«33-րդ թաղամասի հանրային գերակա շահի ճանաչման գործընթացը սկսվել է դեռևս 108-Ն որոշմամբ, դրան նախորդ որոշումները եւս եղել են ոչ թե բացառիկ հանրային գերակա շահի մասին, այլ եղել են բիզնես նպատակահարմարության մասին, եւ ոչ թե բերվել են պատճառներ կամ խնդիրներ, որոնք գերակշռում են հանրային տեսանկյունից՝ մասնավոր շահը, այլ բերվել են պատճառներ, որոնք մի խումբ անձանց բիզնես գործունեության տեսանկյունից առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել», – այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նա նշեց, որ 2018-ի մարտին հանրային գերակա շահի ճանաչման մասին որոշման կապակցությամբ սկսվել է իրացման գործընթացը, բնակիչներին սկսել են ուղարկել պայմանագրերի նախագծեր, այժմ խնդիրը մտել է առավել վտանգավոր եւ ակտիվ փուլ։
Եգորյանն ասաց, որ բոլոր այն ծառայությունները՝ մասնավոր, թե՝ պետական, որոնք կարող էին եւ այսօր էլ կարող են իրականացնել, օրինակ՝ շուկայական արժեքի գնահատումը, կառավարության որոշման բերումով խուսափում են իրականացնել. «Այսօր զրկված ենք օգտվելու որեւէ մասնավոր գնահատողի ծառայությունից, որովհետեւ բոլորը հրաժարվում են՝ լսելով Ֆիրդուսի թաղամասի անունը։ Սա մի նախադեպ է, որը դրվել է դեռեւս 2013-ին, երբ Յուրի Վարդանյանի եւ Թունյանի գործերով հնարավոր է դարձել գնահատում իրականացնել։ Այնուհետեւ գնահատողի ճակատագիրը Արման Թաթոյանի ձեռքով (նա այն ժամանակ արդարադատության նախարարությունում էր աշխատում), դադարեցվել է լիազորագիրը, այդ փորձագետների նկատմամբ հետապնդում է սկսվել։ Այնուհետեւ այդ փորձաքննության արդյունքները հաստատել է ՄԻԵԴ-ը, եւ Յուրի Վարդանյանի գործով փոխհատուցման համար հիմքում դրված են եղել այդ փորձաքննության արդյունքները։ Սակայն այսօր մենք կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած, չենք կարողանում իրականացնել գնահատում»։
Տիգրան Եգորյանի կարծիքով՝ 2018-ի հեղափոխական իրադարձություններից հետո ընտրված բոլոր խորհրդարանները ձախողեցին այս խնդրի վերաբերյալ լուծումների փնտրտուքը, կառավարությունը եւս ձախողեց, անտեսվեցին հազարավոր մարդկանց սեփականության իրավունքի խախտման հարցերը. «Եւ ավելի մեծ ցավ է, երբ այս ամենով հանդերձ՝ ընդամենը մի քանի օր առաջ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվում է եւս մեկ որոշում, որը կարելի է ասել՝ «կոնտրոլնիյ կրակոց» էր»։
Կարդացեք նաև
Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էլ հիշեցրեց՝ 2005 թվականին պետության կարիքների պատճառով Բուզանդի փողոցում իր տունը եւս քանդվեց. «Մեզանից խլեցին մեր տունը, երեխաներիս աչքի առաջ քանդեցին՝ ոչ մի կոպեկ չվճարելով։ Գումարը ստացել ենք 25 օր հետո, որը դատարանն էր որոշել։ 2018-ի հեղափոխությունից հետո սպասելիքներով ոգեւորված էինք, հույս ունեինք, որ նոր ձեւավորված իշխանությունը, որը եկել է ժողովրդավարական ճանապարհով, կտա արդարացի լուծում այս խնդիրներին։ Սակայն փաստն այն է, որ այդ հարցերը չեն լուծվել եւ Ֆիրդուսի բնակիչների գլխին նույն իրավիճակն է կախված»։
Ռուբեն Աթոյանն էլ, որը Խանջյան փողոցի բնակիչ է, (տարածքը նույնպես ներառված է 33-րդ թաղամասում, որը, հիշեցնենք, իրացման գոտի է), դժգոհ է գործընթացից։ Նա հիշեցրեց, որ 2002 թվականից տարածքը սահմանափակումների տակ է. «Չէին թողնում գրանցել, մարդը գնում էր բանակ, գալիս էր, չէին գրանցում, ամուսնանում էր՝ չէին գրանցում։ Երեւի արդեն սկսված էր գործընթացը։ 20 տարի է անցել, բնակիչները անորոշության մեջ են՝ ի՞նչ է կառուցվելու, ի՞նչ է լինելու։ Լավ, հնարավո՞ր չէր քաղաքակիրթ ձեւով որոշվեր, մրցույթ հայտարարեին, մի քանի հատ մակետ պատրաստեին, դնեին քննարկման, եթե հավանություն ստանար, բնակիչներին հրավիրեին ու քննարկեին, կարծիք հարցնեին, թե բնակիչներն ինչպես են պատկերացնում իրենց ճակատագիրը»։
Աթոյանն ասաց, որ բնակիչներով առաջարկում են կառավարությանը ստեղծել մի հարթակ, որտեղ այս հարցերը կքննարկվեն, քանի որ բնակիչները առաջարկություններ ունեն. «Մենք այս պահին նպատակ չենք դրել կառուցապատման գործընթացը կասեցնել։ Ես այդտեղի բնակիչ եմ եւ ոչ մի անգամ պաշտոնական տեղեկություն չեմ ստացել, թե ինչ է այդտեղ կառուցվում, ովքե՞ր են ներդրողները։ Իրենք ի՞նչ իրավունք ունեն իրենց «կաբինետներում նստեն ու որոշեն, թե իմ սեփականության վրա ինչ ծրագիր իրականացնեն»։
Աթոյանի խոսքով՝ իրենց իրավական հիմքերը թույլ չեն: Նա զգուշացրեց. «Ուզում եմ բանկերին, ֆինանսական կառույցներին ու ներդրողներին, որոնք հրապուրվելով անշարժ գույքի այդ բարձր գներով՝ փողեր են ներդնում, զգուշացնել, թող իմանան՝ շատ հնարավոր է, որ այդ որոշումները կասեցնեն, կարող է անակնկալ լինել։ Իրենց եւ ներդրողներին, եթե թվում է, որ այդտեղ անսկզբունք մարդիկ կան, որ կարող են պայմանավորվել… այսօր մենք կառուցողական ենք տրամադրված եւ ուզում ենք քննարկել այդ փոխհատուցման տրամադրման կարգը։ Մենք ենք սեփականատերերը, պետք է մեզ հետ բանակցեն»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ