշինական աշխատանքներ, մինչդեռ լարվածության ավելորդ բաժինը ոչ միայն կաթվածահար է անում նշված գործընթացը, այլև հիշյալ համակարգերի առջև արհեստականորեն ծնում է հավելյալ ծանրաբեռնվածություն, որպիսի հետևանք արձանագրվել է նաև վերջին օրերին: Ուստի Արցախի Հանրապետության ներքին անվտանգությունն ու հանրային կյանքի բնականոն ընթացքն ավելորդ ցնցումներից զերծ պահելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց: