Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում նրա պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին՝ մի շարք հանգամանքներ հիմքում դնելով։ Նախեւառաջ, պաշտպանները մատնանշեցին, որ Ավետիք Չալաբյանը չէր հրաժարվել իր պաշտպաններից, սակայն դատավորը որոշել էր, այնուամենայնիվ, հանրային պաշտպանի եւս ներգրավել այս գործում։
«Դատարանի նման «հոգատար» վերաբերմունքը մեր համար տարակուսելի է, որովհետեւ նոր պաշտպանի ներգրավելու որեւէ հիմք չկա։ Չալաբյանը չի հայտնել հանրային պաշտպանի ծառայությունից օգտվելու համաձայնության մասին, սակայն դուք որոշեցիք գործի նյութերը տրամադրել հանրային պաշտպանին»,-մատնանշեց Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը։
Դատավորին ինքնաբացարկ հայտնելու մյուս հիմքը, ինչպես նա նշեց, այն է, որ դատավորը չբավարարեց իրենց միջնորդությունը՝ քրեական դատավարության օրենսգրքին չհամապատասխանող մեղադրական եզրակացությունը դատախազին վերադարձնելու մասին․ «Ձեր գործողությունները մեր մոտ ստեղծում են մտայնություն, որ նպատակ չունեք հարցերն իրապես լուծելու։ Դուք անտեսեցիք մեր մատնանշած խախտումները մեղադրական եզրակացության վերաբերյալ»։
Վարազդատ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց՝ երբ իմացան, որ այս գործը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին, հարցում ուղարկեցին դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ պարզելու համար, թե ինչ կարգով է տեղի ունեցել մակագրումը, ձեռքո՞վ, թե՞ էլեկտրոնային համակարգով․ «Եթե էլեկտրոնային է, ապա խնդրել էինք տրամադրել այդ ծրագրի պատմությունը, որովհետեւ ոչ վաղ անցյալում ԱԱԾ-ն առգրավել էր էլեկտրոնային մակագրման համակարգը՝ երրորդ անձի կողմից ապօրինի միջամտության փաստով։ Հետո այն վերադարձվեց, բայց ԱԱԾ-ն չասաց՝ միջամտության դեպք կա՞ր, թե՞ ոչ, այն հնարավո՞ր է, թե՞ ոչ, եթե այո, ապա այն վերացվե՞լ է, թե՞ ոչ։ Ավելին։ Օրերս նայում էի Աղվան Հովսեփյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը։ Այն նույնպես ձեր վարույթում քննվող գործի մասին էր։ Պարզվել էր, որ վերաքննիչում այն մակագրվել էր դատավոր Արշակ Վարդանյանին, հետո ձեռքով փոխվել ու հանձնվել Ռուբիկ Մխիթարյանին։ Ռուբիկ Մխիթարյանը պատասխանել է, որ համակարգն ի սկզբանե սխալ է մակագրում, դրա համար ձեռքով ուղղվել է»։
Կարդացեք նաև
Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ իսպառ պետք է բացառել մակագրումների վերաբերյալ մտահոգությունները․ «Սակայն մեզ չտրվեց ծրագրի պատմությունը։ Պատասխանվեց, որ գործը մակագրվել է էլեկտրոնային ծրագրով, սակայն մենք հասկանում ենք, որ չկա վստահություն, որ գործը մակագրվել է օրենքի պահանջների պահպանմամբ։ Մեր մտահոգությունն օդից չի»։
Ավետիք Չալաբյանի մեկ այլ պաշտպան Արմեն Անդրիկյանն էլ դատավորին ասաց, որ ունի մի շարք վերապահումներ․ «Պատահական չեմ համարում, որ գործող իշխանության հետաքրքրության շրջանակում գտնվող գործերի մեծ մասը հենց ձեզ է մակագրվում։ Նախորդ եւ ներկա իշխանության օրոք ձեր շուրջ են պտտվել հանրային հնչեղության դատական գործերը, որոնցից է նաեւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործը։ Նրա վերաբերյալ, ըստ ՄԻԵԴ-ի, դուք կայացրել էիք ապօրինի դատական ակտ, եւ դրա հիման վրա նա դատապարտվել է ազատազրկման։ Հիմա հարց է առաջանում, որպես ապօրինի դատական ակտ կայացնող, դուք ինչպե՞ս եք շարունակում պաշտոնավարել որպես դատավոր։ Կասկած է առաջանում, որ իշխանափոխությունից հետո ընդդիմության գործերով դուք շարունակում եք որպես դատավոր հանդես գալ, եւ այս գործն էլ մակագրվել է ձեզ, որ իրավունքների խախտմամբ ապահովվի պարոն Չալաբյանի՝ շարունակական անազատության մեջ գտնվելը, հետո էլ կկայացվի ապօրինի դատավճիռ, եւ նա կպատժվի իր քաղաքական հայացքների եւ հասարակական գործունեության համար։ Դուք առաջին իսկ պահից խախտեցիք մեր իրավունքները, եւ մեր մտահոգություններն ամրապնդվեցին»։
Անդրիկյանն ասաց՝ պաշտպաններով կանխատեսել էին, որ Ավետիք Չալաբյանի գործը մակագրվելու է հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Նա ասաց, որ դատավորը «ջղագրգիռ վերաբերմունք» է ցույց տվել պաշտպանների հետ։ Մնացական Մարտիրոսյանը հորդորեց արտահայտությունները չափավորել, եւ դատարանին վիրավորանք հասցնելու փորձի համար Անդրիկյանին նկատողություն տվեց։
Ապա պաշտպանները նաեւ շեշտեցին՝ նախորդ նիստում Ավետիք Չալաբյանը հայտարարել էր, որ կալանքի հետեւանքով առողջական վիճակը վատթարացել էր, եւ խնդրել էր նիստը մեկ շաբաթով հետաձգել՝ առողջությունը վերականգնելու համար, սակայն ուրբաթ օրը Մնացական Մարտիրոսյանը որոշել էր հաջորդ նիստը նշանակել երկուշաբթի՝ այսօր։ Պաշտպանները դատարանի այս վարքագիծը պայմանավորում են նրանով, որ մեղադրող կողմը Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնելու (մի քանի օր է, ինչ Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետն ավարտվել է, եւ նա ազատության մեջ է․-հեղ․)։
«Այսօր դատական նիստի սկզբում դուք անգամ չհետաքրքրվեցիք, թե ինչ վիճակում է մեղադրյալի առողջությունը։ Դա այն դեպքում, երբ նախորդ նիստը նրա առողջության պատճառով հետաձգվեց։ Դուք արագ հարց լուծելու խնդիր ունենք, պետք է շարունակական կալանքն ապահովեք նրա»,-դիմելով դատավորին՝ հավելեց Արմեն Անդրիկյանը։
Բացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց։
Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ