Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը օրերս ազատ արձակվեց 20 մլն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Մանթաշյանը, առանց դատավոր Աննա Դանիբեկյանի համաձայնության, 2020 թվականի ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» ասուլիսի ժամանակ հրապարակել է Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը: Բացի այդ, մեղադրականում նշվում է, որ նա 2020-ի նոյեմբերի 9-ին բողոքի ցույցերի ժամանակ դրոշ է գողացել:
Aravot.am-ի հետ զրույցում Մանթաշյանը հայտարարեց, որ ինքը քաղաքական պատանդ է եղել 7 ամիս ու քաղբանտարկյալ է: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այս հետապնդումը, դուք ինչո՞վ եք վտանգ ներկայացնում այս իշխանությունների համար, որ փորձում են ձեզ ազատությունից զրկել՝ Նարեկ Մանթաշյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել ինչով եմ ես վտանգ ներկայացրել, հավանաբար ինձ կալանավորելն ավելի շատ իշխանությունների վախերով է պայմանավորված, քան՝ իմ վտանգավոր լինելով»:
Հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում մեղադրանքի հետ կապված ձեր դիրքորոշումները փոխվե՞լ են, դուք շարունակում եք չընդունե՞լ մեղադրանքը՝ նա պատասխանեց. «Բնականաբար, ես չեմ կարող ընդունել մի մեղադրանք, որն, ի սկզբանե, դատարանի կողմից հիմնավոր կասկածի մակարդակում է հերքվել: Դեռեւս 2020-ի նոյեմբերին, երբ ձերբակալվել եմ այս գործի շրջանակներում առաջին անգամ, դատարանը հիմնավոր կասկածը հերքել է՝ կալանավորումը մերժելով: Դրանից հետո մեկ տարի առանց որեւէ խափանման միջոցի ես եղել եմ դրսում: Հետո նույն մեղադրանքով 7 ամսից ավելի ինձ պահել են կալանքի տակ: Այսօրվա դատական նիստում «ապացույցներ» էին ուսումնասիրում, այդ տեսագրություններից որեւէ մեկում ես ինձ չեմ տեսել, դատարանը չի տեսել, ընդհանուր 500-600 հոգի մարդկանց գործողությունների նկարագրությունն է, ու, չգիտես ինչի, այդքանից առանձնացված եմ ես՝ որպես կազմակերպիչ: Ընդ որում, այն դեպքում, երբ մեղադրանքի առաջին նախադասությունը սկսում է այսպես՝ ես ԶԼՄ-ներով տեսել եմ, որ հավաքված մարդիկ կան ու բողոքի ձայն են բարձրացրել, գնացել միացել եմ, բայց հետագայում դատում են այնպես, որ ես եմ կազմակերպել; Նույնիսկ մեղադրանքն այնքան փնթի է կազմակերպված, որ 2-3 նախադասությամբ իրենք իրենց հերքում են»:
Կարդացեք նաև
Տեսագրություններում այն դրվագներն են, որտեղ Մանթաշյանը դրոշ է վերցնում կառավարության շենքում: Նրա խոսքով՝ որեւէ առանձին գործողություն չի երեւում, որով կարող են հիմնավորել իրեն մեղսագրվող արարքները. «Լինել էլ չէր կարող, որովհետեւ ես չեմ կատարել նման արարքներ»:
Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Մանթաշյանի կազմակերպմամբ նաեւ միջազգային օդանավ է խուզարկվել: Նախ նա տեղեկություններ է հայտնել, թե պաշտոնատար անձինք փորձում են հեռանալ երկրից, ապա կոչ է արել փակել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհն ու բռնի գործողություններով թույլ չտալ վերջիններին լքել երկիրը: Այնուհետեւ վնասել են օդանավակայանի մուտքի դուռն ու պատուհանը, ապօրինի մուտք են գործել հատուկ պատվիրակությունների ճանապարհման և դիմավորման սրահ, կոտրել են պարսպի ճաղավանդակի ամրակները, մտել թռիչքուղի, ապա փորձել մոտենալ միջազգային չվերթ իրականացնող և շարժման մեջ գտնվող օդանավին ու դադարեցնել շարժը, ապօրինի խուզարկել՝ խաթարելով օդանավակայանի բնականոն գործունեությունը, իրական վտանգ ստեղծելով այլ անձանց կյանքի եւ առողջության համար:
Նարեկ Մանթաշյանի դիտարկմամբ՝ դա նույնիսկ ծիծաղելի է մեկնաբանել. «Մեղադրանքի մեջ գրված է, իբր ես թռիչքուղու վրա կանգնեցրել եմ, մտել եմ, խուզարկել եմ…Ցանկացած դպրոցական մակարդակի ֆիզիկա իմացող մարդ հասկանում է, որ երբ շարժիչներն արդեն գործում են, թռիչքուղի մտնես՝ տուրբինները կքաշեն կմտցնեն մեջը: Դա նույնիսկ տրամաբանությունից է դուրս: Հիմա թե դա ոնց են հիմնավորելու, կարծում եմ, պետք է ԱԱԾ-ին կամ դատախազությանը հարցնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ