«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ
Օգոստոսի 1-ին, Արցախի Հանրապետության մի շարք հատվածներում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքները նպատակ ունեն Արցախի Հանրապետության բնականոն կյանքը հերթական անգամ խաթարել՝ շարունակելով Արցախի հայաթափության պետական ծրագիրը։
Արցախյան վերջին պատերազմից հետո Արցախի գրեթե ամբողջ բնակչության վերադարձը հայրենիք, ակնհայտ է, խախտել է Ադրբեջանի բոլոր ծրագրերը, իսկ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի՝ իր հայրենիքը պաշտպանելու առաքելության կատարումը փաստում է, որ Արցախը վճռական է իր ապագան կանխորոշելու հարցում։
«Ապրելու երկիր» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետությանը՝ արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքի լիարժեք իրացման հարցում։ Միևնույն ժամանակ, հերթական անգամ ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ որևէ ձևաչափով գոյակցությունը արցախցիների համար բացառված է, քանի որ Ադրբեջանը Արցախի հարցով ունի միակ նպատակ՝ Արցախի վերջնական հայաթափում։
Կարդացեք նաև
Միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի նման միջադեպերին՝ ամրագրելով, որ արցախցիների՝ իր հողում ապրելու անբեկանելի իրավունքը վաղուց ապացուցված է, և Ադրբեջանը այդ հարցում չի կարող ունենալ որևէ դերակատարում։