Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սա քաղաքական պատվերով գործ չէ, ու սա համաձայնեցրած չէր վերին ատյանների հետ, ապա այս նույն որոշումը կարող էր լինել դեռեւս 7 ամիս առաջ». Նարեկ Մանթաշյան

Օգոստոս 02,2022 11:30

«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կալանավայրից դուրս գալուց հետո հիվանդանոցում է եղել: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինտենսիվ բուժման փուլում է:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ Մանթաշյանը ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Մանթաշյանը առանց դատավոր Աննա Դանիբեկյանի համաձայնության, 2020 թվականի ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» ասուլիսի ժամանակ հրապարակել է Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը: Բացի այդ, մեղադրականում նշվում է, որ նա 2020-ի նոյեմբերի 9-ին բողոքի ցույցերի ժամանակ դրոշ է գողացել:

Մանթաշյանը հայտարարում է, որ ինքը քաղաքական պատանդ է եղել 7 ամիս. «Ի սկզբանե այս գործը շուրջ մեկ տարի շարունակ առանց խափանման միջոց է եղել, դրսում եմ եղել, հետո քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ վերցրել են կալանքի տակ: Նիստերն ընթացել են ոչ օրինական ձեւով ու ոչ հումանիզմով, իմ գործը համապատասխանում է միջազգային ատյանների կողմից տրված քաղաքական բանտարկյալի չափանիշներին»:

Դատավոր Ֆարխոյանի որոշումը դատարանի դահլիճում ծափերի արժանացավ, Մանթաշյանի պաշտպան Կոչուբաեւն էլ հայտարարեց, որ Ֆարխոյանին այս որոշումը կայացնելը հեշտ չի եղել: Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ քաղաքական գործերով սառույցը կոտրվել է, ի՞նչ սպասելիքներ ունեք դատական ակտից՝ Մանթաշյանը պատասխանեց. «Նախ, ծափերը վերաբերվում էին ընդամենը իմ ազատությանը, ոչ թե Ֆարխոյանի որոշմանը: Պարոն Ֆարխոյանի որոշումը հեչ էլ ծափահարությունների արժանի չի: Եթե սա քաղաքական չէր, սրանից ընդամենը 20 օր առաջ մենք առաջարկել էինք 12 մն դրամ գրավ եւ 6 պատգամավորի անձնական երաշխավորություն: Զուգահեռ նաեւ ասել էինք, որ եթե դատարանը գտնում է, որ 12 մլն-ը բավարար գումար չէ, որ կարող է զսպել իմ վարքագիծը, թող դատարանը ինքը որոշի գումարի չափը: Դրանից հետո 15 մլն ենք ասում ու պարզվում է, որ 20-ը բավարար է: Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում, որ դրանից մեկ ամիս առաջ, 3 ամիս առաջ այդ որոշումը կայացնեին, մենք դատարանին բոլոր միջնորդություններում տվել ենք գումարի չափը որոշելու հնարավորություն: Եթե սա քաղաքական պատվերով գործ չէ, ու եթե սա համաձայնեցնելով չէր վերին ատյանների հետ, թե ինձ թողնելու ժամանակն եկել է,  ապա այս նույն որոշումը կարող էր լինել դեռեւս 7 ամիս առաջ»:

Դիտարկմանը, որ գուցե Արմեն Գրիգորյանի մահն ինչ-որ բան փոխեց՝ նա պատասխանեց. «Եթե Արմեն Գրիգորյանի հետ կապելու լինենք, ապա նույն դահլիճում Վերմիշյանի, Ավետիք Չալաբյանի դեպքում, երբ քննող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է էլի, նույն մարդն է, նրա վարքագծում որեւէ փոփոխություն չեմ նկատում այլ քաղաքական գործերի դեպքում, չեմ կարծում, որ մեկ այլ դատավոր ավելի զսպվածություն կդրսեւորեր, քան ինքը»:

Հռիփսիւմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031