Օրերս իշխանական գործիչ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Դաշնակցության գոյությամբ վնաս է հասցվում հայոց պետականությանը՝ իր 130- ամյա գոյությամբ եւ, որ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հայոց պետականությունն ավելի ուժեղ կլիներ, եթե ՀՅԴ-ն չլիներ:
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում, անդրադառնալով իշխանական գործչի տեսակետին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը նկատեց, որ եթե ՀՅԴ-ն չլիներ, զինված պայքար չէր լինի, եւ մենք չէինք ունենա Հայաստանի եւ հայ ժողովրդի այն հատվածը, որը փրկվեց, չլիներ ՀՅԴ-ն՝ կամավորական շարժում չէր լինի, Հայաստանի առաջին անկախ հանրապետությունը չէր լինի, Սովետական Հայաստանը չէր լինի, չէր լինի նաեւ այսօրվա հանրապետությունը. սա պատմական տեսանկյունից տրամաբանական շարունակությունն է:
Իսկ քաղաքական հարթությունում՝ Արթուր Խաչատրյանը հասկանում է Արսեն Թորոսյանին, քանի որ վերջինիս եւ նրա քաղաքական թիմի պատկերացրած պետության համար, որը պետք է Թուրքիայի կամակատարը լինի, ՀՅԴ-ն խանգարում է: Ընդդիմադիր գործիչը զգուշացնում է՝ իրենց պատկերացրած պետությունը չի լինելու, պարզապես կործանվելու է նման պատմությունը: Ուստի, այլընտրանք չկա, քան գործող իշխանությունը դիրքերը զիջի այլ քաղաքական թիմի:
Անդրադառնալով ընդդիմության պայքարին եւ այդ առիթով հնչող տեսակետերն ու գնահատականներին, թե ձախողվել է, Արթուր Խաչատրյանն ասաց, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից Հայաստանի ընդդիմության հասցեին հնչող «հիստերիկ ջղաձգումները», որ խանգարում են «խաղաղության դարաշրջանին», վկայում են այն մասին, որ այդ պայքարը չի ձախողվել: Արթուր Խաչատրյանը հիշեցնում է, որ ընդդիմության համար գերխնդիրը ոչ թե իշխանության գալն է, այլ Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային խանգարելը, ուստի, այս համատեքստում, արձանագրում է, որ անգամ այս վիճակում ընդդիմադիր շարժումը կարողացել է խանգարել իշխանության ծրագրերին:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում.
Ըստ բանախոսի, եթե ժողովուրդը գիտակցում է, որ երկիրը գնում է դեպի կործանում, ապա սեպտեմբերին վերսկսվող պայքարն առավել հուժկու կլինի, եթե ժողովուրդը տեսավ, որ առաջնորդողները իրեն չեն բավարարում, առաջնորդներին կփոխի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ