Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը կարծես թե նոր փուլ է մտնում։ Փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ կառավարությունն օրերս չզեկուցվող հարցով որոշում է ընդունել, որով գործընթացին նոր մեկնարկ կարող է տրվել, այն էլ ոչ հօգուտ բնակիչների։
Եգորյանը ներկայացրեց խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ պայքարում են, իր խոսքով ասած՝ վեճի մեջ են գործադիրի հետ․ «ՍԴ որոշումներով եւ օրենքով սահմանված՝ հանրային գերակա շահի եւ դրա բացառիկության բովանդակությունն այն է, որ դրա ցանկացած պատճառ հնարավոր չէ ներկայացնել որպես բացառիկ եւ հանրային գերակա եւ գերակայող անհատի սեփականության նկատմամբ։ Դա գնահատողական խնդիր է, եւ այդ գնահատումը սեփականության իրավունքի դադարեցման տեսանկյունից՝ չի կարող գործադիր իշխանությունը ինքնուրույն անել։ Աշխարհում այս փորձը կա, թե ինչպիսի հարցեր կարող են գնահատվել որպես բացառիկ եւ գերակայող հանրային շահ, եւ կա փորձ, թե ինչն է համարվում ռենովացիոն ծրագիր։ Դա կարող է լինել պետության միջամտությամբ ծրագիր, սակայն այնպիսի պայմանավորվածությունների ազատության պահպանմամբ, որոնք կարող են ինչպես բարենպաստ փոխհատուցման, այնպես էլ այդպիսի փոխհատուցման մերժմամբ եւ գույքով փոխհատուցման եղանակով լուծվեն»։
Մյուսը խնդիրն, ըստ Եգորյանի, որ վիճարկում են, դա սահմանափակումն է սեփականատիրոջ օտարվող գույքի եւ այն ձեռք բերող սուբյեկտի միջեւ համաձայնության, այսինքն, կառավարությունը միջամտել է նաեւ այդ փոխհատուցման վերաբերյալ հնարավոր իրավունքի իրացմանը, օրինակ՝ ոչ թե գումարի, այլ գույքի միջոցով փոխհատուցման․ «Կա նաեւ այդ նպատակի վաղեմության խնդիր․ ինչպես օրենքը, այնպես էլ ՍԴ-ն հստակ են արտահայտում այն դիրքորոշումը, որ եթե հանրային շահն իսկապես գերակայող է մասնավորի նկատմամբ եւ բացառիկ է, ապա դրա իրագործման համար 7 տարին բավարար է։ Սակայն այս տարածքի վերաբերյալ այս նույն հիմնավորմամբ՝ բացառիկ եւ հանրային գերակա շահի որոշումն առաջին անգամ 2007-ին է կայացվել, բայց ընդհանուր նույն պատճառաբանությունն ու բացառիկությունը 2001-ից սկսվեց։ Սա կառավարության հետ մեր վեճի երրորդ կետն է»։
Ինչ վերաբերում է թաղամասի բնակիչների իրավունքներին եւ փոխհատուցմանը, ապա Եգորյանն ասաց, որ տարբեր ժամանակահատվածներում տարբեր մարդիկ տարբեր պայմաններով ստորագրել են պայմանագրերի նախագծեր, սակայն պետք է հաշվի առնել, որ եղել են մարդիկ, որոնք ստորագրել են այսօր հատկացվող փոխհատուցման չափից երկու անգամ պակաս փոխհատուցման պայմանագիր․ «Կան մարդիկ, որոնք այսօր են գուցե ստորագրել, գուցե կլինեն մարդիկ, որոնք վաղն այլ փոխհատուցման չափով կստորագրեն, որն էլի չի լինի այն շուկայական արժեքը, որը համապատասխանում է տվյալ վայրում՝ 33-րդ թաղամասում հողի եւ գույքի արժեքին։ Բայց այս գործընթացում կառավարության հիմնական հաշվարկն հետեւյալն է՝ դեռեւս 98-ին մի հսկայական փոփոխություն իրականացվեց, որով բացվեց այս դաշտը, այն ժամանակվա օրենսդրական կարգավորման համաձայն, կառավարությունը պետք է առանձին ամեն սեփականության իրավունքի դադարեցման համար, բացի օրենսդրական հիմքը, գնար դատարան, հիմնավորեր, որ իր կողմից վկայակոչվող շահը հանրային է, այն գերակշռում է անհատի՝ կոնկրետ սեփականատիրոջ շահի նկատմամբ եւ բացառիկ է պետության համար։ 1998-ին ՍԴ-ն իր որոշմամբ թույլատրեց դատարան չգնալ այլեւս, թույլ տվեց կառավարությանն ու օրենսդիրին, ասելով՝ կարող եք օրենք ընդունել եւ գալ, սեփականատերն էլ կարող է բողոքել։ Հսկայական բեռ դրվեց ունեզրկվող քաղաքացու վրա։ Նրանց այդ հաշվարկն այն է, որ քչերն են կարողանալու բողոքարկման ծանր բեռը կրել, հետեւաբար կլինեն շատերը, որոնց կասեն՝ դե մեծ մասը համաձայն էին, այս փոքր խումբն է, որ բողոքում է։ Մյուս հաշվարկն այն է, որ անհուսություն կա։ Մարդիկ տարիներ շարունակ չեն կարողացել տնօրեն իրենց գույքն, այնպես, ինչպես այն անձինք, ում սեփականության նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչված չէ։ Օրինակ՝ գույքի գնահատման կամ գրավադրման գործընթացը, վարկ ստանալու գործընթացը, գույքի առուվաճառք շուկայական պայմաններով։ Սրանք այս թաղամասի բնակիչների համար մնում են անհնար, որովհետեւ այս մարդկանց գույքի նկատմամբ կառավարությունն որոշում է ընդունել բացառիկ գերակա շահի մասին, որը չի անցել որեւէ քննություն։ Մարդկանց մոտ անհուսություն կար, ընկճվել են, ճնշվել են պետության ոչ իրավաչափ միջամտության արդյունքում եւ շահել է մասնավոր անձանց մի խումբ»։
Կարդացեք նաև
Եգորյանը գտնում է, որ նույնիսկ մեկ անձի բողոքը բավարար է, որպեսզի այս հարցերը քննության առնվեն Սահմանադրության եւ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի հիման վրա։
«Նշածս բոլոր իրավիճակային գնահատումները հենց այն հիմքն են, որոնց վրա հենվելով՝ այսօր գործընթացը նորից տեղից մեծ թափով մեկնարկել է։ Նրանց հաշվարկն այն է, որ այս ճնշման արդյունքում այն խումբը, որը դեռեւս չի ճնշվել, կճնշվի՝ տեսնելով անհուսությունը նույնիսկ ժողովրդի կողմից ընտրված իշխանության պայմաններում պայքարելու։ Նրանց հաշվարկն է՝ բավարար է մեկնարկենք, որ նրանք ընկրկեն, եւ մենք կկարողանանք տիրանալ այդ գույքին, եւ եթե նույնիսկ ՄԻԵԴ գնացողներ լինեն, հետո պետությունը կփոխհատուցի։ Սա ստորության հատակն է։ Այդպես մտածող հնարամիտներն եւ «խելացիները» ստոր են, եւ ես սա հրապարակային եմ ասում։ Ստոր հնարամիտներով փորձում են այս հաշվարկով առաջ բրդել այս ծրագիրը, որը տեւական ժամանակ սառեցված էր եւ նոր կառավարությունը լուծումներ էր փնտրում, հիմա փորձում են առաջ մղել։ Համոզված եմ, որ սա բավարար խորությամբ չի զեկուցվել ու քննարկվել վարչապետի հետ եւ սա հանցավոր գործընթաց է, որովհետեւ որեւէ մեկը չի պատրաստվում իրականացնել Ֆիրդուսի գույքի եւ հողի գնահատում։ Կազմակերպությունները, որոնք ճանաչվել են ձեռքբերողներ, ուղղակի անվանումներ են, որոնց սեփականատերերը փոփոխության են ենթարկվում։ Ո՞վ որոշեց, որ այսօր հնարավոր է ուղղակի անձանց փոփոխությամբ կազմակերպության պահպանմամբ գործընթացն առաջ շարժել։ Սա կոռուպցիոն համաձայնությունների արդյունքում իրականացվող գործընթաց է, որովհետեւ առանց դրա հնարավոր չէ։ Սրանք համաձայնություններ են, որոնք կայացվում են գործադիրից լիազորված ներկայացող անձանց, աշխուժակների միջոցով»,-ասաց Եգորյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ