«Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մի իրավիճակում, որ Հայաստանի Հանրապետություն կարողանում են մուտք գործել թուրքական «գորշ գայլերը», գնալ մեր պատմամշակութային կոթողները պղծել, իսկ հայրենասեր մարդիկ, հայերը, որոնք ուզում են վերադառնալ հայրենիք, նրանց թույլ չեն տալիս գալ Հայաստան»,-«Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
Անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախի արգելելուն՝ նա նշեց. «ԶԼՄ-ներից մեկին մեր ԱԱԾ-ն պարզաբանում է տվել, թե մենք ոչ մի կապ չունենք, գնացեք հարցն ուղղեք ռուս խաղաղապահներին: Ստացվում է՝ մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը որոշվում է սեղանների շուրջ, որտեղ Հայաստանը ներգրավվածություն չունի: Այսինքն` Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը սեղանի շուրջ նստած դիրքից իջեցրել սեղանի տակ, Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում իր սուվերեն տարածքին վերաբերվող խնդիրների քննարկմանը: Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան խոսում են Սյունիքի մասին, Հայաստանի Հանրապետությունը ոչ մի կերպ չի ներգրավվում այդ խոսակցությունների մեջ:
Ինչ-որ մարդիկ ֆեյք լուրեր են տարածում, թե Իրանը մեզ կօգնի, եթե պատերազմը լինի եւ այլն: Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ մնացած պետությունները ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, սպասարկում են իրենց պետական շահը եւ այնպես են անում, ոնց իրենց պետությանն է ձեռնտու: Իսկ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը տանում է անդունդ, կործանման, այս իշխանությունները ապիկար չեն, նրանք հստակ Հայաստանի Հանրապետությունը տանում են փլուզման»:
ՀՀԿ-ականի ձեւակերպմամբ, ամեն ինչ այս կերպ շարունակվելու դեպքում ունենալու ենք խնդիրներ, օրինակ, Սյունիքի ու Ջերմուկի հետ կապված:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ