Քաղաքապետարանը նպատակ ունի չգործող հանքերի տարածքը կանաչապատել, սակայն միայն գաջի գործարանի տարածքում գուցե դա իրականացվի:
Երեւանի քաղաքապետարանում այս պահին ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, երբ զեկուցվեց Երեւանում փակ հանքավայրի տարածքը կանաչապատելու հարցը, նշվեց, որ այս պահին մայրաքաղաքում կա 11 փակ հանքօգտագործման տարածք։
Բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանն ասաց, որ ՏԿԵՆ-ը տեղեկացրել է՝ Երեւանում առկա 11 փակ հանքավայրերը, չնայած չեն գործում, սակայն այնտեղ կան հանքի պաշարներ, ուստի նպատակահարմար չէ դրանց ռեկուլտիվացման աշխատանքների իրականացումը։
«Մենք ուսումնասիրել ենք բոլոր 11 հանքավայրերը, եւ այս պահին նպատակահարմար է կանաչապատել միայն գաջի գործարանի հարեւանությամբ գտնվող տարածքները, որոնք գտնվում են բավականին մոտ բնակելի շենքերին։ Եթե քննարկվի, որ այդտեղ հանքօգտագործման թույլտվություն պետք է տրամադրվի, դա նպատակահարմար չի համարվի հետագայում։ Պետք է ճշգրտում արվի հողօգտագործման վերաբերյալ, թե ինչ իրավունքներ կան, որից հետո կարող ենք հստակ սահմանազատել»,-ասաց Նազարյանը։
Կարդացեք նաև
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց այս հարցը քննարկել անշարժ գույքի վարչության հետ, արդյունքների մասին զեկուցել հաջորդ շաբաթ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ