ԱՄՆ-ի Անտառային ծառայության (US Forest Service) ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝ գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։
Այցի գլխավոր նպատակն էր քննարկել Հայաստանում վայրի բնության և անտառային հրդեհների խնդիրներն ու հրդեհների կանխարգելմանն ուղղված հեռանկարները։ ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ հիմնադրամը 2020 թվականից իրականացնում է անտառային հրդեհների կանխարգելման, հիմնադրամի կողմից կառավարվող CWR մասնավոր պահպանվող տարածքի անտառապահների կարողությունների զորեղացման ու տեխնիկական համալրման աշխատանքներ, ինչպես նաև մի շարք հանրային իրազեկման արշավներ ու միջոցառումներ և կրթական ծրագրեր։
Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ՝ գործընկերները շրջել են ապաստարանում, այցելել բնիկ ծառատեսակների տնկարան, որը 2016 թվականին հիմնվել է հենց ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ, ինչպես նաև ծանոթացել արջերի փրկության, էկոտուրիզմի, համայնքների զարգացման և մի շարք այլ ծրագրերին։ Հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են գործընկերներին առաջիկա ծրագրերի մասին ծավալուն ինֆորմացիա։
Կարդացեք նաև
«Ուրախ ենք, որ ԱՄՆ-ի Անտառային ծառայության հետ սերտ աշխատանքներ ենք իրականացնում, մասնավորապես՝ անտառային հրդեհների կանխարգելման շրջանակում։ ԱՄՆ Անտառային ծառայությունն ամբողջ աշխարհում առաջատարներից է իր երկարամյա փորձով, և այդ փորձի փոխանակումը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ պայքարել անտառային հրդեհների դեմ»,- նշում է Ռուբեն Խաչատրյանը։ Նա հավելում է՝ շատ կարևոր է, որ գործընկերները ծանոթանան այն բոլոր ծրագրերին, որ իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։
Նշենք, որ անտառային հրդեհների կանխարգելումը հիմնադրամի որդեգրած քաղաքականության կարևոր կետերից է, և այս ուղղությամբ արդեն իսկ մեծ կրթական արշավ է իրականացվում։ Առաջիկայում հիմնադրամը կներկայացնի ոլորտին առնչվող այլ նախաձեռնություններ։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ