Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի որ համաշխարհային ճգնաժամները շարունակում են սպառնալ միլիոնավոր երեխաների առողջությանը, կրծքով կերակրումը կարևոր է, առավել, քան երբևէ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի հայտարարությունը

Օգոստոս 01,2022 16:26

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլի և ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի համատեղ հայտարարությունը Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա կապակցությամբ

Քանի որ համաշխարհային ճգնաժամները շարունակում են սպառնալ միլիոնավոր նորածինների և երեխաների առողջությանը և սնուցմանը, կրծքով կերակրման կենսական նշանակությունը, որպես կյանքի լավագույն սկիզբ, առավել կարևոր է, քան երբևէ:

Կրծքով կերակրման այս համաշխարհային շաբաթվա առիթով «Արա ավելին հանուն կրծքով կերակրման. կրթիր և աջակցիր» խորագրի ներքո, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում կառավարություններին ավելի շատ ռեսուրսներ հատկացնել՝ պաշտպանելու, խթանելու և աջակցելու կրծքով կերակրման քաղաքականությանն ու ծրագրերին, հատկապես` արտակարգ իրավիճակներում ապրող առավել խոցելի ընտանիքների համար:

Արտակարգ իրավիճակների ժամանակ կրծքով կերակրումն անվտանգ, սննդարար և մատչելի սննդի աղբյուր է նորածինների և փոքր երեխաների համար: Այն հզոր պաշտպանություն է հիվանդությունների և երեխաների թերսնուցման բոլոր ձևերի , այդ թվում՝ սուր թերսնուցման դեմ:

Կրծքով կերակրումը նաև նորածինների առաջին պատվաստանյութն է, որը պաշտպանում է նրանց մանկական տարածված հիվանդություններից:

Այնուամենայնիվ, հուզական դիսթրեսը, ֆիզիկական հյուծվածությունը, համապատասխան տարածքի և հարմարավետության բացակայությունը և ոչ բավարար սանիտարական պայմանները, որոնք ծառանում են արտակարգ իրավիճակներում ապրող մայրերի առջև, նշանակում են, որ բազմաթիվ երեխաներ չեն օգտվում իրենց կյանքի պահպանման համար կարևոր կրծքով կերակրման օգուտներից:

Բոլոր նորածինների կեսից պակասն է կրծքով կերակրվում կյանքի առաջին ժամի ընթացքում, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում հիվանդությունների և մահվան նկատմամբ: Եվ փոքրիկների միայն 44 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում կյանքի առաջին վեց ամիսներին, ինչը Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կողմից մինչև 2025 թվականը սահմանած 50 տոկոս թիրախից քիչ է:

Կրծքով կերակրումը խթանելը և կրծքով կերակրմանն աջակցելն ավելի կարևոր է, քան երբևէ, ոչ միայն մեր մոլորակը որպես հիմնական բնական, կայուն, առաջնային սննդի համակարգ պաշտպանելու համար, այլ նաև միլիոնավոր նորածինների կյանքի պահպանման, աճի և զարգացման համար»:

Այդ իսկ պատճառով ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն կոչ են անում կառավարություններին, դոնորներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին ակտիվացնել ջանքերը՝

* Առաջնահերթությունը տալ հօգուտ կրծքով կերակրման աջակցության քաղաքականության և ծրագրերի ներդրումների, հատկապես` ճգնաժամային համատեքստում

* Համապատասխան հաստատություններում և համայնքներում առողջապահական և սնուցման գծով աշխատակիցներին տրամադրել անհրաժեշտ հմտություններ՝ հաջողությամբ կրծքով կերակրելու համար մայրերին ապահովելու որակյալ խորհրդատվությամբ և գործնական աջակցությամբ:

* Պաշտպանել խնամակալներին և բուժաշխատողներին կաթնախառնուրդի արտադրության ոչ էթիկական մարքեթինգային ազդեցությունից՝ ընդունելով և կիրառելով Կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման միջազգային օրենսգրքի բոլոր դրույթները, այդ թվում հումանիտար կոնտեքստում:

* Իրականացնել ընտանիքամետ քաղաքականություն, որպեսզի մայրերն ունենան անհրաժեշտ ժամանակ, հարմարեցված սենյակներ և անհրաժեշտ աջակցություն՝ հաջողությամբ սկսելու և ավարտելու կրծքով կերակրումը:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել