Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը  ՀՅԴ-ի դեմ արշավը դարձնում է անհատ կուսակցականների դեմ արշավ. Արթուր Խաչատրյան

Օգոստոս 01,2022 18:52

«Ես նման բան հիշում եմ 1990 թվականին. 30 տարի առաջ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանից արտաքսեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին, բայց որ սահմանափակեն եւ չթողնեն, որ որեւէ մեկը մտնի՝ ինչ-որ անհասկանալի, անտրամաբանական մեկնաբանությամբ, նման բան, ես իրոք, չեմ հիշում: Ինչ ուզում է ասեն՝ դա քաղաքական դրդապատճառ ունի, այս փուլում, երբ թուրքերն ու Փաշինյանն իրար հետ սիրախաղով են զբաղվում եւ գնում են դեպի իբր խաղաղության դարաշրջան: Եվ ՀՅԴ-ն, որն ասում է, որ գնում եք ոչ թե խաղաղություն, այլ կործանում եք երկիրը, պարզ է, որ դառնում է թիվ մեկ հակառակորդը, թշնամին: Փաշինյանն, ուղղակի կուսակցության դեմ արշավը դարձնում է անհատ կուսակցականների դեմ արշավ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով վերջին դեպքերին, երբ սփյուռքահայերի, մասնավորաբար, ՀՅԴ-ականների մուտքը Հայաստան, տարբեր պատճառներով սահմանափակվեց եւ արգելվեց:

Նա համարում է, թե Նիկոլ Փաշինյանն, որը Էրդողանին զանգահարում եւ կրոնական տոնի առիթով շնորհավորում է, պետք է արգելեր Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, որը Սփյուռքում հայտնի է իր հակաթուրքական պայքարով, այդպիսով «նվեր անելով» իր թուրք գործընկերներին: Իսկ որ Փաշինյան-Էրդողան-Ալիեւ հարաբերությունները հասնում են իրենց զարգացման կուլմինացիային, ընդդիմադիր գործիչը նկատում է, որ այդ մասին խոսում է նաեւ Հայաստանի ամենաթուրքասեր գործիչներից մեկը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտարարելով Արցախի հարցը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններից անջատելու մասին: Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ շատ խելոք լինել պետք չէ, որպեսզի հասկանալ՝ սա փաստում է Արցախը հանձնելու մասին, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրելով եւ սահմանները հստակեցնելով, այլեւս անհնար է լինելու Ադրբեջանին բերել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ Հայաստանն էլ այդքան ուժ չունի, աշխարհն էլ իր գործերով է զբաղված: Ստեղծված իրավիճակում էլ, Նիկոլ Փաշինյանն ամեն քայլի դիմում է, որպեսզի թուլացնի ընդդիմությանը՝ իր «կոտրած ձեռքով» երկրորդ կապիտուլյացիոն ակտը ստորագրելու համար:

Գործող իշխանության նպատակը, ընդդիմադիր գործչի համոզմամբ, հայության ուժը ջլատելն է, որպեսզի թե դրսում՝ Էրդողանը կարողանա իշխել հայկական Սփյուռքին, թե Հայաստանի ներսում՝ Նիկոլ Փաշինյանը կարողանա իր իշխանությունը շարունակել: Իր համոզմամբ, գործող իշխանությունը վարում է՝ «բաժանիր, որ տիրես» քաղաքականություն: Նաեւ հիշեցնում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակին արտահայտած միտքը՝ «նարինջ ուտող սփյուռքահայերը թող չխառնվեն Հայաստանի գործերին»: Որ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքում ունի որոշակի աջակցություն՝ «Լոսի Քիսոների» տեսքով, ընդդիմադիր գործիչը չի ժխտում, բայց նաեւ հիշեցնում է, որ այս իշխանությունն այդպես էլ հաշվետվություն չի ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների գործով ու այժմ էլ վախենում են նոր մարաթոն կազմակերպել, քանի որ վախենում են, որ 2,5 դոլար չի հավաքվի:

Անդրադառնալով այսօրվա միջադեպին էլ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանին չթույլատրվեց Արցախ մտնել՝ պատճառաբանելով, թե ռուս խաղաղապահներն են արգելք հանդիսացել, Արթուր Խաչատրյանը տարակուսեց՝ ի՞նչ անհարմարություն կարող էր ռուս խաղաղապահների համար ստեղծել Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնելով Հայաստանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մուտքն Արցախ խոչընդոտելու հետ կապված պատմությունը` նա կարծիք հայտնեց, որ խնդիրը ՀՀ իշխանության դաշտում է:

ՀՅԴ-ական գործիչը վստահեցնում է՝ իրենք ունեն գործողությունների ծրագիր, որը իրավիճակի փոփոխությանը զուգընթաց ծրագիրն էլ, գործողություններն էլ, մեթոդներն էլ կփոխվեն եւ, որ ետ կանգնելու տարբերակ իրենք չունեն:

Այլ մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031