Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» անդրանիկ համարը՝ «Բարի լույս, ժողովուրդ». 1994 թվականի օգոստոսի 2

Օգոստոս 01,2022 10:00

«Ահա եւ առաջին համարն «Առավոտ» օրաթերթի, որի ծննդի մասին արդեն տեղյակ եք լրատվական միջոցներից:

-Ո՞ւմ թերթն է,- կհարցնի քաղաքական խաղերից հազար անգամ խաբված ընթերցողը: Պարզ ու բարձրաձայն, մտախոհ ընթերցողի աչքերի մեջ նայելով, հայտարարում ենք. «Առավոտը» այն մարդկանց թերթն է, ովքեր ուղիներ են փնտրում Հանրապետությունը տնտեսական ծանր վիճակից հանելու համար: «Առավոտը» այն «սրահն» է, որտեղ կարող են կարծիքներ փոխանակել արտերկրի հետ տնտեսական կապեր ապահովող արդյունաբերողը, մեծ շուկայի արտադրանք թողարկող ձեռնարկության տնօրենը, ընդերքն ուսումնասիրող գիտնականը, ասելիք ունեցող բժիշկը: Բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց մեջ զգում են ժողովրդի ցավը եւ կարող են ինչ-որ բանով օգնել նրան: Ովքեր խելոք են խաչուղիներում թախծող խորհրդատու ծերունիների չափ, ու նաեւ ընդունակ ու պատրաստ անձամբ իրագործելու սեփական խորհուրդները: Թե չէ պարզապես բարի խորհուրդներով ոչնչի չենք հասնի:

«Առավոտը» չի պատկանում ոչ մի կուսակցության եւ չի կատարում ոչ մեկի քաղաքական պատվերը: Թերթի ծնունդը տերեւի ծնունդ չէ, հարկ է եղել խորհրդակցել պաշտոնատար եւ ոչ պաշտոնատար անձանց հետ, խնդրել բարոյական աջակցություն, բայց՝ չպարտավորվելով փոխարենը դառնալ որեւէ մեկի «ծիրանի փողը»: Հրապարակներում իշխանությունն ու ընդդիմությունը, հակամետ քաղաքական ուժերը թող որքան ուզեն թույն շաղ տան միմյանց վրա. ոչ մի ցայտ չի ընկնի «Առավոտի» էջերին: Նա քաղաքական կյանքին կանդրադառնա պարզապես նույն ժամանակի մեջ ապրողին պատշաճ արձագանքով եւ նրա ընթացքին կխառնվի միայն դեպքերում, երբ հարկ կլինի որեւէ ճառասացի (անկախ պատկանելությունից) հիշեցնել իր երբեմնի խոստումները կամ մեջբերել ճշմարտություններ, որոնք ինչ-ինչ առումներով, համենայնդեպս՝ ոչ ազգասիրական նպատակներով, շրջանցվում, մոռացվում են նրա կողմից: Իսկ ընդհանրապես մտածող ամեն ոք թերթի էջերում կարող է ազատ արտահայտել իր քաղաքական գաղափարը: «Առավոտի» այս առաջին անվճար համարը նպատակ ունի օրաթերթային հերթականության անցնելուց առաջ լսել եւ ընդունել ընթերցող ժողովրդի կարծիքն ու խորհուրդները՝ իր գործունեության ընթացքում դրանցով առաջնորդվելու համար: Դա «Առավոտին» շատ կօգնի ճիշտ եւ ժամանակին կայանալու: Ուրեմն սպասում ենք ձեր այցելություններին կամ հեռախոսազանգերին: Հուսով ենք՝ դրանք շուտ կլինեն, եւ առաջիկա օրերին թերթը կկարողանա անցնել ամենօրյա հրատարակության: Հարգանքով՝ «Առավոտի» խմբագրական խորհուրդ: Ժամանակավոր հեռախոս՝ 58-23-12»:

Ովքեր են տպագրվել անդրանիկ համարում. ներկայացնում ենք նրանց հրապարակումներից ծաղկաքաղ

«Արցախը վախկոտների երկիր չէ», «Առավոտի» զրուցակիցն է Ստեփանակերտի քաղաքագլուխ Սերգեյ Միրլոյանը, Կ. Տեր-Դանիելյան, սեփ. թղթ.

Ստեփանակերտում լրիվությամբ կամ մասնակիորեն ավերվել են 756 առանձնատուն, 480 բնակարան, ինչպես նաեւ ժողկրթության համակարգի 15, առողջապահական 6, արտադրական բնույթի 8 շինություն եւ այլն։ Արդեն վերականգնվել ու վերանորոգվել են պետական բնակֆոնդի 60 տոկոսը, բժշկական 3 շինություն, դպրոցական շենքերի վերանորոգման աշխատանքները կձգտենք ավարտել նոր ուսումնականի շեմին, որից հետո ձեռնամուխ կլինենք նախադպրոցական հիմնարկների վերականգնմանը։ Միաժամանակ բարենորոգման զգալի աշխատանքներ են տարվել քաղաքի փողոցներում: Մտահոգիչ է, սակայն, ավերված առանձնատների հարցը։ Դեռեւս անցյալ տարի անօթեւան մնացած 43 ընտանիքի դրամական որոշակի օգնություն է տրվել, հոգացել ենք 15 զոհված ազատամարտիկների՝ հիմնովին ավերված տների վերակառուցման ծախսերը, առանձին ընտանիքների 20 տարով անտոկոս վարկ է տրամադրվել՝ երկրորդ տասնամյակում այն մարելու պայմանով, բայց եւ այնպես, այդքանը բավարար համարել չի կարելի: Ամեն ինչ իր հունի մեջ կմտնի պատերազմի ավարտից հետո, որը, իմ խորին համոզմամբ, ամենեւին էլ յոթ սարի հետեւում չէ։

«Մի՞թե դարձյալ փակուղի…». Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեւոն Մելիք- Շահնազարյանը:

– Ըստ Ձեզ, ինչպիսի՞ կարգավիճակ կստանա Լեռնային Ղարաբաղը։

– Ճիշտն ասած, այդ հարցը շատերն են տալիս, անգամ՝ պաշտոնատար անձինք, եւ այն միշտ էլ ինձ զարմացնում է։ Արցախի կարգավիճակն արդեն տվել է ինքը՝ նրա ժողովուրդը, 1991 թ. սեպտեմբերին հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ-ն անկախ հանրապետություն է, ինքնիշխան պետություն: Եվ մենք մեր դիվանագիտությամբ, մեր բանակով պետք է հաստատենք այդ անկախությունն ու ինքնուրույնությունը։ ԼՂՀ-ն անկախ պետություն է, ըստ իս, այդպիսին էլ կմնա երկար տարիներ։ Իմ անձնական կարծիքն ու երաշխիքն է՝ Արցախը տեսնել մայր Հայաստանի գրկում, Հայաստանի Հանրապետության կազմում։

«Անհարազատ արյունը». Մարգո Ղուկասյան

Բժիշկ Միրզա Ավագյանի հոբելյանն էր, 100-ամյակը։ Երեկոյի ընթացքում նրա հետ աշխատողները հուշեր էին պատմում։ Հատկապես մեկի պատմածը տպավորվել է իմ մեջ։ 1936 կամ 37 թվականն էր։ Ավագյանի կլինիկայում բուժվում էր մի վարդապետ։ Անհրաժեշտ էր նրան արյուն ներարկել։ Արյունը վերցնում են մի երիտասարդից։ Մի երկու օր անց կոմերիտականն իմանում է, որ իր արյունը ներարկել են վարդապետին։ Սաստիկ բարկանում է. «Ո՞վ է ձեզ թույլ տվել իմ արյունը սրսկել դասակարգային թշնամուն։ Հանեք, ինչպես ուզում եք»։ Լուրը հասնում է վարդապետին։ Նա էլ իր հերթին է զայրանում։ «Դուք լինեք ու իմ սուրբ արյունը պղծե՞ք։ Ձեզ ով թույլ տվեց ոմն կոմերիտականի արյունը սրսկել ինձ»:

«Մենք իշխանություն փոխելու փորձ ունենք…». Արթուր Ղարագյոզյան

ԱԺՄ համագումար: Շավարշ Քոչարյանը բացառել է հանրահավաքների հետեւանքով քաղաքացիական պատերազմի բռնկումը, իսկ Դավիթ Վարդանյանը նույն մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ եթե իշխանությունները գնան առճակատման, ապա իրենք պատրաստ են դրան։ Սեյրան Ավագյանը հայտարարեց, թե շարժումը կայացել է։ Մնում է ենթադրել, որ երկրորդ փուլի ավարտից հետո անցում կկատարվի երրորդ՝ իշխանության անցնելու փուլին։ Սակայն ի՞նչ երաշխիքներ կան, որ նույն մարդիկ, երկրորդ անգամ անցնելով իշխանության գլուխ, հանրապետությունը դուրս կբերեն տնտեսական ճգնաժամից։ Կուսակցությունների դիրքորոշումը: Առայժմ մյուս ընդդիմադիր կուսակցությունները չեզոքություն՝ են պահպանում։ Դիրքորոշման ամենաանորոշ օրինակը տվեց ՀՅԴ-ն, հայտարարելով, որ ներկայացվող մեղադրանքներում իրենց չափաբաժինն ունեն նաեւ ԱԺՄ անդամները։ Եթե նրանք բարձրաձայն խոստովանեն դա եւ բացեն իրենց խաղաքարտերը, ապա չի բացառվում միությունը։

«Հակոբականներ», Սասունիկ Թորոսյան

Համարյա ասացի, որ այսօրվա ընդդիմադիրները ոչ միայն կռվազան, այլեւ սխալ բառ ասող տղերք են։ Նրանց կռիվը ինձ համար չէ եւ իմ կռիվը չէ։ Իսկ ես անձնական կռիվների ականատես լինելու ոչ տրամադրություն ունեմ, ոչ էլ ժամանակ։ Ես այսօր, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, որ երեկ դատապարտված էր ընդհանրապես հայրենասեր լինելու՝ ձեռքերը շղթայված, քաղաքացի դառնալու ընթացքի մեջ եմ: Խնդրում եմ, տղերք, ինձ չխանգարեք։ Խնդրում եմ նաեւ, որ չստիպեք ղեկավարները զբաղվեն միայն ինքնապաշտպանությամբ։ Թողեք նրանք իրենց գործն անեն։ Այսօր ընդդիմությունը շատ է խակ, շատ է կիսագրագետ, շատ է ոչ պիտո, շատ է կուսակցականորեն անձնական, հետեւաբար՝ պստլիկ, հետեւաբար՝ հակոբական, այսինքն՝ ուզում է անդրանիկությունը, նույնն է թե՝ ավագությունը գողանալ։ Միեւնույն է՝ կույր Իսահակը ասելու է. «Ձայնը Հակոբի ձայնն է, բայց ձեռքերը Եսավի ձեռքերն են»։

«Հայրիկ, ո՞վ է… քանդել երկաթուղին», Լ. Մեհրաբյան

Ամենացածր աշխատավարձը տարեսկզբին երկաթուղում էր, մեքենավարը ստանում է 130 դրամ, նվազագույն միջինից ցածր։ Որակյալ կադրերի 40 տոկոսը հեռացել է։ Ուղեւորափոխադրումը, որն այսօր հայկական երկաթուղու հիմնական գործն է, խիստ վնասաբեր է։ Փաստորեն, երկաթուղին այսօր աշխատում է իր կարողության 10 տոկոսի չափով, ճիշտ է, ծառայում է մեզ, բայց վաստակածը հանձնում է «Հայէներգոյին», մի քիչ էլ աշխատավարձ է տալիս երեք անգամ փոքրացած կոլեկտիվին, այսինքն` մոտ 400 մարդու, եւ մի քիչ էլ վառելիք գնում։ Քանի որ 1993 թվականը փակվել է 60 միլիոն վնասով, ուրեմն՝ այսօր ստացածը վնասն էլ չի հատուցում։ Հայաստանի երկաթուղու տնօրինությունը հարցը շատ սուր է դնում. եթե միջոցներ չձեռնարկվեն, մենք ընդհանրապես կկորցնենք երկաթուղին։ Իսկ երբ անհրաժեշտ լինի նորից աշխատեցնել, մեկ տասնյակից ավելի տարի պետք կլինի վերականգնելու կորցրածը։ Հայաստանի երկաթգիծը կոչվում էր ԽՍՀՄ հաղորդակցության ուղիների Անդրերկաթուղու Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Երեւանի բաժանմունք։ Եկավ մի ժամանակ, երբ մենք երկաթուղու խորհրդանիշը դարձրինք գնացքների սպասող դատարկ երկաթգծերի պատկերը։ Այսօր Նորաշենի եւ Իջեւանի ուղղությունները փակ են, աշխատում է Այրումից Հայաստան մտնող ուղին։ Հիմա հակառակ խորհրդանիշի պահանջն է մեզ հալածում:

«Եթե աղքատ ես՝ չես կարող ազատ ապրել». Ղ. Արթուրյան

Ցանկանում ենք ստեղծել «Վաճառական» բանկը, սակայն հրապարակի վրա եղած որոշումներն առայժմ թույլ չեն տալիս։ Հետո շուկա ենք ստեղծում, չունենալով Սահմանադրություն՝ հիմնական օրենք, ուր պետք է նշվի, որ սեփականությունն անձեռնմխելի է։ Հողը սեփականաշնորհվել է, բայց գործընթացը՝ խախտվել։ Մի ցավոտ հարց էլ. Երեւանում «ազատ գոտիներ» են ստեղծված, բայց Երեւանից դուրս դրամը որպես արժեք չի իմաստավորվում։ Այս մասին էլ պետք է մտածել։ Մեկ ազգ, մեկ ընտանիք ենք։ Եթե ազատ ենք, իրավունք չունենք աղքատ ապրելու:

«Դպրոցում՝ միայն նվիրյալները». «Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀ լուսավորության նախարար Հայկ Ղազարյանը. Հրաչուհի Փալանդուզյան

Դուք կարող եք մեր թերությունը համարել՝ մենք վիճակագրություն չունենք դպրոցը լքած երեխաների թվի մասին։ Ավագ դպրոցի աշակերտների մի մասը, իսկապես, հեռանում է։ Ես դա նույնիսկ բնական եմ համարում։ Շուտով ՀՀ ԳԽ-ը կընդունի կրթության հիմնադրույթների մասին օրենքը, որը պարտադիր ուսումը կսահմանի մինչեւ 8-րդ դասարանը, որից հետո աշակերտն ազատ է։ Սա է ճիշտը, թեկուզ ես համոզված եմ, որ այս պայմաններում, սոցիալական նկատառումներով պետք է ամեն ինչ անել՝ նրանց դպրոցում պահելու համար:

«Բատրակն ի՞նչ իմանա՝ կուլակն ինչպես է ծնվում». Սարմեն Ղահրամանյան

Հայոց հողը, ինչքան էլ բերրի, հոգնած հող է։ Եվ այս հողի վրա որեւէ բույս աճեցնելու համար անհրաժեշտ է քնահարամ բժշկի բծախնդրությամբ օր ու գիշեր բույսի թարմությունը պահող ու բերքատվությունը բարձրացնող պարարտանյութ սրսկել… Եվ նույնքան էլ թունանյութեր՝ կրծող, ոչնչացնող միջատների դեմ։ Իսկ Հայաստանում պարարտանյութերն ու թունանյութերը շատ թանկ արժեն եւ, կարծում եմ, վերջերս հեռուստահարցազրույցի ժամանակ շատ տեղին էր նախարարներից մեկի խայթող խոսքը կառավարական որոշման այն կետի մասին, ըստ որի՝ մեկ անձին թույլատրվում է Հայաստան ներմուծել ընդամենը 7 կգ պարարտանյութ։ Որոշման այս հեղինակը մեր այս հողի վրա չի՞ կանգնած, ի՞նչ է:

«Լավատես Սամվել Սեւադան». Մարգո Ղուկասյան

Հոգով մանկավարժ է Սեւադան։ Դեռ այն ժամանակ, երբ Աբովյան քաղաքում էր ապրում, 25 տարեկան ընդամենը, նկարչական դպրոց էր հիմնել (120 աշակերտով): Հիմա էլ Լոս Անջելեսում է դպրոց բացել։ Նպատակը՝ օտար հողում հայ երեխաների մեջ արթնացնել ու պահպանել հայկական ոգին։ «Դրա կարիքը թե ես ունեի, թե երեխաները»։ Աշակերտներդ ովքե՞ր են, որտեղի՞ ծնունդ։ Պարզվում է, պարսկահայեր են, բեյրութահայեր, Ամերիկայում ծնվածներ, հայաստանցիներ… Շատերին խոսել է սովորեցնում, կան, որ հայտնագործում են իրենց արմատները:

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031