Աշոցքի տարածաշրջանի Ղազանչի գյուղի բնակիչները զրկված են խմելու ջրից, և սա այն դեպքում, երբ այս գյուղի ընդերքից բխող ջուրը 24 ժամ շարունակ մատակարարում են ողջ Շիրակի մարզին։
«Որտե՞ղ եք տեսել նման բան․ Ղազանչվա ջուրը 24 ժամ մատակարարվում է ողջ Շիրակի մարզին, Գյումրիին, բացի մեզանից»,-ասում են գյուղացիները։
Նրանց խմելու ջուր տալիս են ընդամենը երկու ժամով, պոմպով, որը հզոր չէ ու չի հասցնում միաժամանակ ջրամատակարարում ապահովել բոլոր թաղերին։ Ամեն մի ջրամատակարարումը վեճի ու կռվի թեմա է դառնում թաղերի բնակիչների միջև, մի թաղից գալիս են, խնդրում, երբեմն վիճաբանում, որ ջուրը շատ չբացեն, հոսքը նվազեցնեն, որ մյուս թաղերին էլ հասնի։
Կարդացեք նաև
Գյուղին ջուր մատակարարում է «Վեոլիա ջուր»-ը։
Ղազանչիի վարչական ղեկավար Սերգեյ Եգանյանն ասում է՝ մտածում են հարցի լուծման մասին, քննարկում են արդյունավետ տարբերակներ։
«Փոքր եմ եղել, ջրի խնդիրը եղել է մեր գյուղում, դարձել եմ 40 տարեկան, էդ խնդիրը կա ու կա։ Ուղղակի ամոթ է, մարդիկ, որ իմանում են Ղազանչին ջուր չունի, զարմանում են, թե էդ ինչպես, ամբողջ Հայաստանի Հանրապետության եթե ոչ առաջին, ապա երկրորդ խոշոր ջրամատակարարը մենք ենք։ Նույնիսկ բոստանի բանջարեղենը չեն կարող մարդիկ ջրել, 1,5 ամիս է՝ անձրև չի եկել»,-ասաց վարչական ղեկավարը։
Ջուր չլինելու պատճառով շատերն են լքում գյուղը, ո՛չ հողագործությունն է արդարացնում, ո՛չ անասնապահությունը, անգամ անասունների համար խմելու ջուր չեն հասցնում։
Ղազանչիի խնդիրներն այնքան շատ են, որ գյուղի ջահելները՝ թվով 50 հոգի, չեն ամուսնանում։
«Գյուղում մոտ 50 երիտասարդ ունենք չամուսնացած, նրանց մեջ 36-37 տարեկան տղաներ կան։ Իրենց հետ զրույցից հասկանում ես, որ հարմարություններ չկան, վատ են զգում դրանից, չունեն մեքենա, չունեն հիմնական աշխատանք։ Մտածում են՝ եթե ամուսնանան՝ նոր բարեկամություն, նոր մարդիկ, ամոթ է նման պայմաններով։ Կրթված երիտասարդներ են, աշխատասեր, բայց չեն հասցնում։ Էսօր չկա մի գյուղացի, որ վարկ չունենա, մարդը նեղության մեջ է ընկնում, գումար է վերցնում մեկ, երկու, երեք անգամ ու արդեն սկսում է աշխատել բանկի համար։ Վարկը վերցնում են, էդ պահին հարցը լուծում են, հետո չեն կարողանում ժամանակին վճարել , տոկոսներ են գալիս ու հետզհետե էդ պարտքը կուտակվում է։ Գյուղի 99 տոկոսն այդ վիճակում է, չկա որևէ մարդ, որ էսօր բանկի հետ գործարքի մեջ չլինի։ Ուզո՞ւմ եք ցանկացած անցորդի կանչեմ, ասեմ վարկ ունե՞ս բանկում, բացառված է, որ չունենա»,- ասաց վարչական ղեկավարը։
Ղազանչիի մասին պատմող նյութն ամբողջությամբ՝ ավելի ուշ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ