«Ռոմեո եւ Ջուլիետի» պրեմիերայից առաջ բլից հարցազրույց լեգենդար խորեոգրաֆ Օլեգ Վինոգրադովի հետ
– Օլեգ Միխայլովիչ, Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետը» նշանակալի դեր ունի ձեր կարիերայում, ընդ որում՝ հենց սկզբից։
– Անկասկած։ «Ռոմեո եւ Ջուլիետը» առանձնահատուկ տեղ ունի իմ կյանքում. 25 տարեկան էի, երբ Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի թատրոնում ինձ տրվեց այդ բալետը բեմադրելու հնարավորությունը։ Իսկ առաջին անգամ, նույն թատրոնում, 23 տարեկանում, արդեն բեմադրել էի Պրոկոֆեւի «Մոխրոտը»…
– Այդ տարիքում պետք էր լինել առնվազն շնորհալի բալետմայստեր, որպեսզի վստահեին։
– Ինչքան էլ ես շնորհալի, տաղանդավոր, հանճարեղ կամ չգիտեմ ինչ լինեի, մեծ նշանակություն ունեցավ հանճարեղ տնօրենի, այո՝ հանճարեղ, Սեմյոն Զելմանովի վերաբերմունքն իմ հանդեպ, ինչու ոչ՝ աջակցությունը։ Սա հենց այնպես չեմ ասում։ Հիմա ձեր թատրոնում տնօրեն է տաղանդավոր մաեստրո Կարեն Դուրգարյանը, որը երաժիշտներին, արտիստներին առաջ մղելու համար, վստահ եմ, ոչնչից չի վախենում ու պայքարում է նրանց ստեղծագործական աճի, ճանաչելի դարձնելու համար։ Պարզ մի բան. Դուրգարյանը նոր էր նշանակվել թատրոնի տնօրեն, երբ խորհրդակցելու նպատակով արտասահմանից մասնագետ հրավիրեց։ (Նկատի ունի իրեն այդ նպատակով տարեսկզբին հրավիրելը- Ս. Դ.)։ Դա ճիշտ եւ ընդունված աշխատաոճ է։
Կարդացեք նաև
– Երբ 25 տարեկանում ձեզ վստահեցին «Ռոմեո եւ Ջուլիետի» բեմադրությունը, թեեւ ինչպես ասացիք՝ դա «Մոխրոտից» հետո էր, միանգամի՞ց համաձայնեցիք։
– Իհարկե՝ այո։
– Դա ինքնավստահությո՞ւն էր։
– Չգիտեմ։ Հավանաբար ուզում էիք հարցնել՝ չվախեցա՞ք։ Ոչ, չվախեցա, թեեւ գլխումս, ճիշտն ասած, դեռեւս չկար ներկայացման ընդհանուր պատկերը։
– Հավանաբար կարդացել էիք Շեքսպիրի այս գործը, լսել նաեւ Պրոկոֆեւի երաժշտությունը… Բեմադրությանը ձեռնամուխ լինելուց առաջ ինչի՞ց սկսեցիք։
– Պաստեռնակի թարգմանությունից… Նորից ձեռքս վերցրի գիրքը, բայց այս անգամ ընթերցում էի Պրոկոֆեւի երաժշտությունը լսելով։ Չեմ սիրում, երբ ասում են՝ մեկ շնչով եմ կարդացել, բայց սա այդ դեպքն էր։ Ընթերցելուց հետո արդեն գիտեի ինչպիսին պետք է լինի ներկայացման խորեոգրաֆիան, որը իր մեջ պետք է ներառեր եւ դարաշրջանը, եւ այդ ժամանակի ինտոնացիան, եւ մթնոլորտը։
– Վստահ ենք, որ հիշում եք նաեւ պրեմիերայի օրը։ Ի՞նչ զգացողություններ ունեիք:
– Շատ լավ եմ հիշում։ Ներկայացման ավարտին հանդիսատեսի վերաբերմունքից, թատերախմբի արձագանքից զգացի, որ ինձ հաջողվել է հետաքրքիր ու դիտարժան բան անել։ Ի դեպ, պրեմիերայից միառժամանակ անց հյուրախաղերի մեկնեցինք Մոսկվա՝ «Բոլշոյ» թատրոն։ Նովոսիբիրսկի թատրոնը սկսեց շրջագայել այդ բեմադրությամբ։ «Ռոմեո եւ Ջուլիետը» բեմադրելու հրավերների տարափ էր աշխարհի շատ թատրոններից։ Դա շարունակվում է մինչ օրս։
– Ինչպես ասացիք՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» բեմադրել եք շատ թատրոններում։
– Ես զգայուն եմ ժամանակի, ոճի համապատասխանության նկատմամբ։ Ներկայացումը չի կարող լինել արխայիկ, այն պետք է լինի ժամանակակից։ Իհարկե, ինչ-որ տեղ ռեժիսուրայի, միզանսցենի տարրերը կարող են փոքր փոփոխության ենթարկվել, բայց ոչ հիմնական խորեոգրաֆիան։
– Շնորհակալություն, մաեստրո, ժամանակ տրամադրելու համար։ Հիշում ենք, որ ինչպես տարեսկզբին էիք խոստացել՝ օգոստոսի 1-ին հրավիրված ենք «Ռոմեո եւ Ջուլիետի» պրեմիերային, նաեւ ձեր ծննդյան հոբելյանին։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
30.07.2022