ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը՝ ՌԴ-ի՝ ՄԽ ձեւաչափ վերադառնալու մասին
– Ադրբեջանի զինված ուժերը վերջին օրերին անընդհատ խախտում են հրադադարի ռեժիմն Արցախի, Հայաստանի ուղղությամբ սա կապ ունի՞ այն գործընթացի հետ, ըստ որի՝ համապատասխան ՀՀ պաշտոնական հայտարարությունների՝ Ալիեւ-Փաշինյան հանդիպման բանակցություններ են տարվում։
– Այդ միջադեպերն, ինքնին, արտառոց չեն՝ ադրբեջանական կողմի համար շփման գծում զինված միջադեպերի հրահրումը վարվող քաղաքականության կարեւոր բաղադրատարր է հանդիսանում նախագահ Իլհամ Ալիեւի իշխանության գալուց ի վեր, սակայն, հատկապես վերջին պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո այս մոտեցումն օգտագործվում է որպես քաղաքական շանտաժի գործուն միջոց: Տվյալ դեպքում չեմ կարող բացառել, որ վերջին միջադեպերն իսկապես կարող էին նպատակ ունենալ արագացնելու Ալիեւ-Փաշինյան հանդիպումն ադրբեջանական կողմի պարտադրած օրակարգով:
– ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաեւը հայտարարել է, որ Մոսկվան դեմ չէ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր դերակատարների ներգրավմանը, եթե նրանք գործեն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների շրջանակներում եւ առանց քողարկված ինտրիգների։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։
Կարդացեք նաև
– ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ակնարկում է, որ բոլոր այն պետություններն ու միջազգային կառույցները, որոնք կցանկանան իրենց ներդրումն ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում, պետք է ճանաչեն Մոսկվայի առաջնորդությունն այս հարցում եւ որպես հիմք ընդունեն վերջինիս ջանքերով Բաքվին ու Երեւանին հրամցված զինադադարի պայմանները: Հատկապես ուշագրավ է իրենց խաղաղարար ներդրումն ունենալու հավակնություն դրսեւորող պետություններին ուղղված՝ «առանց քողարկված ինտրիգների» գործընթացներին մասնակցելու հորդոր-պահանջը:
– Վերջին շրջանում արեւմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն շատ է սկսել մեղադրել Ռուսաստանին Մինսկի խմբի ձեւաչափն արհամարհելու, այդ ձեւաչափը տորպեդահարելու եւ Արցախի հարցը «ժողովրդավարության», «հաղորդակցությունների» եւ այլ «խաղաղ նախագծերի» տակ վերջնականապես թաղելու հարցում։ Պաշտոնական Երեւանից էլ կարծես ՌԴ-ին ՄԽ ձեւաչափ վերադառնալու կոչեր չեն հնչում։ Այստեղ վտանգներ չե՞ք տեսնում։
– Ռուսաստանին ուղղված կոչեր Երեւանն էլ է արել, բայց ի պատասխան դրանց, Մոսկվան ասել է, որ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներն են հրաժարվում ՄԽ ձեւաչափով համագործակցել ՌԴ-ի հետ: Այժմ պարզվեց, որ Մոսկվայի այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում՝ Փարիզն ու Վաշինգտոնը պատրաստ են ՌԴ ներկայացուցչի հետ համատեղ վերագործարկել ՄԽ համանախագահության գործունեությունը եւ հրապարակավ համապատասխան առաջարկն արել են ռուսական կողմին: Մոսկվան այդ առաջարկին որեւէ հոդաբաշխ պատասխան դեռեւս չի տվել՝ ոչ այո է ասում, ոչ էլ մերժում է: Տեսնենք, թե որքան է ձգձգվելու այս հարցը:
– ՔՊ-ականները, հավատարիմ մնալով իրենց դիրքորոշմանը, թե կարեւորը հայ-թուրքական սահմանը բացվի, Հայաստանն, իրենց ձեւակերպմամբ, շնչի, կարծես երկրորդական պլան են մղում Թուրքիայից հնչող այն հայտարարությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրականում եռակողմ գործընթաց է եւ ամեն ինչ համաձայնեցվում է Բաքվի հետ։ Արդյոք այս իրավիճակին ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչների մոտեցումները համարժե՞ք են։
– ՀՀ իշխող ուժի մոտեցումներն ու քաղաքական վարքագիծը համարժեք են նրա իրական պոտենցիալին ու միջազգային գործընթացների ընկալման մակարդակին: Հայկական իշխանության այս որակը պահանջված է ազդեցիկ արտաքին դերակատարների մեծ մասի կողմից եւ օգտագործվելու է Հարավային Կովկասում ու հարեւան տարածաշրջաններում մոտ ապագայում նոր ռազմաքաղաքական հավասարակշռությունը ձեւավորելուն ուղղված ջանքերի համատեքստում: Այլ հարց է, թե արդյոք այդ որակը բավարար կլինի՞ երկրի ներսում քաղաքական հավասարակշռությունն ապահովելու եւ երկիրը հավանական հարվածներից ու վայրիվերումներից զերծ պահելու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.07.2022