Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանկություն է, երբ քեզ հասկանում են

Օգոստոս 02,2022 10:00

Ամենակարեւոր բանն աշխարհում, ինձ թվում է, հասկացված լինելն է: Իհարկե, այս հարցում չի կարելի ընկնել առավելապաշտության գիրկը եւ ակնկալել, որ քեզ ամբողջ աշխարհը կհասկանա: Դա կարելի է ակնկալել նախեւառաջ քո մտերիմներից: Ես այդ բարեբախտությունն ունեմ թե՛ իմ փոքր ընտանիքում՝ այն մարդկանց շրջանում, ում հետ ապրում եմ, եւ թե՛ իմ մեծ ընտանիքում՝ արդեն 28-ամյա «Առավոտում»:  Ես հասկանում եմ նրանց, նրանք հասկանում են ինձ՝ սա՛ է ներդաշնակության մասին իմ պատկերացումը:

Ստիպելով, պարտադրելով՝ «Առավոտի» նման նախագիծ հնարավոր չէ կայացնել. այն, ինչ մենք անում ենք, բխում է մեր հիմնարար համոզմունքներից: Ենթադրենք, ես ամեն օր թռուցկաժողովներ անցկացնեմ եւ հայտարարեմ՝ «չի կարելի գրել՝ մարդկանց ցավ պատճառելու, վարկաբեկելու, վիրավորելու նպատակով, չի կարելի մարդկանց սպառնալ, շանտաժել կոմպրոմատներով, չի կարելի երեւակայել, որ դու ունես ճշմարտության մենաշնորհ, չի կարելի ինքնահաստատվել՝ որեւէ մեկին նվաստացնելու գնով, մեր կյանքի իմաստը «լայքերը» եւ «սրտիկները» չեն» եւ այլն:

Ենթադրենք, ես այդ բոլոր բաներն ամեն օր քարոզեի, բայց «Առավոտի» լրագրողները դրան չհավատային, դա կյանքից կտրված իդեալիզմ համարեին: Այդ դեպքում նախագիծը չէր կայանա, ես մենակ կմնայի: Բայց իրականում ես այդ թեմաներով չեմ էլ խոսում, որովհետեւ ինչպես ես եմ դրանում համոզված, այդպես էլ «առավոտցիները»: Ես դա՛ նկատի ունեմ՝ պնդելով, որ մեծ երջանկություն է հասկացված լինելու, իրար ոչ թե կես բառից, այլ՝ առանց բառերի հասկանալը: Շնորհակալ եմ իմ մեծ ընտանիքին այդ երջանկության համար:

Մենք բոլորի մեջ Մարդ ենք տեսնում: Բոլորի, նույնիսկ ամենասարսափելի չարագործների մեջ, կա որոշակի երկվությունը: Մարդը կարող է հոխորտալ, աքլորանալ, սպառնալ, որ բոլորին կխեղդի, կջարդի, կփշրի, բայց դա անում է նրա երեւացող, «մակերեսային» կեսը, իսկ մյուս կեսը՝ նրա հոգին, մի տեղ նստած լաց է լինում եւ սպասում վերամիավորմանը: (Հիշեք «Դորիան Գրեյի դիմանկարը»): Երբ գրում ենք, հաշվի ենք առնում, որ գոյություն ունի այս՝ «դիմանկարային» կեսը: Իսկ ի՞նչն է ստիպում մարդկանց սայթաքել, գնալ սխալ ճանապարհով: Իհարկե, համակարգերը, վատ ավանդույթները, միջավայրը: Նախեւառաջ դրա՛նք պետք է քննարկել:

Անշուշտ, մենք աշխատում ենք ընթերցողների համար, որոնց շատ սիրում եւ հարգում ենք: Բոլորին՝ անխտիր: Նույնիսկ նրանց, ովքեր մեր նյութերի տակ գրում են «duq caxvac eq» կամ՝ «гитенк ум патверн ек катарум»: Եթե մարդու մոտ ցանկություն է առաջացել նման բան գրելու, ուրեմն նրա հոգու խորքում կա ցանկություն մեզ հասկանալու, մեզ հետ երկխոսության մեջ մտնելու: Բայց, իհարկե, մեր ընթերցողների մեծ մասն այն մարդիկ են, որոնք պատրաստ են մեզ հետ մտածել՝ համաձայնելով կամ չհամաձայնելով: Դա նույնպես մեզ համար մեծ երջանկություն է:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031