Ստեփանավանի մշակույթի եւ ժամանցի կենտրոնում (Ստեփան Շահումյանի տուն-թանգարան), օրը մշակութային էր, հագեցած ու հումորային: Մայրաքաղաքից ժամանած դերասանուհի Տոմա Պետրոսյանը հանդես եկավ «Տանը մնացի» մոնոներկայացմամբ: Դերասանուհին նշեց, որ եկել է Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի տնօրեն Մարգարիտ Սաքուլյանի հրավերով. «Առաջին անգամ եմ այս թանգարանում, շենք մտնելուն պես աչքս միանգամից շոյեց Ստեփան Շահումյանի մեմորիալ տնակը` «տունը տան մեջ», հաճույքով կապրեի այդ տան մեջ: Ընդհանրապես սիրում եմ հին, հնաոճ տներ` հատկապես պատշգամբի հատվածը, որը հիշեցնում էր մեր գյուղի տան պատշգամբը, որտեղ նստում եւ ինքնաեռից թեյ էի խմում»:
Տոմա Պետրոսյանի հետ Ստեփանավան էին եկել նաեւ սցենարիստ Թելման Առաքելյանը եւ դերասան Տարոն (Պոնչ) Իսպիրյանը: Վերջինս նույնպես տպավորված էր Ստեփանավանով: Նա զրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի տարբեր մարզերում խաղացած ներկայացումներին եւ հյուրախաղերին:
«Երեւանում այնքան շատ ինֆորմացիա կա, իսկ արդարությունը այն տեղերում է, որտեղ մարդիկ քիչ են հեռուստացույց դիտում, քիչ են անիմաստ ինֆորմացիայով լցվում, դրա համար մենք ավելի մեծ ոգեւորությամբ ենք գալիս եւ ուրախացնում մարզերի բնակիչներին»,-ասաց նա:
Միջոցառման օրը Ստեփանավանի մշակույթի եւ ժամանցի կենտրոնի դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը տպավորված էր: Ստեփանավանցիները հյուրերին ճանապարհեցին` ակնկալելով նոր հանդիպումներ: Իսկ թանգարանի աշխատակազմը՝ ի դեմս տնօրեն Մարգարիտ Սաքուլյանի, խոստացավ մշակութային շատ միջոցառումներ ու նոր հանդիպումներ:
Մարիաննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
30.07.2022