Այսօր Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերի բնակիչները փակել էին Վանաձոր-Ստեփանավան ճանապարհը: Նրանք պահանջում էին, որպեսզի լիցենզիա չստացած գազաբալոններ ունեցող իրենց մեքենաները թույլատրեն լիցքավորել:
Բերքը դաշտերում փչանում է, իսկ մեքենաները չեն կարողանում լիցքավորել, որպեսզի հասնեն դաշտերը. «Ասում են, որ գյուղացու կողքին կանգնած են, բայց ոնց որ չենք տեսնում: Դուրս ա գալիս, որ գյուղացուն ավելի շատ տուպիկ տալու, քան, թե բան անելու»,- ասում է ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցներից Կուրթան գյուղի բնակիչ Համլետ Նալբանդյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ կառավորության որոշման համաձայն, անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է 2 տարին մեկ ստուգաչափվեն մեքենաների վրա տեղադրված պլաստմասե փաթույթով գազաբալոնները, իսկ 3 տարին մեկ անգամ՝ մետաղական բալոնները: Գործընթացը պետք է ավարտին հասցվեր մինչեւ այսօր՝ օգոստոսի 1-ը: Սակայն, քանի որ մինչ այս անհնար էր ծրագիրը հասցնել ավարտին, նոր որոշում կայացվեց, որ այն մեքենաները, որոնք կգրանցվեն ստուգաչափման համար, եւ կունենան համապատասխան փաստաթուղթ, մինչ նշանակված օրը կարող են լիցքավորվել:
Մինչդեռ բողոքի ակցիայի մասնակցիները չեն հասցրել նաեւ գրանցվել, ինչի հետեւանքով իրենց մեքենաները չեն լիցքավորվել:
Կարդացեք նաև
Ավելի ուշ գյուղացիները տեղեկացան, որ այս պահին արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցնելու է նշված տարածքով:
Փաշինյանը, լսելով գյուղացիների դժգոհությունը խնդրի վերաբերյալ, զանգեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին. «Վարչապետը մեր մոտից զանգեց տարածքային կառավարման նախարարին, որ ասում են՝ էս երկար բալոնները պետք է խոտանեն, ասավ՝ տենց բան չկա: Պետք ա գնան գրանցվեն, կգա իրենց ժամկետը, կգնան ստուգելու: Որը խոտանելու է՝ կխոտանեն, որը շահագործման է, կշահագործեն: Օրենքը դա է պահանջում, որ պետք է գրանցվես, բայց մարդ կա, որ էդ հեռախոսը չունի, դա՞ էլ պետք ա առնել տան»,- ասաց Գարգառ համայնքի բնակիչ Արտակ Քալաշյանը:
Բնակիչները դեռեւս չեն պատկերացնում, թե խնդրի վերջնական լուծումն ինչպես է լինելու. «Ժողովուրդը չի կարում հանապազօրյա հացը դաշտից տուն բերի, մնացած մանրամասները, թե ինչքա՞ն ժամկետ է տրված, դա արդեն հարցի երկրորդ կողմն է : Հենց վարչապետին էս նույն հարցը տվի, ասի՝ էս պահին կարա՞ք այնպես անեք, որ ժողովուրդը կարողանա էդ հացը դաշտից տուն բերի: Ասաց՝ էդ ուղղությամբ ենք աշխատում, զանգեր արեց: Եսիմ, հուսանք ,որ հարցը լուծվել է»,- ասում է բնակիչ Համլետ Նալբանդյանը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էլ վստահեցնում է, որ խնդիրն արդեն կարգավորված է: Պետք է միայն հերթագրվել ու սպասել լիցենզավորման: Իսկ մինչ այդ, գազաբալոնները կլիցքավորվեն. «Նախապես պետք է հերթագրվեն, գան գազալցակայան: Մինչեւ իրենց հերթը հասնի, գազալցականներում համակարգչի օգնությամբ ստուգում են՝ իրենք գրանցվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե գրանցված են, լիցքավորում են մինչեւ հերթագրվելը: Գազալցակայաններում պարտավոր են ունենալ այդ համակարգը, որ եթե քաղաքացին գա՝ համարներով ստուգեն, եթե հերթագրվել են, ապա իրավունք ունեն լիցքավորեն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ