Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստն է․ նախապես սենյակում համայնքների ղեկավարների ու մարզպետարանի ղեկավար կազմի անուն-ազգանուններն են տեղադրված՝ ով որտեղ է նստելու։ 44-օրյա պատերազմից հետո սա առաջին նիստն էր, որին մասնակցում էին 8 համայնքների ղեկավարները․ չկային կալանավորված համայնքապետեր։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի նիստերի սենյակ մտնելուն պես՝ բոլորը ոտքի են կանգնում։ Հորդորում է նստել։ «Նստե՛ք, նստե՛ք, կարիք չկա, ժողովուրդ ջան, անչափ շնորհակալ եմ»,-ասում է նա։
Սյունիքի մարզպետի խոսքով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ընդլայնված կազմով նիստ կհրավիրվի, որին կմասնակցեն ուժային կառույցների եւ այլ օղակների ներկայացուցիչներ։ «Այդ նիստից առաջ պիտի քննարկենք տեղական ինքնակառավարման մարմինների ու կառավարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Վստահ եմ, որ օրակարգը շատ խիտ է, շնորհակալ եմ, որ բոլորդ եկել եք, մասնակցում ենք, սկսենք , տեսնենք թե ոնց կստացվի»,-նիստի սկզբում նշեց Սյունիքի մարզպետը։
Սեպտեմբերի 25-ին Սիսիան ու Քաջարան համայնքներում համամասնական ընտրակարգով կայանալիք համայնքի ավագանու ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցերը նույնպես խորհրդի նիստի օրակարգում են։ Ըստ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանի՝ այս պահին միակ խնդիրը գյուղական համայնքների ընտրական տեղամասերում չկան թեքահարթակներ։ Այս խնդիրը, բնականաբար, մինչեւ քվեարկության օրը հնարավոր չի կարգավորել։
Մարզի համայնքների՝ 2022-ի համար նախատեսված 2,9 մլրդ դրամ սեփական եկամուտներից առաջին կիսամյակում նախատեսված էր հավաքել 1,4 մլրդ դրամ, փաստացի հավաքվել է 1,3 մլրդ դրամ․ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 24 տոկոս է։
Կարդացեք նաև
«Աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 24 տոկոս, բացարձակ թվով 62 մլն դրամ։ Սեփական եկամուտները 5 հարկատեսակների գծով, մոտ 1 մլրդ դրամի փոխարեն հավաքագրվել է 905 միլիոն դրամ։ Համեմատաբար ցածր տոկոս հավաքագրում ունենք Տաթեւ ու Գորայք համայնքներում»,-ասաց մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նարեկ Դավթյանը։ Ի դեպ, համայնքների ղեկավարները նշեցին, որ հուլիսից ուժի մեջ մտած անկանխիկ գործարքների պահանջը նոր խնդիր է ստեղծել գյուղաբնակների համար, քանի որ գյուղերում բանկերի մասնաճյուղեր ու էլեկտրոնային վճարումերի հնարավորություններ չկան։ «Գյուղացուն պիտի ստիպենք հասնի քաղաք, կատարի վճարումը։ Սրան գումարած էլ 300 դրամ բանկային ծառայության դիմաց է գանձվելու»,-նկատում է Տաթեւ համայնքի ղեկավար Սեւադա Լալայանը։
Սյունիքում ընթացքի մեջ է հացահատիկային ու կերային կուլտուրաների բերքահավաքը։ Բերքն այս տարի առատ է՝ հավաստիացնում է գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը։ Չնայած խոտի առատությանը, մարզում խոշոր ու մանր եղջերավոր անասունների գլխաքանակն է կրճատվել։ Անցած տարի մարզում հաշվառված էր 90 հազար մանր եղջերավոր կենդանի , այս տարվա հունվարի 1-ի դրությամբ դրանց թիվը 82 000 է, իսկ 53000 խոշոր եղջերավորների թիվը դարձել է 43.000 է։ Ի դեպ, տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ցանկացողներին անվճար ծողոտ է առաջարկում։ «Թող գան, ինչքան ուզում են տանեն, բոլորին անվճար կտանք»,–ասաց նա։
Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանն ու զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյանը անդրադարձան մարզպետարանի աշխատանքային խմբերի կողմից նախկին տարիներին իրականացված ու ընթացիկ սուբվենցիոն ծրագրերին։ Ըստ համայնքների ղեկավարների՝ այս ոլորտում առկա ամենամեծ, մտահոգիչ ու աշխատանքների իրականացմանը խանգարող հանգամանքը մրցույթներում շահած անբարեխիղճ ու անպատասխանատու կապալառուներն են, որոնց պատճառով կան ուշացած, անավարտ, թերություններով կամ այդպես էլ չմեկնարկած սուբվենցիոն ծրագրեր։․Այս մասին Aravot.am-ը մանրամասն կանդրադառնա առաջիկայում։
Օրակարգային այս հարցերը սպառելուց հետո նիստին մասնակցող լրագրողները դուրս են հրավիրվում։ Մնացած հարցերի քննարկումը շարունակվեց գաղտնի ռեժիմով։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ