Լրահոս
Օրվա լրահոսը

193.4 լիտր ոգելից խմիչք, 79 կտրող-ծակող առարկա. զեկույց հուլիսին ՔԿՀ-ներում հայտնաբերված այլ արգելված իրերի վերաբերյալ

Օգոստոս 01,2022 17:31

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում  արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: Ըստ այդմ՝ քրեակատարողական հիմնարկներում հուլիս ամսվա ընթացքում հայտնաբերվել են՝ 97 բջջային հեռախոս, 79 կտրող-ծակող առարկա, ինքնաշեն ոգելից խմիչք՝ 193.4 լիտր, խաղաթղթի՝ 138 և մի շարք այլ դեպքեր:

Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց:


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Գ.Գ․-ի անվամբ բերված հեռուստացույցը, որի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։ Մեկ այլ դեպքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում զննության է ենթարկվել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ հանձնուքում առկա կոշիկների միջից հայտնաբերվել է երկու փաթեթ՝ 1,25 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման և 7,03 գրամ քաշով շագանակագույն, մածուցիկ զանգվածներով:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքի զննությամբ երկու հացերի արանքում հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված կաթնագույն, բյուրեղանման և փոշենման զանգվածներ։ Զննությամբ պարզվել է նաև, որ 1.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարաներով հյութերի պիտակների ներսային հատվածներում առկա են եղել դեղնավուն, կպչուն, կասկածելի զանգվածներ։ Նույն՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հերթական շրջայց կատարելիս, տեղամասերից մեկի քողարկող պատի փշալարերի վրա նկատել են կասկածելի պոլիէթիլենային շիշ: Պահպանության ապահովման բաժնի ծառայողները հիմնարկի արտաքին տարածքից բռնել են «Արթիկ» ՔԿՀ-ի նախկին դատապարտյալին, որն իրականացրել էր ներնետումը: Զննությամբ պոլիէթիլենային շշում հայտնաբերվել են 5 բջջային հեռախոս, լիցքավորման սարքեր և ականջակալ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացուհուն: Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են հագուստում թաքցված լիրիկա և էքստազի տեսակի թմրամիջոցներին նմանվող 7 դեղահաբեր:

Վերը թվարկված բոլոր դեպքերով քրեական գործի շրջանակում նախապատրաստվում են նյութեր, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:

Մանրամասն զեկույցը ներկայացված է կից պատկերում

Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031