Միֆ 4․ Կուտակայինի ֆոնդերը կառավարվում են բարձր արդյունավետությամբ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կողմնակիցները պարբերաբար պնդում են, որ ֆոնդերը կառավարում են արտասահմանյան հեղինակավոր կառավարիչներ, ինչը երաշխիք է միջոցների արդյունավետ կառավարման համար։ Հիշեցնեմ, որ Հայաստանում 2014 թվականից գործում են երկու ընկերություններ՝ ֆրանսիական և գերմանական, որոնք հանդիսանում են խոշոր ֆինանսական կորպորացիաների դուստր ընկերությունները։
Վերջին տարիներին զարգացած և զարգացող երկրներում էականորեն նվազում է կենսաթոշակային ակտիվների եկամտաբերությունը. առանձին երկրներում եկամտաբերությունը նույնիսկ զրոյին է մոտենում՝ ֆոնդի կառավարիչների ծառայությունների վճարները հատուցելուց հետո:
Բարձր գնահատելով Հայաստանում ֆոնդերի կառավարումն իրականացնող միջազգային կազմակերպությունների համաշխարհային հեղինակությունը, պետք է հիշեցնել, որ ֆոնդերի կողմից միջոցների կառավարումը անհատույց չէ. նրանք բարեգործություն չեն անում։
Կարդացեք նաև
Ավելին, այս համակարգը կառավարման տեսակետից ավելի ծախսատար է, քան պետական համակարգը։ Ֆոնդերի կառավարիչները գանձում են համեմատաբար բարձր գումարներ իրենց ծառայությունների դիմաց։
Հայաստանի դեպքում այդ ծառայության համար սահմանված պարգևավճարը կարող է հասնել 1.5 տոկոս (Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը): Այսինքն՝ մարդկանց կուտակած միջոցների մինչև 1,5 տոկոսը կարող են վերցնել ֆոնդերի կառավարիչներն իրենց ծառայությունների համար, իսկ դրանց չափը որոշում է ՀՀ կենտրոնական բանկը։
Համաձայն նույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության՝ «… կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կարող է կատարել նաև տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման և կենսաթոշակային ֆոնդի աուդիտի հետ կապված ծախսերը, որոնց կազմը և առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ»։ Այսինքն՝ անկախ նրանից ակտիվները եկամտաբերություն կապահովեն թե ոչ, ֆոնդերի կառավարիչները կարող են ստանալ պարգևավճարներ և կառավարչական ծախսերի համար փոխհատուցումներ:
Ամուդի վերլուծական կենտրոնի հաշվետվության համաձայն՝ կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը ստեղծման պահից (2014թ.) մինչ օրս ապահովել են 72-76% կուտակային եկամտաբերություն (30.06.2022թ․-ի դրությամբ), որը համարժեք է ստեղծման պահից միջին տարեկան 6.8-7.0% եկամտաբերությանը՝ կախված ֆոնդի տեսակից։ Համեմատության համար պետք է նշել, որ շարքային քաղաքացիներից յուրաքանչյուրը, չունենալով ֆինանսական գիտելիքներ, կարող է զուտ ավանդադրմամբ (10-12%) ստանալ ավելի մեծ եկամտաբերություն, քան ֆոնդերի կառավարիչներն են ապահովել։
Օրինակ՝ 2022թ․ առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրվել են ֆոնդերի եկամտաբերության հետևյալ ցուցանիշները`
1․ -5.1% կայուն եկամտային ֆոնդ (AMFIX)
2․ -9.3% պահպանողական ֆոնդ (AMCON)
3․-10.4% հավասարակշռված ֆոնդ (AMBAL):
Այսինքն՝ այս տարվա ընթացքում ֆոնդերի կառավարիչը ոչ միայն եկամուտ չի ապահովել, այլ նաև կորցրել է շարքային քաղաքացիների միջոցները (վնաս է գրանցել)։
Կենտրոնական բանկի, ֆոնդերի կառավարիչների և ֆինանսաբանկային համակարգի շահերը սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք պնդում են, թե սա ժամանակավոր և ցիկլիկ երևույթ է, պետք է վերջապես հասկանան, որ սա նորմալ և հասկանալի կլիներ, երբ մարդիկ սեփական կամքով, գիտակցված իրենց գումարները հանձնեին մասնավոր ներդրումային ընկերություններին, բայց երբ պետության պարտադրանքով է այս ամենն արվում, հետևաբար, ներդրումային ռիսկի պատասխանատվությունը դարձյալ պետությունը պետք է կրի, ինչը, ցավոք, այդպես չէ։ Մարդու ապագա բարեկեցությունը չի կարող կախված լինել արժեթղթերի շուկայի տատանումներից։ Միաժամանակ, եկամուտ չապահովելով՝ ֆոնդի կառավարիչները քաղաքացիների գումարներից վերցնում են իրենց ծառայությունների համար նախատեսված պարգևավճարներ և այլ ծախսերի փոխհատուցում։ Սա անընդունելի է. սա ուղղակի պետության և քաղաքացիների միջոցների օրինականացված «թալան» է։
Եվս մեկ անգամ պետք է հիշեցնել, որ Հայաստանում 2014 թվականից հետո չի զարգացել արժեթղթերի շուկան, ֆոնդերի կառավարիչները Հայաստանում ներդրումներ կատարելու լայն ընտրություն չունեն։ Մասնավորապես՝ 2022 թվականի մայիսի դրությամբ կուտակված 503 մլրդ դրամ միջոցների 35 տոկոսը ֆոնդերի կառավարիչները ներդրել են պետական պարտատոմսերում, իսկ մոտ 22 տոկոսը ավանդադրվել է բանկերում։ Այն դեպքում, երբ այս համակարգի կողմնակիցները միաբերան հայտարարում էին, որ շուտով ունենալու ենք զարգացած բաժնետոմսերի շուկա։
Ուշագրավ է, որ համակարգի ներդրման պահին որոշված էր, որ կուտակային միջոցների 70 տոկոսը կներդրվի Հայաստանում, իսկ մնացած 30 տոկոսը կարող է ներդրվել օտարերկրյա արտարժութային ակտիվներում, մինչդեռ գործող օրենսդրության դեպքում հարաբերակցությունը փոխվել է 60։40, այսինքն՝ ավելի շատ գումար կարող է Հայաստանից հանվել։ Սա կանխատեսելի էր, քանի որ ֆոնդի կառավարիչների կողմից Հայաստանում կուտակայինի միջոցները ներդնելու տարբերակները խիստ սահմանափակ են։ Բացի այդ, նրանք եվրոպական խոշոր ներդրումային ընկերությունների քաղաքականության մասն են կազմում։
Հարկ է նաև նշել, որ Հայաստանում ֆոնդերի կառավարման շուկան՝ մրցակցային շուկա չէ․ սա դասական դուոպոլիա է (երբ գործում է երկու տնտեսվարող), որտեղ ֆոնդի կառավարիչները չեն մրցակցում ցածր պարգևավճարներ առաջադրելով կամ բարձր եկամուտներ ապահովելով: Պետության կողմից չի խրախուսվում կենսաթոշակային ակտիվների նոր կառավարիչների ի հայտ գալը՝ ո՛չ տեղական և ո՛չ էլ միջազգային:
Հետևաբար, մրցակցության և երաշխիքների բացակայության պայմաններում քիչ է հավանականությունը, որ կարող ենք ունենալ արդյունավետ գործող կենսաթոշակային մասնավոր համակարգ։
Առկա խնդիրների վերաբերյալ տեղեկացված լինելու համար առաջարկում եմ ծանոթանալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «ՄԻՖԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» թիվ 6 վերլուծությանը։
Սուրեն ՊԱՐՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ