Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանապահ Չինարիում  երկօրյա համերգային ծրագրով նշվեց Խորանաշատի 800-ամյակը

Օգոստոս 01,2022 23:24

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի բնակավայրում  2 օր շարունակ տիրում էր մշակութային բարձր տրամադրություն։ «Չինարի» հայրենակցական միության նախաձեռնությամբ կամակերպվել էր հագեցած համերգային ծրագիր։

«Այս նախաձեռնությունը «Չինարի» հայրենակցական միության կողմից իրականացրած ամենակարևոր ծրագրերից մեկն է: Այն ուղղված է սահմանապահ բնակիչներին խրախուսելուն: Նախաձեռնությունը պետք է լինի շարունակական և ոչ միայն Չինարիում»,- իր խոսքում նշեց «Չինարի» հայրենակցական միության նախագահ Գևորգ Վանյանը:

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են դեռևս մայիսի 11-ին՝ Երևանում, իսկ մայիսի 28-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ վանական համալիրում Սուրբ Պատարագ էր մատուցվել:

Չինարի բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ չինարեցին միշտ ամուր կանգնած է իր հողին, սսկայն նման միջոցառումները նոր ոգևորություն և ուժ են հաղորդում տեղաբնակներին՝ սեփական հողում ապրելու և արարելու համար։

Հավելենք, որ հայտնի Խորանաշատը հիմնել է Հովհաննես Վանական Վարդապետը Վահրամյան իշխանների աջակցությամբ՝ XIII դարի առաջին կեսին: Խորանաշատը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկն էր:

Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագրական թեքում ունեցող դպրոց, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն,աստվածաբանություն,  իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաեւ ընդօրինակել ձեռագրեր։ Այստեղ ուսանել են հանրաճանաչ փիլիսոփա Վարդան Արեւելցին, պատմաբան Գրիգոր Ակներցին, կաթողիկոս Գրիգոր Ախթամարցին: Խորանաշատը եղել է նաեւ գրչության կենտրոն:

Այստեղ գրված անգին ձեռագրերից շատերը պահվում են Մատենադարանում, այդ թվում «Մատյան ողբերգության», «Նարեկ», «Մաշտոց» ձեռագրերը: Վանքում ստեղծվել է նաեւ Ավետարանի ձեռագիրը, որն ենթադրաբար գրվել է հնադարյան Արցախում, Ուտիքում:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Առավոտի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031