Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչ ցույցերի կազմակերպման, ոչ էլ նյութական խրախուսման արտահայտություն ես չեմ արել»․ Ավետիք Չալաբյան

Օգոստոս 01,2022 19:44

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում նրա պաշտպանները դիրքորոշում հայտնեցին մեղադրական եզրակացության՝ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխանության վերաբերյալ։ Չալաբյանի պաշտպաններից Արթուր Հարությունյանը նախ նշեց, որ մեղադրական եզրակացությունում տառ անգամ չկա Ավետիք Չալաբյանի անձնական բնութագրի մասին՝ այն դեպքում, երբ քրեական գործի նյութերում 17 էջ բնութագրեր են տրված, այդ թվում՝ Արցախի նախագահի, Արցախի թեմի առաջնորդի, տասնյակ հասարակական-մշակութային գործիչների կողմից։

Արթուր Հարությունյանն ընդգծեց, որ մեղադրական եզրակացությունում ի պաշտպանություն Չալաբյանի բերված փաստարկները բացակայում են․ «Ավետիք Չալաբյանի ցուցմունքը ոչ լիարժեք է արտացոլված։ Արտացոլված չէ նաեւ Չալաբյանի եւ Թոռնիկ Ալիյանի առերես հարցաքննության այն հատվածը, որում Ալիյանը հայտնում է, որ Չալաբյանն իրեն որեւէ գումար չի առաջարկել, այլ ասել է, որ երբ Էմմա Սարգսյանից (գործով մյուս մեղադրյալն է) իմացել է այդ մասին, դա իր համար շոկային է եղել։ Վարույթ իրականացնող մարմինը չի արտացոլել նաեւ այն փաստը, որ մենք միջնորդել էինք գործում առկա ապօրինի ձայնագրությունն անթույլատրելի ճանաչել։ Միջնորդել էինք նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին եւ Medianews կայքի տնօրինությանը հարցաքննել՝ պարզելու այդ ձայնագրության հրապարակման հանգամանքները, եւ այս մասին եւս ոչ մի բան չկա մեղադրական եզրակացությունում»։

Ապա Արթուր Հարությունյանը միջնորդեց դատաքննությունը հետաձգել եւ մեղադրական եզրակացությունը շտկելու, օրենսգրքին համապատասխանեցնելու համար վերադարձնել մեղադրողին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց միջնորդությունը մերժել։

Ավետիք Չալաբյանը հայտարարեց՝ բոլորը ցանկանում են իմանալ ճշմարտությունը, եւ ինքն իզուր չի հայտարարել, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում․ «Մեկ օրինակ մատնանշեմ։ Ըստ օրենքի՝ ապացույց է հանդիսանում փորձագիտական եզրակացությունը։ Գործի նյութերում կա ձայնագրության վերծանումն ու դրա վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, որով իմ խոսքը տարանջատվում է խոսակցության մասնակից այլ անձանց խոսքից։ Ըստ այդմ, այն ցույց է տալիս, որ ոչ ցույցերի կազմակերպման, ոչ էլ նյութական խրախուսման արտահայտություն ես չեմ արել։ Այդ վերծանումը մեղադրական եզրակացությունում տեղ չի գտել։ Ուստի, եթե մեղադրական եզրակացությունում միտում չկա, ապա ինչո՞ւ այդ վերծանումները դրանում տեղ չեն գտել»։

 

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է.«Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031