Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, թե օտարերկրյա ներդրողներն արդեն հետաքրքրություն են ցուցաբերում Ղարաբաղի տնտեսական գոտիների նկատմամբ

Օգոստոս 01,2022 17:39
adrbejan

Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ համազորային հրաձգարանում ադրբեջանական բանակի տանկային անձնակազմի հետ անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ։ Իսկ ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ պարապմունքներ են անցկացվել դաշտային պայմաններում։

Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվել, թե հուլիսի 26-ին Քարվաճառում ականի վրա պայթելու հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ-ի մի խումբ բարձրաստիճան սպաներ են վիրավորվել։

Ըստ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվող լուրերի`ականի վրա վիրավորում ստացածներից մեկը Ադրբեջանի Ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիևն է։ Այս մասին պաշտոնական հաստատում չի եղել։ Ադրբեջանի ՊՆ-ն միայն հայտնել է, որ Քարվաճառի շրջանի տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ իրենց բանակի մի խումբ զինծառայողներ «Ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում Թուրքիայում մասնակցել են «Հարձակողական ԱԹՍ-ների AKINCI գործողության դասընթացին»։

Շաբաթվա ընթացքում Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի հրամանատարության ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Մայքլ Ուիքմանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ադրբեջանի ՊՆ զորամաս և բժշկական վարչություն։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ադրբեջանական մամուլում նշվել է, թե Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում երկրի «բանակին վարկաբեկող» հրապարակումներով է զբաղվում։ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը ծանոթացել է Ջրականի (Ջաբրայիլի) շրջանի ականազերծման աշխատանքներին։ Նա Twitter-ի իր էջում գրել է, թե շուտով Ադրբեջանում ավելի շատ կանանց ականազերծող խմբեր կլինեն:

Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների համատեղ ռազմական միջոցառումների պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի «G-121» և «G-129» պարեկային նավերը մեկնել են ՌԴ։ Ռուսաստանի Կասպիյսկ նավահանգստում տեղի է ունեցել Ադրբեջանի ռազմական նավաստիների դիմավորման հանդիսավոր արարողությունը։

Հուլիսի 30-ին Կենտրոնական հրամանատարական կետում Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որի աշխատանքներին տեսակապով ներգրավվել են Ղարաբաղում տեղակայված ադրբեջանական ռազմական միավորումերի և կազմավորումների հրամանատարները։ Նախարարը հրահանգել է պատրաստ լինել իրավիճակի սրացմանը։

«Eurasianet» գործակալությունը գրել է, թե Բաքուն սկսել է մի շարք նոր ռազմական բարեփոխումներ՝ ներառյալ ծախսերի ավելացումը, նոր ստորաբաժանումների ստեղծումը, ազգային պաշտպանության նոր համալսարանը և հատուկ նշանակության ուժերի թվաքանակի ավելացումը: Ադրբեջանը վերակառուցում է իր բանակը թուրքական մոդելով։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նրան կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ադրբեջանական կողմը Թաղավարտի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը։

Հուլիսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա քաղաքում տեղի է ունեցել թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների խորհրդաժողովի XXIV նիստը։ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նաղիևն առաջարկել է վերափոխել կազմակերպության անվանումը «Թյուրքական պետությունների հատուկ ծառայություններ»:

«Рыбарь» թելեգրամյան ալիքը հայտնել է, որ Ադրբեջանն ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային՝ չնայած հայտարարված չեզոքությանը։ Խոսքը, մասնավորապես, ապրիլի 6-ով թվագրված «փոխադրման» մասին է, որը նախատեսում է 32 բարձր ճշգրտությամբ կառավարվող QFAB-250 LG ավիառումբերի առաքում։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Կովսականի (Զանգելան) շրջանում ավարտվել է «Խելացի գյուղ» հայեցակարգի հիման վրա կառուցված Աղալը գյուղում բնակչության բնակեցման առաջին փուլը։ 41 ընտանիքների համար (201 մարդ), որոնք «Խելացի գյուղ» հայեցակարգին համապատասխան 4 փուլով կտեղափոխվեն Աղալը գյուղ, կստեղծվեն բոլոր պայմանները։

Ադրբեջանական մամուլի համաձայն՝ «Azerishıq» ընկերությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանը Ադրբեջանի ընդհանուր էներգահամակարգին միացնելու, կայուն և անխափան էլեկտրաէներգիայով ապահովելու ուղղությամբ։ Շրջանի տարածքում ևս մեկ զորամաս է էլեկտրաֆիկացվել։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը հայտարարել է, թե օտարերկրյա ներդրողներն արդեն հետաքրքրություն են ցուցաբերում Ղարաբաղի տնտեսական գոտիների նկատմամբ։ Չմիավորման շարժման երիտասարդական գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել միջոցառման մասնակիցների այցը Շուշի, որտեղ ստեղծվել է Չմիավորման շարժման երիտասարդական կազմակերպություն:

Ադրբեջանում 2022 թ. ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ նշվել է, թե Ադրբեջանի կառավարությունը «կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունը երկրում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որը ներկայումս գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ»:

Տարածաշրջանային նախագծերի մասին

Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան զարգացնում է իր մոտեցումը Հայաստանի նկատմամբ՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։ Իրենց կարմիր գիծն ի սկզբանե եղել է Ադրբեջանը։

Թուրքական իշխանամերձ «Sabah» թերթի կայքը հրապարակել է «Թուրանի ճանապարհն է գալիս. Թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ այն անվանելով «Թուրանի ճանապարհ»: Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ղարաբաղի հաղթանակով Թուրքիայի և Ասիայի միջև նոր միջանցք է բացվել, որը իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ադրբեջանը անդամակցության նպատակով դիմել է Իսլամական ութնյակի (D-8) միջազգային կազմակերպություն, որին անդամներն են Բանգլադեշը, Եգիպտոսը, Նիգերիան, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը և Թուրքիան։

Ըստ Չավուշօղլուի՝ կարող են ընդլայնել կազմակերպությունը՝ դարձնելով այն D-20 և հստակեցնելով անդամակցության չափանիշները։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն հայտարարել է, թե Թեհրանն իր աջակցությունն է հայտնում D-8 կազմակերպությանն անդամակցելու Ադրբեջանի հայտին։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, թե Թուրքիան մտադիր է երկարաձգել բնական գազի գնման պայմանագրերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ։ «Le Monde» թերթը գրել է, թե Ֆրանսիայի տարբեր քաղաքական խմբերի մոտ 15 ներկայացուցիչներ կոչ են արել ԵՄ-ին հրաժարվել Ադրբեջանի հետ գազի ներկրումը կրկնապատկելու մասին համաձայնագրից:

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն, ուշադրություն հրավիրելով եվրոպացիների հայտարարություններին, թե իրենք ՌԴ-ից էներգետիկ ռեսուրսներ չեն գնի, նշել է, որ երկու հիմնական այլընտրանքներից մեկը Տրանսանատոլիական գազատարն է (TANAP)՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծը։

Այլ թեմաներ

Ադրբեջանական դպրոցներում ներդրվել է ընդհանուր թուրքական պատմության դասագիրք։ Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլլաևը նշել է, որ պատրաստվում է ընդհանուր թուրքական աշխարհագրության դասագիրք։

«Հենակետ» վերլուծական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031